Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՍԱԽՈՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ՝ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ

Նոյեմբեր 27,2008 00:00

Ծանր է նախկին պատգամավորի հարազատ լինելը

Վերջերս Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, ուր շարունակվում էր ԵՊՀ դասախոս Ավետիս Սադոյանի հայցի քննությունն իր հորեղբոր՝ ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանի դեմ, վերջինիս հայտարարեց, թե դատարան կներկայացնի Ավետիսի դեմ հարուցված քրեական գործի մասին որոշումը: Իսկ դա նշանակում էր, որ հայցի քննությունը կկասեցվի: Նիստից հետո Ավետիս Սադոյանը «Առավոտին» հայտնեց, թե նման քրեական գործ չկա եւ դա հորեղբոր ցանկությունն է: Երեկ տեղեկացանք, որ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի կողմից Ավետիս Սադոյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

ԵՊՀ դասախոսը դիմել է հանրապետ ության նախագահին: Նա իր եւ հորեղբոր դատական վեճի հետ կապված (որը քրեական գործ հարուցելու շարժառիթներից մեկն է համարում) գրում է. «Օգտագործելով նախկինում իր պաշտոնեական դիրքն ու կապերը՝ նա ամենաանամոթաբար ձեւով ոտնահարում է իմ եւ իմ մոր իրավունքները, խլում մեր սեփականություն հանդիսացող տան բաժնեմասը, որից օգտվել ենք 30 տարուց ավելի, չի ենթարկվում դատարանի, քաղաքաշինության նախարարության, թաղապետարանի կայացրած որոշումներին՝ կանգնեցնել շինարարությունը, որի արդյունքում մենք այսօր մնացել ենք անօթեւան, չենք կարողանում մուտք գործել մեր տուն: Մնում է զարմանալ միայն, թե ինչպես էր նա հավակնում լուծել հանրապետության առջեւ ծառացած խնդիրները, եթե իր հարազատների՝ հանգուցյալ եղբոր կնոջ եւ տղայի հետ վարվում է այսպես»:

«Մեղադրյալի» կարծիքով՝ հորեղբայրն օգտվում է «պետական օղակների եւ դատական մարմինների անթաքույց աջակցությունից»:

ԵՊՀ դասախոսը նկարագրում է 2005 թ. իր հոր՝ Արշակ Սադոյանի եղբոր մահվանից անմիջապես հետո դատական գործընթացը իր եւ մոր դեմ. ԱԺ պատգամավորը պահանջում էր, որ իրեն տրամադրվի ընդհանուր սեփականություն հանդիսացող տան ոչ թե կեսը, այլ երկու երրորդը: «Պարզվում է, որ Արշակ Սադոյանը դեպուտատ դառնալուց հետո, 1991 թ. նոտարական գրասենյակից վերցրել է ժառանգության վկայական, որով իբր սեփականատերեր են համարվում երեք կողմ: Նշեմ, որ վկայականը ձեւակերպվում է ժառանգատուի՝ Արշակ Սադոյանի մոր մահից հինգ տարի հետո, այն պարագայում, երբ ժառանգատուի մահից հետո մեկ տարվա ընթացքում արդեն ձեւակերպված է եղել ժառանգություն, որտեղ ոչ մի խոսք չի գնացել տունը երեք մասի բաժանելու վերաբերյալ: Այս ժառանգության վկայականի ստահոդությունը երեւում է անզեն աչքով: Հայրս՝ սկսած 1988 թվականից, սումգայիթյան դեպքերից հետո ստորագրում էր միայն հայերեն, իսկ նոտարական գործում ստորագրությունները ռուսերեն են, այդ թվում նաեւ՝ գործի հիմնական փաստաթուղթ հանդիսացող համաձայնագիրը, որում իբր հայրս՝ Արշակ Սադոյանի եղբայրը, համաձայնվում է, որ մյուս կողմն էլ ճանաչվի ժառանգ, քանի որ նա բաց է թողել վեցամսյա ժամկետը:

Նշեմ, որ տունը երեսուն տարուց ավելի բաժանված է եղել երկու մասի, օգտագործել ենք մենք՝ Արշակ Սադոյանի հետ համատեղ»,- հավելում է նամակագիրը:

Ավետիս Սադոյանը տեղեկացնում է, որ դիմել են դատարան՝ վերացնելու անօրինական ժառանգության փաստաթուղթը, բայց դատարանը (դատավոր՝ Սամվել Թադեւոսյան) կիրառել է հայցային վաղեմություն:

«Եվ վերաքննիչ, եւ վճռաբեկ դատարաններում գերադասում էին հարգել նախկին պատգամավորի խնդրանքը, քան թե հետեւել Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Դիմել եմ նաեւ իրավապահ մարմիններին՝ դատախազությանը, բայց՝ ապարդյուն: Սակայն իրավապահ մարմինները, օրենքով առաջնորդվելու փոխարեն, առաջնորդվում են Արշակ Սադոյանի «հովանավորողների» թելադրանքով: Ավելին, նրանք մտացածին քրեական հետապնդում են սկսել իմ նկատմամբ եւ ցանկանում են այդ լծակի միջոցով լռեցնել ինձ, որպեսզի Արշակ Սադոյանը կարողանա ավարտին հասցնել իր սեւ գործը»,- նշում է նա:

«Զավեշտը հասել է այն աստիճանի, որ ինձ՝ Երեւանի պետական համալսարանի դասախոսին, մեղադրում են ծեծի, մարդասպանության փորձի մեջ: Դասավանդում եմ Երեւանի պետական համալսարանում ավելի քան 15 տարի, ուրեմն այսքան ժամանակ ես եղել եմ թաքնված մարդասպա՞ն, լավ քողարկված հանցագո՞րծ, եւ համալսարանի ողջ կոլեկտիվից ոչ մեկն էլ չի նկատել իմ քրեական հակումները, վստահել է ինձ մատաղ սերնդի դաստիարակությունը, իսկ հիմա, երբ Արշակ Սադոյանը որոշել է տիրանալ մեր սեփականության բաժնեմասին, ես հանկարծ դարձել եմ հանցագո՞րծ: Արդյոք սա՞ է քննչական մարմինների որդեգրած գործելակերպը: Գնա հաշտվիր հորեղբորդ հետ, ետ վերցրու դատարանում քննվող 6 գործերը, թույլ տուր նա ավարտի շինարարությունը, եւ մենք գործը կփակենք՝ ասում է գործը վարող քննիչը»,- տեղեկացնում է Ա. Սադոյանը:

ՀՀ նախագահից «հանցագործը» խնդրում է՝ հատուկ հսկողություն սահմանել քննչական մարմինների գործողությունների վրա, այդ թվում՝ թիվ 13136508 քրեական գործի նկատմամբ, «իմ բերած 18.11.

2008թ. բողոքի նկատմամբ՝ հասցեագրված ՀՀ քննչական վարչության պետ Գ. Համբարձումյանին (պատճենը 18.11.2008թ. ուղարկվել է Ձեր՝ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետին)»:

Ավետիս Սադոյանի կարծիքով (վկայակոչում է շրջանառվող լուրերը), ՀՀ նախագահի ապարատում են գտնվում նախկին դեպուտատ Արշակ Սադոյանին «հովանավորողները», ում տված ցուցումներով էլ քննչական մարմինները սկսել են իր նկատմամբ հետապնդումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել