Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթը Դավիթին տգետ անվանեց

Նոյեմբեր 27,2008 00:00

Կարապետիչն էլ Սերժ Սարգսյանին քծնողներին՝ օճառի գործարան

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն ու Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը երեկ «Հայելի» ակումբում խոսեցին նախագահ Սերժ Սարգսյանի ու կուսակցության ղեկավարների հավաքից, որին ներկա էին նաեւ իրենք:

Դ. Հակոբյանը ցանկացավ անդրադառնալ ոչ թե զուտ ֆորումին, այլ հայկական դիվանագիտությանը. «Բլեսկ ի նիսչիտա արմյանսկըվը դիպլամատիչեսկըվը իսկուստվա, ի արմյանսկոյ դիպլամատիչեսկոյ շկոլի… Ղարաբաղյան հարցն արդեն վուլկանիզացվել է քաղաքական թութակների կողմից ու դարձել շահատակությունների առարկա… պետք է պատմության ակունքներում փնտրենք մեր դիվանագիտական սերունդների ձախողման պատճառները»:

Տ. Կարապետյանը ՀՀ նախագահի հետ կուսակցությունների ղեկավարների հանդիպումը գնահատեց դրական, բայց ոչ թե իմաստի տեսանկյունից, այլ որպես գործընթաց. «Երկու հարց ունեի, որոնք ուղղեցի պարոն Սարգսյանին: Առաջինն այն էր, որ եթե ընթանում են գործընթացներ, դրանք պետք է ադեկվատ լինեն, չէ՞ որ Արցախի կարգավիճակն այսօր անհնար է ընդունել թեկուզ մեկ տարում: Ի՞նչ պետք է մենք անենք, իրո՞ք ճիշտ է ինչ-ինչ քայլեր ձեռնարկելը, որոնց պատասխանը կլինի միայն հինգ տարուց հետո: Նախագահից պատասխանն այդպես էլ չստացա: Հաջորդ հարցս էլ այն էր, թե ինչո՞ւ համանախագահները, մասնավորապես՝ Մեթյու Բրայզան, երբ խոսում են փախստականների վերադարձից, չեն նշում նրանց քանակը… Ինչպե՞ս կարելի է բանակցել, եթե քանակը հայտնի չէ ու մեր կողմից էլ նման հարց չի բարձրացված: Սրա պատասխանն էլ չստացա ու անբավարար մնացի, գուցե վերջում էի նստած, նաեւ դրանից էր…»:

Լրագրողների այն դիտարկմանը, թե ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը Դավիթ Հակոբյանի մասին բացասաբար է արտահայտվել, ասելով, թե հավաքին մեկը պետք է լիներ, որ ուրախացներ, իսկ Գալուստ Սահակյանն էլ իրեն անվանել է քաղաքական իմպոտենցիայով տառապող, Հայաստանի գլխավոր մարքսիստը նշեց. «Երբ քաղաքական գործիչները տգետ են ու տխմար, անմիջապես դիմում են հոգեբանական տեռորի ոճին: Ինչպես կասեր Սայաթ-Նովան՝ խելքդ հիմարին բաբ մի արա: Այնպես որ, ես բաբ չեմ անում»: Մարքսիստը նաեւ տեղեկացրեց. «Ֆորումի հաջորդ օրը հանդիպեցի Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, որտեղ նա հայտարարեց, որ իմ այցի մասին նախօրոք քաջատեղյակ էր ու ինձ տվել էր ազատ մանեւրելու հնարավորություն, ու իրենց անհրաժեշտ էր ինֆորմացիա՝ կ ռազմիշլենիու: Մի խոսքով, ընդդիմության գաղափարական հրետանու ներկայությունն այդ հավաքում անհրաժեշտություն էր: Ցավոք, որոշ հիմարիկ ուղեղիկներ ընդդիմությունը հասկանում են իբրեւ խռովյալ հոգիների եւ ռեւանշիստների ոհմակ»:

Դ. Հակոբյանը գովեց Ս. Սարգսյանին եւ կարեւորեց հավաքը. «Այսօր, երբ նախագահն ու իշխանությունները գտնվում են դիվանագիտական ցայտնոտի մեջ, օտարերկրյա դիվանագիտական ավազակների հոգեբանական ճնշման տակ, պարտավոր էինք նախագահին, իշխանություններին թարմ ու փարթամ միտք, դիվանագիտական առատ դոկտրինա հաղորդելու: Սերժ Ազատիչն իրեն շատ խոհեմ ու համեստ պահեց, բարձր քաղաքական կուլտուրայով, լսելու կարողությամբ… Նախագահն ինձ խոսելու համար ութ րոպե տվեց, այն դեպքում, երբ բոլորը երեք րոպե պետք է խոսեին»: Դիտարկմանն էլ՝ մի՞թե քաղաքական բարձր կուլտուրայի դրսեւորում է նաեւ այն, որ նախագահը ձեզ հետ «արայով» է խոսել, Դ. Հակոբյանը պատասխանեց. «Խոսքը գնում է նրա անմիջականության ու մարդամոտության մասին: Նախագահն ամեն ինչ ասելու իրավունք ունի: Նա ազգի ամբողջ քաղաքական դիմանկարն է, հնարավոր է արտահայտություններում ինչ-ինչ սայթաքումներ լինեն: Մենք «պրեսսային» հանել էինք, որ ազատ, անմիջական մթնոլորտ ստեղծվի, ու անգամ նախագահի մուտքի, ելքի ժամանակ ոտքի չկանգնեցինք»:

Կարապետիչն էլ ասաց, թե նախագահի ու «վոժդի» միջեւ տարբերություն կա, նախագահը չի կարող լինել «վոժդ», «վոժդն» էլ նախագահ. «Հավաքի ժամանակ ինձ դուր չեկան որոշ նախկին ընդդիմադիր գործիչներ, նրանք դարձել էին օճառի գործարանի տնօրեն, նախագահն էլ օգտվում էր դրանցից»:

Անդրադառնալով մարտի 1-ի հայտնի դեպքերին ու շրջանառվող այն լուրերին, թե դեպքի վայրում դիպուկահար է եղել, Տ. Կարապետյանն ասաց, որ հենց այնպես ոչինչ չեն խոսում, իսկ Դ. Հակոբյանը հավելեց. «Տոտ, կատոռի պադնիմայետ ռուկու նա սոբստվեննի նառոդ, տոտ նի վեռնի պյոս»:

Տ. Կարապետյանը խոսելով արցախյան հիմնահարցի մասին՝ ասաց, որ եթե ցանկանում են զիջել հողերը, ապա դա ծայրահեղություն է՝ կամ պետք է բանակցեն, կամ ո՛չ, թե չէ՝ այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, որ բանակցում են, բայց արդյունքները չեն երեւում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել