Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդիրը պետք է լուծվի դատարանի միջոցով»

Նոյեմբեր 26,2008 00:00

Թուրքմենստանում ՀՀ նախկին դեսպան Արամ Գրիգորյանը վստահ է, որ առկա է ընտանեկան կոնֆլիկտը դեսպանատան հետ առնչություն չունի:

Արձագանքելով «Առավոտ» օրաթերթի (19.11.2008) «Հայ ընտանիքի երեխաները թուրքմե՞ն են դարձել» հոդվածին, որտեղ խոսվում էր այն մասին, որ շուրջ 3 տարի է, ինչ Թուրքմենստանից արտաքսված Գայանե Արզումանյանը չի կարողանում հանդիպել կամ խոսել այդ երկրում մնացած իր 2 երեխաների հետ, ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար Արամ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռեւս Թուրքմենստանում ՀՀ դեսպան եղած ժամանակ ինքն անձամբ հանդիպել է Գ. Արզումանյանի ամուսնու՝ Արմեն Վանեսյանի հետ: Զրույցից պարզվել է, որ ամուսիններն ընտանեկան կոնֆլիկտ ունեն, ինչն էլ նման խոսակցությունների առիթ է հանդիսացել. «Մենք Գայանեին խորհուրդ ենք տվել դիմել դատարան, սակայն, չգիտես ինչու, նա խուսափում է դրանից: Նույն խորհուրդն են նրան տվել նաեւ ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանությունում: Թե՛ որպես մարդ եւ թե՛ ընտանիքի հայր Ա. Վանեսյանը ինձ վրա լավ տպավորություն թողեց: Դեսպանատանը տեղի ունեցած զրույցում Արմենն ասել է, որ չնայած ինքը շահագրգռված է, որ Գայանեն վերադառնա Թուրքմենստան, եւ այդ ուղղությամբ անում է հնարավոր ամեն բան, սակայն կինը անհասկանալի եւ տարօրինակ վարքագիծ է դրսեւորում»:

Ինչ վերաբերում է նրան, որ Թուրքմենստանում Հայաստանի դեսպանատանը տիկին Գայանեից վերցրել են նրա խորհրդային անձնագիրը, ապա, ըստ Ա. Գրիգորյանի, իրենք պարտավոր էին դա անել, քանի որ 2005-ին նա չէր կարող այդ անձնագրով, որ արդեն օրենքի ուժ չուներ, դուրս գալ երկրից եւ վերադառնալ, բացի այդ, հենց դրա հիման վրա է նրան վերադարձի վկայական տրվել: Բացի այդ, Ա. Գրիգորյանի խոսքերով, նրան ոչ ոք չէր խոստացել, թե այդ անձնագիրը ետ կուղարկվի իրեն՝ Երեւան: Մեր ներկայությամբ պարոն Գրիգորյանը զանգահարեց Թուրքմենստան եւ մենք խոսեցինք Ա. Վանեսյանի մորաքույր ներկայացած Սեդա անունով կնոջ հետ, որի բնակարանում էլ հենց գրանցված է Արմենը: «Առավոտի» հետ զրույցում այդ կինն ասաց, որ նոյեմբերի 20-ին Գայանեի աղջիկը՝ Տաթեւիկը, խոսել է իր մոր հետ, խնդրել նրան իր պահվածքով չբարդացնել իրենց կյանքն ու հավաստիացրել, որ մայիսին, երաժշտական դպրոցն ավարտելուց հետո, անպայման գնալու է Հայաստան: Տիկին Սեդայի ներկայացմամբ, ինքը եւ իր հարսը առիթի դեպքում երեխաներին բացատրում են, թե որքան դժվար է ծնողի համար երեխաներից հեռու գտնվելը, որպեսզի վերջիններս փորձեն հասկանալ իրենց մորը. «երեխաները խոսում են միայն Գորիսի բարբառով»:

Մեր հեռախոսազրույցից հետո Ա. Գրիգորյանն ասաց. «Թերեւս հենց այս հանգամանքն է դրդել Գայանեին, զարկ տալով վառ երեւակայությանը՝ պնդել, որ երեխաները խոսում են բացառապես թուրքմեներեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել