Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ Է ԻՐ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐՈՎ

Նոյեմբեր 26,2008 00:00

Երեկ Դրեզդենում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի կոչումը:

\"\"

\"\"Փառավոր հաղթանակը կռեցին միջազգային գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Արտաշես Մինասյանը, ինչպես նաեւ մեր ոսկյա ընտրանու մարզիչ Արշակ Պետրոսյանը:

Ամբողջ հայ ժողովուրդը մրցաշարին հետեւում էր սրտի թրթիռով: Իսկ երեկ դժվար թե գտնվեր մի մարդ, որը շունչը պահած, բայց նաեւ մեծ հավատով հայացքը Դրեզդենին հառած չսպասեր եզրափակիչ՝ 11-րդ տուրի Հայաստան-Չինաստան ճակատամարտից ստացվող լուրերին: Եվ մեր տղաները լիովին արդարացրին իրենց՝ ծանրագույն մարաթոնյան մրցապայքարում կրկնելով 2006 թվականին Թուրինում գործած հերոսությունը:

Որ թիմային վարկանիշով իրենց զգալիորեն գերազանցող Չինաստանի հավաքականի հետ վճռական հանդիպումը հեշտ չէր լինելու, ոչ ոք չէր կասկածում: Սակայն երկու տարի առաջ Թուրինում նվաճած օլիմպիական բարձունքը չզիջելու համար, ցանկացած անակնկալից զերծ մնալու նպատակով մեր ոսկե քառյակից պահանջվում էր անպայման հաղթանակ տանել՝ ցանկացած հաշվով:

Առաջին խաղատախտակի առջեւ մեր առաջատար Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վանգ Յուեի հետ: Քիչ անց նրա օրինակին հետեւեց Վլադիմիր Հակոբյանը, որի մրցակիցը Բու Սյանչժին էր: Խաղատախտակի վրա մրցակիցների նկատմամբ որոշակի առավելություն ունեին Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը: Սակայն Նի Հուան եւ Լի Չաոն կատաղի դիմադրություն էին ցույց տալիս: Առաջին ավետիսը տվեց օլիմպիադայի հայտնություն, երիտասարդ Տիգրան Պետրոսյանը, որը գեղեցիկ ոճով հաղթական միավոր պարգեւեց Հայաստանի հավաքականին: Դրանից հետո այս մրցաշարում մեր գլխավոր հարվածային ուժ Գաբրիել Սարգսյանից պահանջվում էր ընդամենը պարտություն չկրել, ինչն էլ նա կատարեց գերազանց: Այսպիսով, վճռորոշ պարտիայում առավելության հասնելով 2,5:1,5 հաշվով, շախմատի Հայաստանի ազգային հավաքականը, արդեն անկախ ԱՄՆ-Ուկրաինա եւ Իսրայել-Հոլանդիա հանդիպումների արդյունքից, հռչակվեց օլիմպիական կրկնակի չեմպիոն:

Այսպիսով, շախմատի համաշխարհային օլիմպիադայի տղամարդկանց մրցաշարի ամփոփիչ աղյուսակն այսպիսի տեսք ստացավ:

1. Հայաստան՝ 19,0 միավոր,

2. Ուկրաինա՝ 18,0,

3. ԱՄՆ՝ 17,0։

Դրեզդենում մրցելույթները հաղթական նոտայով ավարտեց նաեւ մեր աղջիկների՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Նելլի Աղինյան, Լիլիթ Գալոյան, Սիրանուշ Անդրիասյան հնգյակը, որին մարզում է միջազգային գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը:

Հայաստանի հավաքականը վերջին տուրում 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Հնդկաստանի ընտրանուն (հաղթանակ տարավ միայն Էլինան, իսկ երկու Լիլիթները եւ Նելլին բաժանեցին միավորը) եւ թիմային 16,0 միավորով օլիմպիադան եզրափակեց 6-րդ հորիզոնականում: Իսկ մրցաշարային աղյուսակում մրցանակակիրների եռյակը կազմեցին:

1. Վրաստան՝ 18,0 միավոր,

2. Ուկրաինա 18,0

3. ԱՄՆ 7,0

Ժողովուրդը հպարտանում է իր շախմատային հերոսներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել