Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ՝ ԿՐԿՆԱԿԻ՞

Նոյեմբեր 27,2008 00:00

ԱԺ արտահերթ նիստում երեկ քննարկվեց «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը: Ըստ այդմ՝ դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով կառավարությունն առաջարկում է 2009-ի հունվարի 1-ից կրկնակի բարձրացնել ընդհանուր իրավասության դատարանի դատավորների պաշտոնային դրույքաչափը: Այն սահմանվելու է 440 հազար դրամ՝ ներկայիս 220 հազար դրամի փոխարեն: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նկատեց, թե այսպիսով դատավորները կստանան ՀՀ նախագահից ավելի բարձր աշխատավարձ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը, որը ներկայացնում էր այս օրինագիծը, նշեց, թե 2003-ի հուլիսի 1-ից ի վեր դատավորների պաշտոնային դրույքաչափերը փոփոխության չեն ենթարկվել: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը տեսակետ հայտնեց, թե սա անարդար է՝ 2003 թվականից պատգամավորների աշխատավարձն էլ երբեւէ չի բարձրացել, եւ որեւէ մեկը չի մտահոգվում դրանով:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարեց. «Կառավարությունը, համոզված չեմ, որ իսկապես մտածում է այդպես, թե աշխատավարձի այդ չափով բարձրացումը կարող է նվազեցնել կամ արմատախիլ անել ընդհանրապես կոռուպցիոն ռիսկերը»: Նրա հարցին՝ ի՞նչ ձեւով է պետությունը վերահսկելու, որ աշխատավարձի բարձրացման պայմաններում այլեւս կոռուպցիոն ռիսկերը գոնե նվազեն՝ նախարարը պատասխանեց. «Կառավարությունն այդ առումով ուղղակի լծակներ չունի դատական իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու»: Իսկ Տիգրան Թորոսյանը պարզունակ համարեց դիտարկումը, թե աշխատավարձը բարձրացնելով՝ կոռուպցիայի դեմ են պայքարում, եւ հարցրեց, թե քանի՞ դատավորի են պատժել կաշառք վերցնելու համար:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն այս նախաձեռնությունը դիտարկեց որպես երախտագիտության նշան՝ մարտի 1-ից հետո երկրում դատական խայտառակ պրոցեսների իրականացման համար:

Օրինագծի քվեարկությունը տեղի կունենա այսօր: Բացի «Ժառանգությունից», որը կառավարությանն առաջարկեց հետ տանել այս օրինագիծը՝ որեւէ խմբակցություն երեկ չհայտարարեց, թե դեմ են քվեարկելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել