Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցակազմ չկար

Նոյեմբեր 26,2008 00:00

Քաղծառայության մրցույթը «դեռ չի ավարտվել»

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջազգային կապերի բաժնի պետի թափուր տեղի համար այս տարվա փետրվարի 8-ին անցկացված քաղծառայողի մրցույթին «Առավոտն» անդրադարձել է մի քանի անգամ: Այդ մրցույթում հաղթել էր Հասմիկ Պողոսյանը, որին նախարարությունը բաժնի պետ նշանակեց միայն այն ժամանակ, երբ վերջինս դիմեց ՀՀ վարչական դատարան: Դատարանի որոշումից հետո նա հուլիսի 28-ին վարչության պետ աշխատեց մի քանի օր: Հասմիկ Պողոսյանի հարցը, սակայն, մինչ օրս լուծում չի ստացել:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության իրավաբանական վարչությունն «Առավոտին» տեղեկացրել էր, որ դիմելու է դատախազություն, իրավապահ մարմիններին, քանի որ, ըստ վարչության պետի տեղակալի, հաղթողը մրցույթին ներկայացրել է «կեղծ փաստաթղթեր, տվյալներ»: Ի դեպ, «Առավոտին» իր պարզաբանումն էր ուղարկել նաեւ քաղծառայության պետ Մանվել Բադալյանը, որը վերջերս էլ հրապարակավ հայտարարեց, թե Հասմիկ Պողոսյանի անձնագիրը կեղծ էր:

Սոցիալական հարցերի նախարարությունը հոկտեմբերին դիմեց դատախազություն, այնտեղից նրանք «գործն» ուղարկեցին ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն, ապա՝ Կենտրոնի բաժին: Նախարարությունը տեղեկացրել էր, որ Հ. Պողոսյանը մրցույթին ներկայացրել է «կեղծ տվյալներով աշխատանքային գրքույկ»: Մասնավորապես, վիճարկվել էր աշխատանքային գրքույկի 20-21 էջերի հավաստիությունը, քանի որ բողոքաբեր նախարարությունն իրավապահներին տեղեկացրել էր նաեւ, որ Հ. Պողոսյանը պարտադիր համարվող պետական կառավարման ոլորտի համար պահանջվող աշխատանքային 3 տարվա ստաժ չունի, եւ որ իրենք այդ մասին տեղյակ են պահել քաղծառայության խորհրդին:

Ըստ ոստիկանության Կենտրոնի բաժնի հետաքննիչ Ա. Սարգսյանի. «Միաժամանակ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի գրությամբ հայտնվել էր, որ 1992-96թթ. ՀՀ սոցիալական ապահովության նախարարության փաստաթղթերում «Սոցիալական աջակցության ֆոնդ» անվանումով ստորաբաժանման եւ Հ. Պողոսյանի աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկություն չի հայտնաբերվել, իսկ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության 15.02.2008թ. թիվ 3-2/0294-08 գրությամբ տեղեկացվել էր, որ ինչպես արդարադատության նախարարի, այնպես էլ ռեգիստրի կողմից «Սոցիալական աջակցության ֆոնդ» գրանցված չէ, եւ որ ՀՀ արդարադատության նախարարի 12.03.

2001թ. թիվ 285 հրամանով գրանցվել է սոցիալական աջակցության «Օգնիր եւ օգնություն կգտնես» հիմնադրամը»: Հ. Պողոսյանը կանչվել էր ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին, տվել էր բացատրություն: Ոստիկանությունը պարզել էր, որ Հ. Պողոսյանն աշխատել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության սոցիալական աջակցության ֆոնդում՝ որպես բազմազավակ ընտանիքների գծով առաջին կարգի մասնագետ: Ըստ հետաքննիչ մարմնի. «Ուսումնասիրությամբ պարզվել է, որ թյուրիմացաբար աշխատանքային գրքույկում նշված չէ 16.10.95թ. հրաման 119-Կ՝ «Հասմիկ Պողոսյանին հոկտեմբերի 16-ից նշանակել գործերի կառավարչությունում՝ որպես ավագ տեսուչ» գրառումը, որն առկա է հրամանագրքում: Ինչ վերաբերում է աշխատանքային գրքույկի 20-րդ էջում կատարված ջնջմանը, ապա նշված է, որ կատարված է ուղղում, եւ դրված է տվյալ նախարարության կնիքը, որը հավաստում է, որ այն կեղծիք չէ»:

Ոստիկանությունը կայացրել է որոշում՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին, քանի որ հանցակազմ չի հայտնաբերվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել