Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ հողերի վերադարձի

Նոյեմբեր 27,2008 00:00

Այս նպատակով մի խումբ ազատամարտիկներ հացադուլ են արել, իսկ «Միացում» նախաձեռնությունը Հրազդանում վերջապես իրականացրել է բազմաչարչար ակցիան:

Երեկ կեսօրից Եռաբլուրում մի խումբ ազատամարտիկներ նախազգուշական հացադուլ են հայտարարել: Ավելի ուշ նրանց են միացել նաեւ մի քանի ուսանողներ: Հացադուլավորների ընդհանուր թիվը գերազանցում է 10-ը: Նրանց պահանջներն են՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ վաճառքի չհանել արյունով ազատագրված հողերը: Մինչեւ երեկո ամեն ինչ անցել է խաղաղ, սակայն երեկոյան, ժ. 20.00-ի սահմաններում, ոստիկան ներկայացած քաղաքացիական հագուստով անձինք՝ կարմիր բերետավորների ուղեկցությամբ, «առգրավել» են հացադուլավորների վրանները: Նրանք բողոքավորների հետ խոսք ու զրույցի չեն բռնվել, նրանց հետ կոպիտ չեն վարվել, նույնիսկ թույլատրել են վրանների միջից վերցնել անձնական իրերը: Հացադուլը դադարեցնելու եւ տարածքը լքելու կոչեր, սպառնալիքներ նույնպես չեն հնչեցրել: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում պատմեցին ակցիայի մասնակիցները, ոստիկանները իրենց միայն ասել են՝ «սրբավայրը մի պղծեք»: Ակցիայի մասնակիցները մտադիր են նախապես հայտարարած երեք օրերն էլ անցկացնել Եռաբլուրում: Կախված իրենց պահանջներին իշխանությունների արձագանքից՝ կհայտարարեն հետագա քայլերի մասին:

Թեեւ հացադուլավորների ակցիան ինչ-որ առումով ձախողվեց, սակայն երեկ մեկ այլ ակցիա, որը մինչ այժմ համառորեն ձախողվում էր, վերջապես կայացավ: Խոսքը «Միացում» նախաձեռնության կազմակերպած «բազմաչարչար» ակցիայի մասին է:

«Միացում» նախաձեռնության անդամները երեկ Հրազդան քաղաքում իրենց հերթական ակցիան էին կազմակերպել, որի ժամանակ նախատեսվում էր ցուցադրել Տիգրան Խզմալյանի «Արաքսից՝ Կուր, Ջավախքից՝ Արցախ» ֆիլմը, ապա հավաքվածներին ներկայացնել ԼՂՀ հարցի լուծման սեփական մոտեցումները, մանրամասնել հարցի լուծման ներկայիս հնարավոր վտանգները: Զարմանալիորեն երեկ Հրազդանի տեղական իշխանությունները չեն խոչընդոտել միջոցառման անցկացմանը: Հիշեցնենք, որ Էջմիածնում, Արմավիրում տեղական իշխանությունները իրենց ծառայությունները մատուցեցին իշխանությանը՝ խոչընդոտելով նախապես պայմանավորված միջոցառման անցկացմանը: Ոստիկանների դիմադրությանը հանդիպեց նաեւ «Միացումի»՝ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ կազմակերպված ակցիան: «Առավոտի» հետ զրույցում նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը ուրախությամբ նկատեց, որ՝ «Հայաստանում կա գոնե մի վայր, որտեղ իշխանության ենթակայությամբ չեն գործում»: Նա ասաց նաեւ, որ հավաքված մի քանի հարյուր մարդիկ հիմնականում կիսել են իրենց մտահոգությունները եւ պատրաստակամություն են հայտնել՝ իրական վտանգի դեպքում նախաձեռնության միջոցառումներին միանալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել