Լրահոս
Օրվա լրահոսը

ՈԳՈՒ ՍՈՎԸ ԵԿԵԼ Է

Նոյեմբեր 26,2008 00:00

Մեծ բանաստեղծը ի՞նչ իմանար, որ իր կանխատեսումներն այսքան շուտ իրականություն կդառնան…

Բրյուսովի անվան ինստիտուտը գերազանց ավարտած, 4 լեզվի տիրապետող, արտասահմանցի ուսանող ունեցող, արտաքինից հաճելի մի հայուհի «Շանթի» «Ով է ուզում դառնալ միլիոնատեր»-ից առաջին անգամ իմացավ, թե ով է Նար-Դոսը եւ ինչպես են անվանում նրա որդուն՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, օպերայի նշանավոր մեներգիչ Նար Հովհաննիսյանին: Ես չեմ բարձրաձայնում այդ «դասախոսի» ազգանունը, քանի որ նա բացառություն չէ եւ միգուցե ինչ-որ տեղ մեղավոր չէ, որովհետեւ նրա սերնդակիցների մեծ մասն է ոգու սով ապրում. դե, Նարից հետո ծնվածները որտեղի՞ց իմանան, թե ով է Նարը եւ նրա նման շատ շնորհալիները: Չէ՞ որ վերջին 10-15 տարիների ընթացքում հեռուստատեսությունն ու ռադիոն ոչ մի անգամ չեն հեռարձակել նրանց կատարումները: Էլ չեմ ասում, որ այսօր օպերայի եւ համալիրի շենքերը հոշոտվում են միջակության եւ անտաղանդների կողմից: Հայկոները եւ Արսենները, Արմաններն ու Շուշանները, հեռուստատեսային գողական սերիալները, անհամ կատակները ետին պլան են մղել իսկական արվեստը եւ արվեստագետներին:

Չեմ հիշում, հեռուստատեսությա՞մբ, թե՞ ռադիոյով լսեցի, որ երեխաների շրջանում հարցում են անցկացրել. երբ մեծանան՝ ի՞նչ կուզենան դառնալ: 10-ից 8-ը պատասխանել է՝ «օրենքով գող», երկուսը՝ «մլիցա»…

Մեր հերոսուհին, իհարկե, ոչ գող է դարձել, ոչ էլ ոստիկան, նշանաբան ընդունելով՝ «որքան լեզու գիտես՝ այնքան մարդ ես» հայտնի իրողությունը, տարիների քրտնաջան աշխատանքով չորս լեզու է սովորել: Բայց ավելի լավ չէ՞ր լինի՝ մի լեզու էլ պակաս սովորեր, փոխարենը իր ազգի գրին ու գրականությանը տիրապետեր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել