Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱ ՎԻՃԵԼԻ ՀԱՐՑ Է»

Նոյեմբեր 26,2008 00:00

Հայոց ցեղասպանության մասին ասաց ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Վահիդ ադ-դին Իսմայիլ Ջալալը

Երեկ Հայաստանում Եգիպտոսի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահիդ ադ-դին Իսմայիլ Ջալալը հանդիպեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների եւ դասախոսների հետ: ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը նշեց, որ ԵՊՀ-ի կապերը Եգիպտոսի հետ՝ շարունակվում են արդեն մի քանի տասնյակ տարի. մինչ օրս Եգիպտոսի դասախոսները դասավանդում են ԵՊՀ-ում, իսկ մեր երիտասարդ կադրերը վերապատրաստվում են Կահիրեի համալսարանում: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը խորհրդանշական համարեց դեսպանին ԵՊՀ-ում հյուրընկալելը. «Հայ եւ եգիպտական ժողովուրդների միջեւ բարեկամական կապերը դարերի պատմություն ունեն: Մեր ֆակուլտետի հինգ ուսանողներ 2009 թվականին իրենց պրակտիկան կանցկացնեն Եգիպտոսի դեսպանատանը»:

Վահիդ ադ-դին Իսմայիլ Ջալալը ասաց. «Լավ համագործակցություն կա Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ, իսկ կրթության ոլորտում համագործակցությունն ամենալավ միջոցն է երկրների մշակույթների միջեւ երկխոսության: Մենք ուրախությամբ ամեն տարի Եգիպտոսում կընդունենք հայ ուսանողների ու ամեն տարի նրանց թիվը կավելացնենք: Ինչ վերաբերում է Եգիպտոսի հայերին, մենք նրանց ընդունում ենք ոչ թե իբրեւ փոքրամասնություն, այլ համարում ենք Եգիպտոսի լիարժեք քաղաքացիներ»: Դեսպանը պատասխանեց դասախոսներին եւ ուսանողներին հետաքրքրող հարցերին: Օրինակ, ի՞նչ դերակատարություն է ունեցել հայ գաղութը Եգիպտոսի զարգացման ընթացքում: Դեսպանը շեշտեց. «Եգիպտացիներն ընդունում են, որ հայկական գաղութը Եգիպտոսի մի մասնիկն է: Հայերի առանձնահատկությունն այն է, որ ինչքան էլ շփվեն օտարների հետ, չեն մոռանում իրենց Հայաստանը: Հայկական գաղութը Եգիպտոսում տարբեր ոլորտների զարգացման հարցում մեծ դեր է ունեցել»:

Մի դասախոս հետաքրքրվեց՝ 50-60-ական թվականներին Եգիպտոսը ակտիվ դիրքորոշում ուներ արաբա-իսրայելական հակամարտության հանդեպ, սակայն ներկայումս պասիվ է: Դեսպանը չհամաձայնեց՝ ասելով. «Այժմ Եգիպտոսի քաղաքականությունն ամենաակտիվն է, ինչը խթանում է պաղեստինյան խնդրի լուծմանը: Պաղեստինի հարցը ոչ միայն արաբ ժողովրդի, այլեւ Եգիպտոսի անվտանգության հարցն է: 50-70-ական թթ. տեղի ունեցած փոփոխությունները՝ եգիպտական կողմնորոշման հանդեպ, արդյունք են այն բանի, որ եգիպտացիները հասկացան՝ կոնֆլիկտների ռազմական լուծումներ չկան»: Ուսանողներից մեկի հարցին՝ ինչո՞ւ եգիպտական կառավարությունը չի ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչումը, Վահիդ ադ-դին Իսմայիլ Ջալալը պատասխանեց. «Դա վիճելի հարց է: Մենք ընդունում ենք, որ տեղի են ունեցել վատ իրադարձություններ: Ցեղասպանության ճանաչման ամենալավ ձեւը մեր հյուրընկալությունն է այն հայերին, որոնք փախել էին ու մինչեւ հիմա նրանց մեծամասնությունը հաստատվել- ապրում է Եգիպտոսում: Թուրքիան նույնպես ընդունում է, որ տեղի են ունեցել այդպիսի դեպքեր ու այժմ առաջարկում է, որ պատմաբաններից բաղկացած հանձնաժողով գումարվի, որը կուսումնասիրի տեղի ունեցածը: Եթե հանձնաժողովն աշխատի, լինի չեզոք եւ ուսումնասիրի ու հիմք ընդունի բոլոր այն փաստերը, որոնք անհերքելի են, անպայման կհանգի ճիշտ եզրակացության»:

Մեկ այլ ուսանող հարցրեց՝ ինչպիսի՞ն է Եգիպտոսի պաշտոնական դիրքորոշումը ԼՂՀ հիմնախնդրի վերաբերյալ. «Դիրքորոշումը այնպիսին է՝ ինչպիսին մյուս երկրների կոնֆլիկտների հանդեպ է: Ինչպես արդեն նշեցի, Եգիպտոսի կառավարությունը հիմք է ընդունել այն մեկնակետը, որ կոնֆլիկտներին ռազմական լուծումներ չեն տրվելու, տարաձայնությունները լուծելու միակ ճանապարհը բանակցություններն են»:

Դիվանագետը նաեւ պատմեց, որ մինչ դեսպան նշանակվելը ինքը Հայաստան է եկել որպես Եգիպտական տեխնիկական ֆոնդի նախագահ. «Չեմ ուզում շողոքորթել, բայց մինչ դեսպանի պաշտոնին անցնելը՝ Հայաստանում ինձ շատ լավ էի զգում: Ու քանի որ արտգործնախարարի հետ իմ հարաբերությունները լավ էին, համաձայնեց, որ ես զբաղեցնեմ Հայաստանում Եգիպտոսի դեսպանի պաշտոնը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել