Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԵՆ՝ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՈՎ

Նոյեմբեր 27,2008 00:00

ՀՀ քաղաքացիները եվրոպական երկրներում ապրելու համար փոխում են իրենց անունը, «քաղաքական հալածյալներ» են ներկայանում ու անգամ ազգությունն են ուրանում:

«Հայաստանից Բելգիա եմ տեղափոխվել մոտ 5 տարի առաջ: Էս 5 տարիների ընթացքում էնքան բանի եմ հասել, որ իմ երկրում 35 տարիների ընթացքում չեմ կարողացել ստեղծել: Փառք Աստծո, ե՛ւ աշխատանք ունեմ, ե՛ւ ավտոմեքենա, էս երկրում ընտանիքիս ամեն ինչով ապահովում եմ, սրտիս ուզածը կարողանում եմ գնել, ոչ մի բանից հետ չենք մնում: Մենակ կարոտն է խեղդում, բայց որ հիշում եմ, թե Հայաստանում ինչ տանջանքների գնով էի օրվա հացը վաստակում՝ վերադառնալու մասին էլ չեմ մտածում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանից անօրինական ճանապարհով Բելգիա մուտք գործած եւ մինչ օրս Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում բնակվող Աշոտը: Նրա ընտանիքի անդամները նույնպես կեղծ փաստաթղթերով են այդ երկիր հասել եւ մինչ օրս այս երկրում բնակվում են կեղծ անուն-ազգանունով:

Աշոտի պատմելով՝ «5 տարի առաջ դեսպանատունը (Աշոտը չցանկացավ հրապարակել, թե իր ընտանիքի «գործերը» կոնկրետ որ դեսպանատունն է սարքել- Լ. Բ.) շենգեն վիզա խփելու համար $6000 է ուզել, պարտք արեցի-տվեցի, մենք բոլորս էլ հիմա էստեղ ուրիշ մարդկանց անուն-ազգանուններով ենք ապրում: Մեր փաստաթղթերը ձեւակերպված են Ադրբեջանից արտագաղթած փախստականների անուններով: Այս երկիր մուտք գործելուն պես՝ հանձնվել ենք Բելգիայի իշխանություններին: Նախնական շրջանում մեզ տեղավորեցին փախստականների ճամբարում: Մեզ արգելված էր աշխատել, ճամբարում մեզ օրապահիկ էին տալիս, սնունդն ու հագուստով ապահովելն իրենց վրա էր, հետո փաստաթղթեր դասավորեցինք եւ ճամբարից դուրս եկանք, հիմա մենք մեր ուժերով տան վարձն էլ ենք կարողանում տալ, բարեկեցիկ էլ ապրում ենք»:

Չնայած ՀՀ իշխանությունների հավաստիացումներին, թե մեր տնտեսությունը տարեցտարի աննախադեպ աճ է արձանագրում, Հայաստանում կյանքի մակարդակը անհամեմատելի է առաջատար արեւմտյան երկրների հետ: Եվ քանի դեռ այդպես է՝ մեր երկրի հազարավոր քաղաքացիներ երազում են հայտնվել այդ երկրներում: Եվ որքան էլ մեր երկրում հատկապես շենգենյան երկրների վիզա ստանալու ընթացակարգերը խիստ բարդացված են, միեւնույն է՝ Հայաստանից արտերկիր մեկնողների թիվը չի նվազում: Այդ երազողների զգալի մասը պատրաստ է դիմել բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցներին՝ մուտքի թույլտվություն ստանալուց հետո բարեկեցիկ երկրում մնալու համար: Եվ եթե մի քանի տարի առաջ ՀՀ քաղաքացիները Ֆրանսիայում, Բելգիայում, Հոլանդիայում կամ Գերմանիայում մնալու համար եվրոպական իշխանություններին փորձում էին համոզել, որ իրենք ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեն կամ «Եհովայի վկա» են, եւ այդ պատճառով Հայաստանում իրենց կյանքն անտանելի է, ապա այսօր նման պատճառաբանություններն այնքան էլ համոզիչ չեն: «Առավոտի» հետ զրույցում Բելգիայում բնակվող որոշ հայեր պատմեցին, որ մարտի 1-ի հայտնի դեպքերից հետո բելգիական իշխանությունների համար առավել համոզիչ են «քաղաքական հետապնդումների» հիմնավորումները: Նրանց ներկայացմամբ՝ վերջերս տասնյակ հայեր դիմել են Բելգիայում միգրացիոն հարցերով զբաղվող համապատասխան կառույցին՝ հավաստիացնելով, որ իրենք մարտի 1-ի զոհերից են եւ բռնաճնշումների հետեւանքով այլեւս չեն կարողանում Հայաստանում ապրել: Տեղեկացանք, որ այդ մարդկանց թվում կան նաեւ ոստիկանության աշխատակիցներ, որոնք որեւէ առնչություն չեն ունեցել մարտիմեկյան դեպքերին: «Այստեղ բնակվող շատ հայեր այդ օրերին Հայաստանում ապրող իրենց բարեկամներին խորհուրդ էին տալիս գնալ ցույցերի եւ որքան հնարավոր է մոտ կանգնել ընդդիմության լիդերներին ու նկարահանվել: Նրանք անգամ ոստիկանությունից ու դատախազությունից կեղծ ծանուցագրեր են վերցրել, իբրեւ թե իրենք այդ գործով կանչվել են: Հետո այդ թղթերով, լուսանկարներով ու տեսաերիզներով գալիս էին ու ներկայանում բելգիական իշխանություններին՝ որպես քաղաքական հալածյալներ: Մինչդեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի իսկական թիմակիցներն այսօր Հայաստանում ձերբակալված են»,- մեզ հետ զրույցում պատմեց շուրջ 10 տարի Բրյուսելում բնակվող Անահիտը: Բելգիայի մեր աղբյուրների հավաստմամբ. «Հարյուրավոր հայեր էլ այսօր այս երկրում ապրում են ադրբեջանցիների անուն-ազգանուններով: Նրանք Բելգիա են մուտք գործել որպես Հայաստանից արտագաղթած ադրբեջանցիներ, ոմանք էլ՝ իբրեւ թե հայի հետ են ամուսնացած եղել: Նրանք ՀՀ պետական արխիվներից ձեռք են բերել նախկինում Հայաստանում բնակվող ադրբեջանցիների փաստաթղթերն ու օգտագործել»: Ոչ պաշտոնական տվյալներով, Բելգիայում մոտ 30 հազար հայ է բնակվում, որից 10 հազարը՝ անլեգալ:

«Առավոտի» հետ զրույցում Բելգիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանն ասաց, որ 2006 թ.-ից մինչ օրս այդ երկրից մոտ 1500 հայ է արտաքսվել Հայաստան: Դեսպանության հյուպատոս Վիոլետա Աղաբաբյանի տվյալներով էլ, վերջին 1 տարվա ընթացքում 10 հայ գողության համար դատապարտվել է:

Նշենք, որ մեր այցելությունը Բրյուսել՝ «Եվրոպական հարեւանության լրագրողական ցանց» կազմակերպության հրավերով էր: «Եվրոպական հարեւանության քաղաքականությունը» թեմայով սեմինարի ժամանակ տեղեկացանք, որ դեկտեմբերի 3-ին «Նոր հարեւաններ» ծրագրում ընդգրկված պետությունների համար, այդ թվում եւ Հայաստանի, համաձայնագիր է կնքվելու, որով որոշակի խավերի, մասնավորապես՝ լրագրողների, գիտնականների, ուսանողների համար կհեշտացվի շենգեն վիզայի տրամադրման կարգը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել