Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասնենք Սասուն, մտնենք Վա՞ն»

Նոյեմբեր 26,2008 00:00

Արա Պապյանն Արցախի հարցի լուծման իր տարբերակն ունի՝ հիմնված 88 տարեկան մի պայմանագրի վրա:

Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը հրապարակեց մի հայտարարություն, որը վերնագրված է՝ «Միջազգային իրավունքով Հայաստանի Հանրապետությանը վերապահված տարածքի մի մասի վրա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնման վերաբերյալ»: Սա իրավական առաջարկների այն նախագիծն է, որի մասին բարձրաձայնում էին «Միացում» ազգային նախաձեռնության անդամները: Արա Պապյանը տվյալ պարագայում հանդես է գալիս իբրեւ անկախ փորձագետ: 21 կետից բաղկացած առաջարկների հիմնական էությունը հետեւյալն է. «Վերականգնել ՀՀ ինքնիշխանությունը այն բոլոր տարածքների նկատմամբ, որոնք հայկական են եղել: Առաջնորդվել ՄԱԿ-ի իրավանախորդի՝ Ազգերի լիգայի՝ Հայաստանի սահմանները որոշող Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի անդամությամբ հանձնաժողովի 1920 թվականի փետրվարի 24-ի զեկույցի առաջարկներով, որը նախատեսում էր Հարավային Կովկասում սահմանազատումն իրականացնել ազգային տեղաբաշխման սկզբունքով: Ընդունել, որ Հարավային Կովկասում սահմանազատումն ու սահմանանշումը, ըստ Սեւրի պայմանագրի 92 հոդվածի, վերապահված է գլխավոր դաշնակից ուժերին՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, ԱՄՆ, որոնք էլ իրենց հերթին պետք է ղեկավարվեն Հայաստանի սահմանները որոշող վերոնշյալ հանձնաժողովի առաջարկած ազգային տեղաբաշխման սկզբունքով՝ հիմք ընդունելով հայ-թուրքական սահմանը որոշելու պահին եղած ժողովրդագրական իրավիճակը՝ 1920թ. 22 նոյեմբերի»: ԱՄՆ-ը նույնպես ճանաչել է նշյալ սկզբունքը՝ ներառելով այն ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի ամբողջական զեկույցի մեջ: Հղում կատարելով մայնդորֆյան Հռչակագրին, որը հարցերի լուծման հիմնական սկզբունք է վկայակոչում միջազգային իրավունքը, պարոն Պապյանը համարում է, որ հենց այդ հանձնաժողովի առաջարկները պետք է հիմք ընդունվեն, քանի որ՝ «1921 թվականին տեղի է ունեցել հանցագործություն, օկուպացվել են տարածքներ՝ բոլշեւիկների ու քեմալականների համաձայնության արդյունքում: Ռուս-թուրքական պայմանագիրը կնքող կողմերից որեւէ մեկը չի եղել միջազգային իրավունքի սուբյեկտ»: Ի դեպ, մայնդորֆյան պայմանագիրը բանախոսը համարում է գործիք, որը լավ օգտագործելու դեպքում մենք կարող ենք շահած դուրս գալ իրավիճակից. համենայնդեպս, եթե ՀՀ արտաքին գերատեսչությունը թերանա, Արա Պապյանն ամեն ինչ անելու է, որ առավելագույն արդյունքներ գրանցվեն Հայաստանի համար: Նա անհեթեթ է համարում ադրբեջանական կողմից աղաղակվող փաստը՝ իբր Հայաստանն օկուպացված է պահում իր տարածքի 20%-ը. «Այդ ո՞ր փաստաթղթով է ամրագրված, որ այդ տարածքները Ադրբեջանինն են: Ադրբեջանն ի սկզբանե իրենն է համարել Սովետական Ադրբեջանի վարչական տարածքը: Եթե ԼՂՀ կոնֆլիկտը դիտարկում ենք միջազգային իրավունքի տեսանկյունից, ապա միանշանակ է, որ եղել է միջազգային իրավունքին համապատասխան մեկ որոշում, որը սկզբունքորեն ամրագրվել է, բայց չի կիրառվել, ինչի հետեւանքով այսօր ՀՀ տարածքի մի մասը օկուպացված է մնում Ադրբեջանի կողմից. խոսքը վերաբերում է ե՛ւ Դաշտային Ղարաբաղին, ե՛ւ Նախիջեւանին»: Ի հիմնավորումն ասածի, պարոն Պապյանը քարտեզներ էլ ցուցադրեց եւ հատուկ ընդգծեց, որ դրանց հեղինակները հայեր չեն:

Ելնելով այս ամենից՝ Արա Պապյանը խնդիր է առաջադրում՝ «Ուզո՞ւմ է աշխարհը հարցը լուծել՝ թող կատարի իր իսկ ստանձնած պարտավորությունները: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ուզո՞ւմ է հարցը լուծել, ուրեմն պիտի հիմք ընդունի իր իրավանախորդի՝ Ազգերի լիգայի խորհրդի սկզբունքային որոշումը եւ դրանով էլ առաջնորդվի: Այն ժամանակ էլ Նախիջեւանի, Հայաստանի որոշ այլ շրջաններն ադրբեջանաբնակ էին, բայց փոխարենն այսօրվա մեր վերահսկող տարածքներից դուրս կային բազմաթիվ հայաբնակ շրջաններ: Ֆիզուլիի կամ Կուբաթլիի շրջանի ոչ հայաբնակ մասը կմնա Ադրբեջանին, բայց փոխարենը ամբողջ Դաշտային Ղարաբաղը՝ Խանլար, Դաշքեսան, հայաբնակ էր»: Բանախոսը գտնում է, որ ՀՀ ԱԺ-ն պետք է դիմի ՀՀ նախագահին՝ վերականգնել ՀՀ ինքնիշխանությունը ԼՂՀ-ի կողմից վերահսկվող ողջ տարածքի վրա եւ ԼՂ-ն հռչակել ՀՀ-ի մարզ: Միեւնույն ժամանակ, ԱԺ-ն դիմում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, առանձին երկրների օրենսդիր եւ գործադիր իշխանություններին՝ հայցելով նրանց օգնությունը ՀՀ ինքնիշխանության վերականգնման համար: Իսկ ինչ վերաբերում է 1993թ. ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձեւերին, որոնք ի պաշտպանություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության են, վկայակոչելով մի շարք փաստեր, որոնք ապացույցն են Ադրբեջանի կողմից այդ բանաձեւերի խախտման, Արա Պապյանն ասում է, որ այդպիսով չեղյալ են դառնում տվյալ բանաձեւերը, քանի որ դրանք ամբողջության մեջ պետք է գործեն. եթե խախտվել է թեկուզ մեկ կետ, ապա համարվում է, որ պայմանագիրն է խախտվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել