Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆ ԵՎ «ՇԱՏ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՅՑ»

Նոյեմբեր 26,2008 00:00

\"\"Այդպես են գնահատում Իրան կատարած այցը հայկական պատվիրակության անդամները

Նոյեմբերի 23-24-ը Իրանի Ազգային անվտանգության Բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հրավերով Թեհրանում էր գտնվում ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը, ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Սուքիաս Ավետիսյանը, Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանը:

Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ երկփուլ բանակցությունների առանցքը նոր հաղորդակցության ուղիների, տարածաշրջանային հիմնահարցերի, անվտանգության եւ երկկողմ հարաբերությունների, Անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցության զարգացման, տնտեսական եւ քաղաքական բնույթի հիմնահարցերի շրջանակներին վերաբերող հարցերն էին: Ի թիվս մեկ տասնյակից ավելի ձեռք բերված պայմանավորվածությունների, կողմերն ամրագրեցին հստակ ժամկետներ՝ ձեւավորելու պայմանավորվածությունների շուրջ օրակարգ: Բանակցությունների արդյունքում որոշվեց Ազգային անվտանգության խորհուրդների միջեւ հատուկ կոմիտե ստեղծելու հարցը, որը կզբաղվի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ռազմավարական խնդիրների ուսումնասիրությամբ: Հետագա ծրագրերը կողմերը կշարունակեն քննարկել Արթուր Բաղդասարյանի հրավերով Սայիդ Ջալիլիի Երեւան կատարելիք այցի ընթացքում:

Արտաքին գործերի փոխնախարար, Իրանում Հայաստանի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանի ներկայացմամբ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետություն ուղղակի «շատ հրաշալի» այց էր: Պարոն Ղարիբջանյանը «Առավոտին» հայտնեց հետեւյալը. «Երեք բանակցային հանդիպում եղավ անձամբ պարոն Ջալիլիի եւ աշխատակազմի հետ, շատ բարձր մակարդակի հանդիպում տեղի ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ պարոն Ահմեդինեջադի, Մեջլիսի նախագահ Լարիջանիի հետ, ինչպես նաեւ երկու հանդիպում հայ համայնքի հետ, եղավ նաեւ ալցելություն «Արարատ» մարզավան: Շատ հստակ ռազմավարական, հեռանկարային խնդիրներ քննարկվեցին Հայաստան-Իրան տնտեսական զարգացումների շուրջ: Որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ՝ երկու երկրների անվտանգության խորհուրդների հովանու ներքո, որոնք կհստակեցնեն այն բոլոր ծրագրերը, որոնք օգուտ կբերեն երկու հարեւան եւ բարեկամ երկրներին»:

Պատվիրակության անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը մեզ տեղեկացրեց, որ «հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Քննարկվել են, մասնավորապես, Իրան-Հայաստան նավթամուղի շինարարության, ընդհանուր տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր, որոնց հետ կապված իրանական կողմը բավականին դրական է արտահայտվել, եւ հիմնական պայմանավորվածությունը եղել է այն, որ առաջիկայում կստեղծվեն հանձնախմբեր՝ այս բոլոր հարցերը առավել մանրամասն քննարկելու համար, որպեսզի մեր երկրի նախագահի այցի ընթացքում արդեն լինեն կատարված կոնկրետ քայլեր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել