Լրահոս
Օրվա լրահոսը

«Նուրին» մոդայիկ չէ

Նոյեմբեր 27,2008 00:00

Հայ երեխաների ծնողները գերադասում են էժանագին «բարբիներով» ուրախացնել իրենց զավակներին

Չորսամյա Բելլան խաղալիքներ շատ ունի: «Կռիվ-կռիվ եմ խաղում, լիքը տանկեր ու «պիստալետներ» ունեմ»,- ասում է նա: Բելլայի նախասիրությունները մտածելու տեղիք են տալիս… Սիլվին շիկահեր է, կապույտ աչքերով եւ մոդելի կառուցվածքով, բայց պլաստմասսայե է: Փոքրիկ Անահիտը այս «բարբիին» իր մյուս խաղալիքներից շատ է սիրում: «Որ մեծանամ՝ ուզում եմ տիկնիկիս նման սիրուն լինել»,- ասում է նա:

Վեցամյա Անահիտը մեղավոր չէ, որ միջազգային տարածում գտած «բարբիներից» ու «սինդիներից» բացի, այլ տիկնիկներ, ասենք՝ հայկական «նուրիներ» ծնողներն իրեն չեն նվիրում: Ծնողներն այդ հալալ-զուլալ հայկական տիկնիկները միայն Վերնիսաժում կարող են գտնել, այն էլ հուշանվերի կարգավիճակով: Մի հանգամանք եւս. «նուրիները» այնքան մատչելի չեն, ինչքան «բարբիները»:

Արդեն քսան տարի է, ինչ նախկին ճարտարապետ-քանդակագործ, ճարտարապետություն դասավանդող վարպետ Սիփանը (այդպես են նրան դիմում) «նուրիներ» է պատրաստում եւ Վերնիսաժում վաճառում:

«Մի անգամ ռուսական ալիքներից մեկով ճապոնական տիկնիկների ցուցահանդես էին ցույց տալիս: Նայեցի ու մտածեցի՝ ինչո՞ւ մենք էլ հայկական տիկնիկների ցուցահանդես չանենք»,- իր սկսած գործի նախապատմությունն է պարզաբանում վարպետը: Եվ սկսվեց հետաքննությունը. նա այցելում է Հայաստանի բոլոր թանգարանները, «փորփրում» «նուրիների» մասին տեղեկություններ պարունակող նյութեր: Արդյունքը լինում է այն, որ 1995 թվականին հայկական «նուրիների» մի մեծ հավաքածու տանում են Ֆրանսիա՝ Փարիզում, Լիոնում եւ Մարսելում ցուցադրելու: Հաջողություննե՞ր. իհարկե, մեր ազգային տիկնիկները ֆրանսիացիներին շատ են հետաքրքրում: Եվ պատահական չէ, որ իր երկու՝ մեծ չափերի «նուրիներն» այժմ գտնվում են ֆրանսիական թանգարաններից մեկում: Նա տեղեկացրեց, որ հայկական տիկնիկները մոտ 200 տարվա պատմություն ունեն, տարածված են եղել հատկապես Իգդիրում, Վանում եւ Կարսում: «Նուրիների» համար որպես հագուստ ծառայել է հին կարպետը:

«Մեր մամիկները հին կարպետի ու գորգի մաշված մասերը կտրել են եւ «նուրիի» շորերը սարքել: Մեջը բամբակ են լցրել, կաշվե չարուխներ հագցրել: Յուրաքանչյուր շրջանի ու քաղաքի «նուրին» տարբերվել է իր դիմագծերով, տարազի գույներով, օրինակ՝ Վանի «նուրիների» ճակատներին ոսկե կոպեկներ են կապել եւ ապարանջան գցել»,- պատմում է վարպետ Սիփանը՝ ավելացնելով, որ երեխաները խաղալիս նաեւ երգել են «նուրիի» երգը. «Նուրին, նուրին եկել ա/ Շալե շապիկ հագել ա/ Կարմիր գոտին կապել ա/ Նուրին, նուրին ի՞նչ կուզե/ Երկնքից գաթա կուզե…/:

Երեխաները գաթայի փոխարեն ինչ ցանկացել, այն էլ խնդրել են: Տատիկներն էլ, գործերը թողած, «նուրիի» «ուզած» գաթան են պատրաստել: Վարդավառի օրը մարդիկ «նուրիից» անձրեւ են խնդրել, որ բերքատվությունը բարձրանա: Այդ պատճառով «նուրին» երբեմն կոչել են անձրեւի տիկնիկ:

Վարպետ Սիփանի «նուրիների» տարազներում գերակշռում է կարմիր թելը: «Մի «նուրին» երկու շաբաթում եմ պատրաստում. մի շաբաթ հատուկ ասեղով, մաքուր հայկական թելերով գործում եմ կարպետը, պատրաստում հյուսքերը: Միջին չափերի «նուրին» 4500 դրամ արժե, մեծերը՝ 35.000- 40.000 դրամ: Կան նաեւ շատ փոքրերը, որոնք հազար դրամով կարելի է ձեռք բերել»,- ասում է նա:

Գնորդները հիմնականում սփյուռքահայերն ու արտասահմանցիներն են, որոնց «նուրին» հետաքրքրում է որպես հուշանվեր: «Ափսոս, մեր երեխաների համար «նուրին» վաղուց չի գալիս ու չի երգում»,- ասում է վարպետ Սիփանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել