Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՍԱԽՈՍԸ՝ ԸՆԴԴԵՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ-2

Նոյեմբեր 26,2008 00:00

Տեղեկացրել էինք, որ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման եւ գործարարության ամբիոնի նախկին վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սարգիս Ղանթարջյանն իր աշխատանքի իրավունքը փորձում է վերականգնել դատարանում: Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց լսվել Ս. Ղանթարջյանի հայցը՝ ընդդեմ ԵՊՀ-ի: Հիշեցնենք, որ 2008-ի մարտին համալսարանում կայացած տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչի ընտրությունների արդյունքում վերընտրված Ս. Ղանթարջյանի հետ ԵՊՀ-ն կնքել էր 5 տարվա պայմանագիր, իսկ երեք ամիս անց՝ լուծել այն, պատճառաբանելով պրոֆեսորի տարիքը: Նոյեմբերի 11-ին կայացած հերթական նիստի ժամանակ ԵՊՀ ներկայացուցիչ, ԵՊՀ իրավաբանական բաժնի պետ Արմեն Թադեւոսյանին հանձնարարվել էր ներկայացնել ԵՊՀ կանոնադրությունը: «Երկրորդ նիստի ժամանակ դատավորը հայտարարեց, որ գործի քննությունը վերսկսվում է, քանի որ վերջինս ծանոթ չէր ԵՊՀ կանոնադրությանն ու ընտրությունների ընթացակարգին: Ինձ հանձնարարվեց ներկայացնել ԵՊՀ կանոնագիրքն ու ամբիոնների վարիչների ընտրությունների ընթացակարգերը»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց Ա. Թադեւոսյանը: Դատավոր Գայանե Կարախանյանը հետաքրքրվեց առաջին նիստի ժամանակ ԵՊՀ ներկայացուցչի կողմից հնչեցրած տեսակետով, թե պայմանագիրը լուծարելուց առաջ ուսումնասիրվե՞լ են ամբիոնի կարգապահությունն ու ամբիոնի վարիչի ընդհանուր գործունեությունը: Ա. Թադեւոսյանն այդ մասին ասաց. «Ուսումնասիրություններ արել ենք, բայց փաստաթղթերով չեմ կարող հաստատել: Չեմ ժխտում, ամբիոնի գործունեությունից ու կարգապահությունից բողոքներ չկան ու չեն ֆիքսվել: Բայց կարծում եմ՝ կլինեն…»: Ս. Ղանթարջյանի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանն էլ շեշտեց. «Պատասխանող կողմի պատասխանները հիմնավորված չեն, «կարծում եմ»-ները շատ են, կասկածի տեղիք են տալիս: Տպավորությունս այնպիսին է, որ ընկնում են այս ու այն կողմ՝ իրականությունը խեղաթյուրելու նպատակով: Ոչ մի բողոք, ոչ մի փաստաթուղթ ամբիոնի վարիչի գործունեության դեմ՝ չկա»: Ս. Ղանթարջյանը համոզված է, որ դատարանի վճիռը հօգուտ իրեն կլինի. «Հուսամ՝ ճիշտ վճիռ կկայացնեն եւ չեն մերժի հայցս, ինչպես տնտեսագիտության ֆակուլտետի մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ Ռոբերտ Դավթյանին մերժեցին»: Դատարանի վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 5-ին, ժամը 17.30-ին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել