Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՃԱՆԿԱՐ 2009-Ի ԲՅՈՒՋԵԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ

Նոյեմբեր 27,2008 00:00

Կառավարությունը չավելացրեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պահպանման ծախսերը եւ շարունակելու է ֆինանսավորել փաստացի չգործող ՀՌԱՀ-ին:

Կառավարությունը՝ նորովի

Այս տարի կառավարությունը նոր ձեւով է ներկայացրել բյուջեի շուրջ առաջարկների վերաբերյալ իր դիրքորոշումն արտացոլող ամփոփաթերթիկը: Նորամուծությունն այն է, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ ուղղակի նշվում էր, թե խմբակցության կամ պատգամավորի առաջարկը մերժվում է՝ այս անգամ այդ բառը գործածված չէ եւ օգտագործված է «կառավարության պարզաբանումը» ձեւակերպումը: Ասենք՝ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի առաջարկին ի պատասխան՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատողների վարձատրության համար նախատեսված գումարն ավելացնել շուրջ 50%-ով, «ինչը կնպաստի աշխատակազմից կադրերի նկատվող արտահոսքի կանխմանը»՝ կառավարությունը դարձյալ նշել է այն, ինչ հանձնաժողովներում քննարկման ժամանակ ասել էր ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, թե դա հնարավոր չէ, քանի որ 2009-ին պետական կառավարման ապարատի աշխատողների աշխատավարձի բարձրացում չի նախատեսվել: Չեն ընդունվել նաեւ նվազագույն աշխատավարձը 40 հազար դրամ սահմանելու եւ մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձը 30%-ով բարձրացնելու ՀՅԴ խմբակցության պատգամավորների առաջարկները:

Եվս մի նորամուծություն է ամփոփաթերթիկում հայտնված, որտեղ առանձնացված են այն առաջարկները, որոնք խոստանում են քննարկել հաջորդ տարիների բյուջետային գործընթացների շրջանակներում: Դրանց մասին՝ վերջում:

ԱԺ-ն՝ էլի նույն ձեւով

ԱԺ պատգամավորներն էլի շարունակել են նախորդ տարիների պես փորձել ամեն մեկը բյուջեից մի «կտոր պոկել»՝ սեփական ընտրատարածքի կամ ծննդավայրի համար: «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանի առաջարկները վերաբերում են Վայոց ձորին, Առաքել Մովսիսյանի եւ Նահապետ Գեւորգյանի առաջարկները՝ Արմավիրին, Գագիկ Աբրահամյանինը՝ Մալիշկա գյուղին, Լյովա Խաչատրյանինը՝ Ապարանի Երնջատափ գյուղին եւ այլն: Հատկապես ջանասիրաբար են գործել վիրահայ պատգամավորները, որոնց առաջարկների շնորհիվ Հայաստանի 2009-ի բյուջեում գումարներ են նախատեսվել Վրաստանում գործող հայկական դպրոցների նորոգման եւ պահպանման համար: Նրանք նաեւ առաջարկել էին 20 մլն դրամ նախատեսել Ախալքալաքի շրջանում հայերեն հեռուստահաղորդումներ պատրաստելու եւ հեռարձակելու համար: Եվ կառավարությունը հարկադրված է եղել պարզաբանել. «Վրաստանի տարածքում հեռուստահաղորդումների արտադրությունը եւ հեռարձակումն իրականացվում է Վրաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան… Եվ միջազգային պրակտիկայում էլ նման նախադեպ չկա»:

ԲՀԿ-ն՝ ի պետս Աբովյանի

Առանձին անդրադարձի նյութ են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկները: Ամբողջովին ընդունված նրանց 24 առաջարկներից 19-ը վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հայրենի Կոտայքի մարզին եւ հատկապես Աբովյան քաղաքին: ԲՀԿ առաջարկի շնորհիվ, ասենք, 30 մլն դրամ է նախատեսվել Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 դպրոցի վերանորոգման համար: Զգալի գումար է նախատեսվել նաեւ Երեւանի Անանիա Շիրակացու անվան կրթահամալիրի հիմնանորոգման համար, որտեղ սովորել են պրն Ծառուկյանի զավակները: ԲՀԿ-ի ընդունված առաջարկներից մի քանիսն էլ վերաբերում են մարզադպրոցներին եւ Ֆիզկուլտ ինստիտուտին՝ այստեղ էլ իր դերն է խաղացել այն, որ կուսակցության ղեկավարը նաեւ ՀԱՕԿ-ի նախագահն է: 20 մլն դրամ էլ նախատեսվել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի շենքի վերանորոգման համար, որի ռեկտոր Արամ Իսաբեկյանը ԲՀԿ համամասնական ցուցակում էր:

Նոր միտում՝ առաջարկներում

Բյուջեն «չոր թվերի» փաստաթուղթ է: Սակայն այս անգամ այստեղ հայտնվել են զգայական շեշտադրումներ՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանի շնորհիվ: Նա իր առաջարկներն այսպես է ձեւակերպել, թե Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշեն համայնքի խմելու ջրի մատակարարման համար հարկ է հատկացնել 30 մլն դրամ, քանի որ այդ գումարը, ի շարս այլ նպատակների՝ հնարավորություն կտա իրականացնել «սոցիալական լարվածության թուլացում եւ բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացում»: Նույն կերպ նա հիմնավորել է, թե ինչու է հարկավոր Ալավերդու Մեծ Այրում համայնքում գազամատակարարման եւ ջրամատակարարման համակարգերի համար գումար հատկացնել, քանի որ դրանք «զգալիորեն կթուլացնեն սոցիալական լարվածությունն այս համայնքում»: Կառավարությունն էլ ընկրկել է նման փաստարկների առջեւ եւ ամբողջությամբ ընդունել այս առաջարկները:

Մի՛ ֆինանսավորեք ՀՌԱՀ-ին

«Ժառանգության» պատգամավորներն առաջարկել էին հաջորդ տարվա բյուջեում միջոցներ նախատեսել «ԱԺ նիստերի ժամանակ ներկա պատգամավորների թվի ֆոտոհաշվարկ կատարող սարքի գնման, տեղադրման եւ շահագործման համար»: Կառավարության համար այս առաջարկությունն ընդունելի չի եղել՝ հետեւյալ հիմնավորմամբ. «Բացակայում է գնման ենթակա առարկաների, ծառայությունների եւ աշխատանքների ֆինանսական գնահատականը»:

«Ժառանգությունը» նաեւ առաջարկել էր բյուջեի միջոցները խնայելու նպատակով 2009-ին այլեւս գումարներ չհատկացնել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին, քանի որ այն «իր կանոնադրական լիազորությունները փաստորեն չի կատարում, եւ վերջերս ընդունված օրենքով 2 տարով կասեցվել են ազատ կապուղիների համար հայտարարվող մրցույթները»: Լիովին հիմնավոր այս առաջարկը դարձյալ մերժվել է՝ օրենքից արտագրված հետեւյալ ձեւակերպումներով, թե ՀՌԱՀ-ը «հարուցում է վարչական վարույթներ եւ իրականացնում վարչական տույժերի կիրառման գործառույթներ»: Թե վերջին անգամ ե՞րբ է իրականացվել օրենքով սահմանված այդ լիազորությունը՝ կառավարությունը, բնականաբար, լռել է:

Կառավարությունը կանդրադառնա հետագայում

ԱԺ բոլոր խմբակցությունները ներկայացնող մի շարք պատգամավորներ առաջարկել են Հանրային հեռուստառադիոընկերությանը հատկացվող գումարներից 15 մլն դրամ տեղափոխել ԱԺ-ին հատկացվող գումարների շարքը, որպեսզի ԱԺ քառօրյա նիստերում հնչեցվող հայտարարությունները եւ կառավարության հետ հարցուպատասխանը հեռարձակվեն այն հեռուստաընկերության միջոցով, որը կընտրվի հրապարակային մրցույթով: Կառավարությունը ողջունելի է համարել նման մրցույթի կազմակերպումը, սակայն նպատակահարմար է գտել այս հարցին անդրադառնալ հետագայում՝ «գումարի չափի հիմնավորված հաշվարկների առկայության պայմաններում»:

Եվ երկու շատ կարեւոր առաջարկ, որոնք ամփոփաթերթիկի այն բաժնում են, որտեղ ընդգրկված են հաջորդ տարիների բյուջետային գործընթացների շրջանակներում քննարկվելիքները: Անկախ պատգամավոր Սամվել Բալասանյանն առաջարկել է կրկնապատկել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցման ծրագրով նախատեսված գումարը: Իսկ ՀՅԴ խմբակցությունն առաջարկել է ծավալել աշխատանքներ ԼՂՀ վերաբնակեցման ծրագրին համալիր աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ ու մասնավորապես «աջակցել այն քաղաքացիներին, որոնք ցանկություն կհայտնեն մշտական բնակության մեկնել ԼՂՀ»: Տեսնես հատկապես ե՞րբ դրա համար գումարներ կհատկացնեն:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել