Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԺԵԼ, ԽԼԵԼ, ՎԵՐԱԲԱՇԽԵԼ

Նոյեմբեր 27,2008 00:00

Սրանք այսօր մեր տնտեսությանը հարազատ եւ բնութագրող հատկանիշներ են

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը երեկ ահազանգել է, որ 2008թ. անցած 10 ամիսների կտրվածքով երկրի արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի ծավալները նվազել են: ՀՀ կառավարությունը մտադիր է վիճակը շտկելու համար պետական երաշխիքներ տրամադրել խոշոր ընկերություններին, փոքր եւ միջին ձեռնարկություններին՝ մատչելի վարկային միջոցներ ստանալու համար: Սրան զուգահեռ երկրի բարձրագույն իշխանությունը քաղաքական շարժառիթներով պետական եւ վարչական լծակները գործի է դրել արդյունաբերական մեծածավալ արտադրանք թողարկող, ՀՀ խոշոր հարկատուների ցանկի պատկառելի հորիզոնականում գտնվող «Բջնի» հանքային ջրերի գործարանին «ծնկի» բերելու համար, միայն այն պատճառով, որ «Բջնիի» սեփականատերը իշխանություններին այլախոհ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ու նրա ընտանիքն է: «Բջնի»-ի դեմ ոտնձգությունները սկսվել են 2008թ. հունվարից, երբ ընկերությունում կատարած ստուգումների արդյունքում «հարկայինը» եւ բնապահպանության նախարարության աշխատակիցները գտել էին, որ Բջնի գյուղից մինչեւ Չարենցավան հասնող խողովակով հոսող եւ գործարանի ընդունած ջրի հաշվիչը, իբր, սխալ տեղում է տեղադրված: Ընդ որում, սույն հաշվիչը 2005թ. ապրիլին տեղադրել, կապարակնքել էր հե՛նց այդ նախարարությունը: 2005թ. աշնանից ի վեր՝ ամեն տարի ե՛ւ «հարկայինը», ե՛ւ սույն նախարարության աշխատակիցները պարբերաբար ստուգումներ են արել «Բջնիում», տեսել են նույն հաշվիչը նույն տեղում տեղադրված եւ ստուգումներից հետո տեղեկանքներ են ներկայացրել՝ «բնօգտագործման վճարների մասով որեւէ խախտում չհայտնաբերվեց»: Իսկ 2008 թվականի հունվարին հանկարծ որոշվեց, որ խախտում կա: «Հարկայինը» չափել էր հորատանցքից դուրս եկող ջրի արագությունը եւ եզրակացրել էր, որ տարիների ընթացքում ընկերության օգտագործած ջրի գումարը՝ իր տույժ-տուգանքներով, կազմում է մոտ 4 մլրդ դրամ ($12 մլն), որը «չի վճարվել»: Ըստ «Բջնիի» իրավաբան Արա Զոհրաբյանի՝ դա ամենեւին այդպես չէ. «Վարչական դատարանում բնապահպանության նախարարության աշխատակիցը ցուցմունք տվեց, որ հաշվիչի տեղադրման տեղն ինքն է որոշել, ասաց նաեւ, որ «Բջնի», «Արզնի» եւ մյուս հանքային ջրերի գործարանների հաշվիչները եւս տեղադրվել են միեւնույն ստանդարտների հաշվառմամբ: Մենք դատարանում վկայակոչել ենք նաեւ «կամայականության արգելքի» սկզբունքի կիրառման հարցը, այսինքն՝ եթե մի անգամ եկել եւ նույն ակնոցներով նայել ես այդ փաստին, հաջորդ անգամ ակնոցներդ փոխել չես կարող»:

Այդուհանդերձ, Վարչական դատարանի ս.թ. հոկտեմբերի 10-ի վճռով հիշյալ գումարը «Բջնիից» պետք է բռնագանձվի: Ընկերությունը շուտով այս վճիռը կբողոքարկի Վճռաբեկ դատարանում: Արա Զոհրաբյանը վստահեցրեց, որ ընկերությունը նյութեր է նախապատրաստում նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմելու համար, իսկ որ ԵԴ-ում ընկերությունը գործը կշահի՝ փաստաբանը կասկած չունի:

Ինչ վերաբերում է «Բջնին» խլելու եւ այն Սերժ Սարգսյանի յուրայիններին վերաբաշխելու հնարավորությանը, ինչի մասին համառ լուրեր են շրջանառվում, ապա՝ դրան միտված քայլերը նկատելի են նաեւ փաստաբանի համար: Ըստ նրա՝ եթե նման մտադրություն կա, ապա իշխանությունները դա կարող են անել անգամ շրջանցելով օրենքները կամ օգտվելով դրանց սողանցքերից: Նրա ասելով՝ «Բջնին», որը միջազգային շուկայում էլ մեծ համբավ եւ սպառում ունի, հիմա արտերկրում էլ պրոբլեմներ ունի, բայց ընկերության գույքը «խլելը» կարող է կատարվել միայն «հարկադիրի» կողմից՝ գործարանը օտարելու միջոցով. «Ես չգիտեմ, թե այդ գործընթացն ուր կհասնի եւ ինչպիսի զարգացումներ կլինեն, որովհետեւ, ինչպես տեսնում եմ, կրքերը գնալով թեժանում են: Հիմա ԴԱՀԿ-ն ակտիվ գործունեություն է ծավալում նաեւ «Բջնի» ընկերության ու նրան պատկանող ապրանքային նշանների ձեռքբերման ուղղությամբ: Երեւի մտադիր են դա էլ վաճառել»:

Ա. Զոհրաբյանի փոխանցմամբ, այսօր «Սիլ» կոնցեռնի ընկերությունները, որպես առանձին իրավաբանական անձինք, դատարաններում առանձին-առանձին են պայքարում իրենց իրավունքների համար: «Այսօր քննարկվում է բնապահպանության նախարարության դեմ «Բջնիի» կողմից հայց ներկայացնելու հարցը: Ընկերությունը նախարարությունից կպահանջի իրենից բռնագանձվող 4 մլրդ դրամը, որովհետեւ նրա տեղադրած հաշվիչի պատճառով է գործարանը հայտնվել այս վիճակում»: Ա. Զոհրաբյանի ասելով, նաեւ «Պարես Արմենիա» ՍՊԸ-ն է մտադիր արտասահմանում դատական վարույթ սկսել «Ֆիլիպ Մորիս» ընկերության դեմ, ինչի համար պայմանագրային դրույթների խախտման եւ այլ բավարար հիմքեր կան: «Այս պահին դեռեւս Սուքիասյանները շատ քիչ, բայց հույս ունեն, որ, ի վերջո, ներպետական դատական ատյանները ողջամտություն կունենան եւ կփորձեն կանխել այս խայտառակությունը, որովհետեւ, երբ այս գործը գնա Եվրոդատարան, ճիշտ է, կարող է մի քիչ ձգձգվել, բայց այնուամենայնիվ, լուրջ խնդիրներ կարող են առաջանալ հենց ՀՀ-ի համար»,- ասաց Ա. Զոհրաբյանը: Եթե «Բջնին» ԵԴ-ում գործը շահի, բայց այդ ընթացքում սեփականատիրոջ փոփոխություն լինի, կա՞ հնարավորություն, որ ընկերությունը կարող է ետ վերադարձվել Սուքիասյաններին: Փաստաբանի ասելով՝ «եթե ԵԴ-ն որոշի, որ Սուքիասյաններին նյութական վնաս է պատճառվել, նա ուղղակի կգնահատի ընկերության կրած վնասները, այդ թվում՝ ռեալ պատճառված վնասը եւ բաց թողնված օգուտը, եւ այդ գումարը, որը, կարծում եմ, բավականին պատկառելի կլինի, ՀՀ կառավարությունից կբռնագանձվի հօգուտ Սուքիասյանների: Բայց այս ամենում մի կարեւոր փաստարկ էլ կա՝ խտրական մոտեցումը Սուքիասյաններին պատկանող ընկերությունների նկատմամբ: Իսկ դա արդեն Կոնվենցիայի լուրջ խախտում է: Նման փաստեր մենք շատ ունենք»,- վստահեցրեց Ա. Զոհրաբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել