Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏՈՐՊԵԴՈՆԵՐ ԻՆՁ ՀԱՐԿԱՎՈՐ ՉԵՆ»

Նոյեմբեր 27,2008 00:00

Ասում է մոդել Մարիկա Թունյանը

1990-ականներից, չնայած իր սուղ ու սահմանափակ հնարավորություններին կամ համապատասխան քաղաքականության բացակայությանը, Հայաստանը հայտարարեց իր մոդելային ու շոու-բիզնեսի մասին: Մեր զրուցակիցն էլ այդ ոլորտից է՝ մասնագիտությամբ իրավաբան, մոդել Մարիկա Թունյանը, որը 2007թ. Չինաստանում անցկացված «Աշխարհի գեղեցկուհի» մրցույթին արժանացել է «Յուրատեսակ գեղեցկուհի» մրցանակին: Նա մի ժամանակահատված աշխատել է Ճապոնիայում եւ Չինաստանում: Վերջերս ավարտված «Հայկական ջազ-70» փառատոնի (որին մասնակցում էին համաշխարհային մեծության աստղեր) շրջանակներում կազմակերպված ցուցադրությունն էլ Մարիկան բացեց ու փակեց: Ի դեպ, Արեւմուտքում մոդելային բիզնեսում գոյություն ունի «առաջին դեմք» հասկացություն, որը բացում ու փակում է ցուցադրությունը, ու հանդիսատեսն այդ «անոնսից» ենթադրում է, թե ինչ է սպասվում իրեն ողջ շոուի ընթացքում:

«Առավոտի» հետ զրույցում Մ. Թունյանը նշեց, որ ժամանակին պայմանագրային հիմունքներով աշխատել է հայրենական «Արմմոդելս» գործակալության հետ: Մեր զրուցակիցը հայտնեց, որ գոհ է գործակալությունից ու ցավում է վերջինիս փակվելու կապակցությամբ: Առանց մանրամասնելու նաեւ ասաց, որ հայաստանյան «պոդիումում» իր միառժամանակ չերեւալու պատճառը կապված էր հենց «Արմմոդելսի» հետ:

Մարիկան, հիշեցնելով, որ հայ մոդելավորողները արդեն տարիներ շարունակ մասնակցում են Արեւմուտքում անցկացվող մրցույթներին ու զբաղեցնում պատվավոր հորիզոնականներ, նշեց, որ ինքը հաճույքով է ցուցադրում Նինա Հովնանյանի, Մարինա Մանուկյանի (վերջինս ուսանել է Վ. Զայցեւի մոտ), Արամ Նիկոլյանի, «Էլսի» նորաձեւության կենտրոնի եւ «Զատիկ» ստուդիայի, փարիզաբնակ Թառոյան եղբայրների զգեստները:

«Մոդել լինելը առավելություն չէ մյուս մասնագիտությունների համեմատ: Մոդելը ոճի կրող ու թելադրող է…»: Տարակուսանքին, թե մեզանում դեռեւս մոդելային կուլտուրա չկա, Մարիկան հայտնեց, որ ինքը երեք անգամ մասնակցել է «Մինի միսս Հայաստան» մրցույթի ժյուրիի աշխատանքներին ու նկատել, որ հայ աղջիկները ոչ միայն գեղեցկացել են, այլեւ դարձել բարձրահասակ, ինչը մոդելային բիզնեսի թիվ 1 պահանջն է:

Հայաստանում տարածված է այն պատկերացումը, որ մոդելները պետք է ունենան «տորպեդոներ», որոնք հասարակության մեջ տարբեր անուններով են՝ սիրեկան, պրոտեժե, պրոդյուսեր, հովանավոր: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է դրան վերաբերվում մեր զրուցակիցը: Մ. Թունյանը նշելով, որ արտերկրից իր վերադարձի միակ պատճառը եղել է մոր ցանկությունը, հավելեց. «Տորպեդոներ ինձ հարկավոր չեն, ավելի լավ է տղամարդ, որը կսիրի ու կհասկանա ինձ, կընդունի աշխատանքիս լրջությունը»:

Զրույցի ավարտին Մարիկան հայտնեց, որ առաջիկա իր «պոդիումը» կլինի 2009-ի սկզբին Հայաստանում լույս տեսնող «X –WISH» ամսագրի շապիկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել