Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչներից գաղտնի՝ սեփականացրել են

Նոյեմբեր 27,2008 00:00

Արդեն 2,5 տարի բնակիչները պայքարում են սեփական նկուղը հետ վերադարձնելու համար

«26 տարի ապրում ենք Մալաթիա-Սեբաստիա համայնքի Անդրանիկի 131 շենքում: Մեր շենքը նախկինում պատկանում էր կաբելի գործարանին, շենքի բնակիչներն էլ այդ գործարանի աշխատակիցներ են եղել: Այժմ այն համարվում է կոոպերատիվ, եւ մենք ենք մեր շենքի ծախսերը հոգում, այլ ոչ թե պետությունը: Շենքի ծախսերի համար որոշակի գումար ստանալու նպատակով, մոտ 20 տարի առաջ շենքի նկուղը վարձակալությամբ տվեցինք մի մարդու, որն այն պետք է օգտագործեր որպես կարի արհեստանոց, սակայն նա նորմալ չաշխատեց ու վարձն էլ չկարողացավ տալ: 2 տարի առաջ պարզեցինք, որ այդ մարդու կինը՝ Ռաիսա Գիլովյանը, դեռեւս 2004-ին դիմել է դատարան եւ ձեռք բերել մեր շենքի նկուղի սեփականության իրավունք, այն էլ մեր թաղապետարանի ներկայացուցչի վկայության հիման վրա: Այդ ինչպե՞ս են իրենք այդ ամենը կազմակերպել, երբ մեր շենքը թաղապետարանի հաշվեկշռում չէ, մինչեւ հիմա չենք կարողանում հասկանալ: Այդ կինը երբեւէ մեր շենքում չի բնակվել, ոչ էլ նրա ամուսինը, ինչպե՞ս կարող էր նա դառնալ մեր նկուղի սեփականատեր»,- նման բողոքով օրերս «Առավոտին» էր դիմել նույն շենքի լիազոր Հրայր Ներկարարյանը: Նրա խոսքերով՝ նման «աբսուրդ որոշում» կայացրել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանը, քանի որ Ռաիսա Գիլովյանը դատարանում ասել է, թե ինքը շենքի նկուղը վարձակալությամբ զբաղեցրել է դեռեւս 1989-ից եւ այդ ժամանակահատվածում իր հաշվին կատարել է վերանորոգման աշխատանքներ. «Դատարանն էլ համարել է, որ նա բարեխիղճ օգտագործող է, ուստի այդ գույքի նկատմամբ կարող է ձեռք բերել սեփականության իրավունք: Հետագայում էլ, գործը խճճելու նպատակով, տարածքը վաճառել է, հաջորդ գնորդն էլ մեկ այլ մարդու է վաճառել»: Դատարանի որոշումից հետո, չգիտես ինչպես, շենքի նկուղի հասցեն փոխվել է՝ դառնալով 131-ի 1ա: Մինչդեռ բնակիչները հավաստիացնում են, որ օրինական հիմունքներով իրենց պատկանող նկուղը ոչ վաճառելու, ոչ էլ հասցեն փոխելու համաձայնություն որեւէ բնակիչ չի տվել: Նշենք նաեւ, որ Ռ. Գիլովյանի՝ դատարան ներկայացրած փաստաթղթերում նույնպես չկա բնակիչների համաձայնությունը:

Դատարանի որոշման հիման վրա Կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի մասնաճյուղը Ռ. Գիլովյանին տվել է տարածքի սեփականության վկայական: Հ. Ներկարարյանի խոսքերով. «Մենք 2006-ին դիմել էինք գլխավոր դատախազություն, այնտեղից մեր դիմումն ուղարկել են Մալաթիա-Սեբաստիայի բաժին, որտեղից էլ համայնքի ոստիկանությանը հարցում է արվել, թե դատավարության ժամանակ ինչո՞ւ է թաղապետարանը որպես գույքի սեփականատեր հանդես եկել, սակայն մինչ այժմ ոչ մի պատասխան չի տրվել»: Լիազորի խոսքերով, իրենք այս հարցով դիմել են ԱԺ, կառավարություն, ՀՀ նախագահին, սակայն նրանց նկուղի հարցն այդպես էլ չի լուծվում: Բնակիչները անցյալ տարի դիմել են Մալաթիա-Սեբաստիայի առաջին ատյանի դատարան, բայց նախորդ վճիռը չի փոփոխվել: Վճռաբեկ դատարանը, սակայն, առաջին ատյանի որոշումը բեկանել է եւ գործն ուղարկել քաղաքացիական դատարան: Հ. Ներկարարյանն ասաց, որ տարեսկզբին իրենց շենքի բոլոր 56 բնակիչները մեկ- մեկ իրենց փաստաբաններով դիմել են քաղաքացիական դատարան, որն էլ որոշել է անվավեր ճանաչել 131 շենքի նկուղային հարկի 142 քմ մակերեսով տարածքի նկատմամբ Ռ. Գիլովյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաեւ առք ու վաճառքի պայմանագրերը: «Սակայն մեր սեփական նկուղն այդպես էլ չենք կարողանում հետ վերադարձնել»,- դժգոհեց Հ. Ներկարարյանը:

Այս առնչությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետարանից «Առավոտին» պարզաբանեցին, որ բազմաբնակարան շենքերի կառավարման մասին օրենքի համաձայն, նկուղային հարկերը բնակիչների ընդհանուր սեփականությունն են, ուստի այդ տարածքը պատկանում է Անդրանիկի 131 շենքին: Թաղապետարանից հայտնեցին, որ 2008-ին իրենց մեկ այլ ներկայացուցիչ դատարանում ասել է, որ այդ շենքն իրոք իրենց հաշվեկշռում չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել