Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԼԱԾՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐՈՎ

Նոյեմբեր 26,2008 00:00

\"\"Թիվ 175 դպրոցի փոխտնօրենը դասընկերների կողմից ծաղրուծանակի ենթարկվող երեխաներին «հաթաթա» է տալիս

\"\"«Առավոտի» նոյեմբերի 18-ի համարում տպագրված «Դպրոցական ծեծկռտուք՝ հանուն տնօրենի» հրապարակման մեջ տեղեկացրել էինք Նուբարաշեն համայնքի թիվ 175 դպրոցի տնօրեն Անահիտ Բաբաջանյանին՝ դրամահավաքության համար աշխատանքից ազատելու ու նրա կողմնակիցների կազմակերպած դասադուլի մասին: Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի պաշտոնակատար Արմինե Վարդանյանն էլ վստահեցրել էր, որ կրթօջախում վիճակը կայունացել է, դասերը վերսկսվել են: Հիշեցնենք, որ ծնողներ Անահիտ Թորոսյանն ու Սմբուլ Հովհաննիսյանը թաղամասում Persona non grata էին հայտարարված, որովհետեւ նրանց բողոքների ու դրամահավաքին մասնակցելուց հրաժարվելու պատճառով էր այս պատմությունը սկիզբ առել: Երեկ փորձեցինք կապվել Սմբուլ Հովհաննիսյանի հետ, որը ծաղրուծանակի, քաշքշուկի արդյունքում վնասել էր գլուխը: Նրա որդին՝ 11-րդ դասարանցի Սարգիս Հովհաննիսյանն ասաց, որ մայրը բժշկի մոտ է, իսկ ինքը շարունակում է դպրոց չներկայանալ՝ հասկանալի պատճառներով: Ինչ վերաբերում է ընկերներին, տղան ոմանց հետ հանդիպում է դպրոցից դուրս: Գերազանց առաջադիմություն ունեցող իր 3 երեխաների՝ Աստղիկի, Անիի, Սերգեյի անվտանգությամբ մտահոգված (դպրոցականները քարեր էին շպրտել բողոքող ծնողների տների վրա)՝ նրանց երեկ դպրոց չէր ուղարկել նաեւ Անահիտ Թորոսյանը: Երեխաներին նույն դպրոցի սաները, բնականաբար, մեծահասակների դրդմամբ, ծաղրել ու բոյկոտել էին՝ «Հեռացե՛ք, դպրոցը մոռացեք» բացականչություններով, իսկ ծնող Սմբուլ Հովհաննիսյանին՝ քաշքշել:

Ի դեպ, Աստղիկի, նրա քրոջ եւ եղբոր լուսանկարները փակցված են դպրոցի պատին՝ կրթօջախի մյուս գերազանցիկների նկարների կողքին:

«Առավոտի» հետ զրույցում 8-րդ դասարանցի Աստղիկն ասաց, որ իրենք վախենում են դպրոց գնալ, եւ ծրագրից հետ չմնալու համար դասերը տանն են պատրաստում:

Թիվ 175 դպրոցը սպասարկող տեսուչ Սամսոն Շաշիկյանը տեղեկացրեց, որ իբր դպրոցում ամեն ինչ լավ է, բոյկոտի ենթարկվածներն էլ վերադարձել են նորմալ հունի: Երբ ասացինք, որ երեխաները շարունակում են դպրոց չհաճախել, տեսուչը տարակուսեց. «Ձեզ ասում եմ այն, ինչ ինձ դպրոցից են փոխանցել»:

Փոխտնօրեն Գայանե Ալավերդյանն էլ հայտնեց, որ թիվ 175-ում ամեն ինչ կարգին է: Երբ նրան հիշեցրինք «ըմբոստ» ծնողների երեխաների դպրոց չգալու մասին, տիկինը զայրացավ ու փոխանակ իբրեւ մանկավարժ աշակերտների միջեւ եղած լարվածությունը հարթելու նախաձեռնություն դրսեւորելու, դեռ մի բան էլ «հաթաթա» տվեց: «Կոնկրետ Սարգիսի մայրը վատառողջ է, դրա համար չի գալիս: Մյուսներին էլ ասել ենք, որ գան: Եվ եթե մարդկային լեզուն չեն հասկանում, մենք էլ կդիմենք անչափահասների գծով տեսուչին»,- հարցերը «գեղական կարգով» լուծելու վճռականությամբ հայտարարեց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել