Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպումներ Ֆլորենսկիների հետ

Նոյեմբեր 26,2008 00:00

Պատմում է երկրաբանության պրոֆեսոր Ռուդոլֆ Գեւորգյանը

Կնոջս մորաքույրը Պավել Ֆլորենսկու զարմիկի՝ Նիկոլայ Ֆլորենսկու կինն էր: Այսինքն՝ ես Ֆլորենսկիների ազգականն եմ: Նիկոլայ Ֆլորենսկին բազմակողմանի զարգացած անհատականություն էր՝ ավարտել էր Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան, միաժամանակ ուսանել համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետում: Թիֆլիսի համալսարանում նա մաթեմատիկա էր դասավանդում: Առանձնապես տպավորիչ էին, այսպես կոչված, «հինգշաբթիները», երբ Ֆլորենսկիների թիֆլիսյան տանը հավաքվում էր կվարտետը. հայտնի գիտնական Ռոստոմբեկովը թավջութակ էր նվագում, Թիֆլիս-Ալեքսանդրապոլ-Կարս երկաթգծի շինարարությունն իրականացնող լեռնային ինժեներ Նեպրինցեւը՝ ալտ, մեկ ուրիշը՝ ջութակ:

Ես երկրորդ անգամ Ֆլորենսկիների հետ առնչվել եմ Մոսկվայի Վերնանդսկու անվան ինստիտուտի ասպիրանտուրայում սովորելու տարիներին: Այստեղ ծանոթացա Պավել Ֆլորենսկու որդու՝ Կիրիլի հետ: Նա Վերնանդսկու աշակերտն էր եւ գլխավորում էր տիեզերական քիմիայի լաբորատորիան: Մի անգամ Կիրիլն ինձ ասաց. «Մեկնելու եմ Հայաստան՝ աղի հանքերում տիեզերական ծագում ունեցող երկաթե գնդիկներ որոնելու: Ի դեպ, մայրս՝ Օլգա Սապարովան, հայուհի է, եւ մեր տանը պահպանվում են հայկական հազվագյուտ ձեռագրեր, որոնք ես ցանկանում եմ առաջարկել Մատենադարանին՝ առանց փոխհատուցման»:

Որոշ ժամանակ անց տեղեկացա, որ նա որդու հետ եկել է Երեւան եւ Անիում նկարազարդված մագաղաթյա ձեռագրի տասնյոթ էջերի փոխարեն խնդրել ընդամենը մի հին «ՈՒԱԶ» ավտոմեքենա, որն անհրաժեշտ էր երկրաբանական աշխատանքներ իրականացնելիս: Երկու օր անց նրան Մատենադարանից հայտնել են, որ պահանջվող մեքենայի ձեռքբերման համար միջոցներ չունեն:

Նիկոլայ Ֆլորենսկու վախճանվելուց մի քանի օր անց մահացավ նաեւ նրա կինը՝ Վալենտինա Իվանովնան: Ես միակ տղամարդ ազգականն էի ու ձեռնամուխ եղա այդ արժանավոր մարդկանց հուղարկավորությունը հավուր պատշաճի կազմակերպելու գործին: Թաղման արարողությունից հետո Ֆլորենսկիների կահույքը տեղափոխեցինք Վալենտինա Իվանովնայի քրոջ տուն: Ու քանի որ ամբողջը հնարավոր չէր տեղավորել, յուրաքանչյուրս հիշատակի համար ինչ-որ բան վերցրինք: Ես ընտրեցի մի շատ գեղեցիկ գրասեղան. Նիկոլայ Ֆլորենսկին ինձ պատմել էր, որ դա Պավել Ֆլորենսկու աշխատանքային գրասեղանն էր: Մի քանի տարի առաջ, երբ այլ տուն էի տեղափոխվում, պարզվեց, որ նոր բնակարանիս համար այդ գրասեղանը մեծ է: Եվ ես գրասեղանը նվիրեցի Անատոլի Հովհաննիսյանին, որին անակնկալ նվերը շատ ուրախացրեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել