Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՇՈՂՈՔՈՐԹՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Նոյեմբեր 26,2008 00:00

Երեկ «Ուրբաթ» ակումբում հյուրընկալված «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը մտահոգություն հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարության վերաբերյալ, թե Մոսկվայից չէր գալու՝ հասարակությանը հարցներ, հետո նոր ստորագրեր հռչակագիրը. «Տպավորություն կա՝ կարծես թե այդ փաստաթղթի մասին ինքն ընդամենը Մոսկվայում էր իմացել: Եվ բնականաբար՝ այդ պահին չէր կարող գալ, հարցնել»:

Անահիտ Բախշյանը հարգելով պայմանավորվածությունը՝ սկզբում չէր ցանկանում մանրամասնել նոյեմբերի 20-ին կուսակցությունների ղեկավարների հետ Սերժ Սարգսյանի հետ փակ քննարկման ժամանակ արծարծված խնդիրները, բայց հետո հիշեց. «Նախագահի մամուլի խոսնակը քննարկումից հետո մեզ բոլորիս հերթի կանգնեցրեց տեսախցիկների առջեւ եւ ասաց՝ «Ասե՛ք»: Ուստի քննարկման մի դրվագ էլ բացահայտեց. «ԼՂ-ում անցկացվելիք հանրաքվեի հետ կապված երբ շատ տարբեր տեսակետներ հնչեցին, թե Ադրբեջանը հիմա կբերի ու փախստականներով կլցնի՝ հետո հանրաքվե կանցկացվի, ՀՀ նախագահն ասաց՝ այդ հանրաքվեն տեղի կունենար 1988 թվականի ժողովրդագրական համամասնության տվյալներով: Ասաց՝ դա ի՛մ տեսակետն է»:

«Ժառանգություն» կուսակցության ղեկավարն այդ քննարկման մասին նաեւ ասաց. «Այդ 48-50 կուսակցություններից շատերը քաղաքացիական հասարակություն ձեւավորելու ուղղությամբ նույնիսկ տարրական քայլ չեն անում, որ այսօր արժեւորվեր նրանց կարծիքը: Ո՞ւր էին այդ կուսակցությունները, երբ մարտի 1 էր, ո՞ւր էին, երբ մարդու իրավունքներն էին ոտնահարվում, եւ իրենք ոչ մի արձագանք, տեսակետ չհայտնեցին: Ոչ մի ձեւով չեն երեւում, ու հանկարծ այստեղ մեջ ընկան ու ծանրումեծ պիտի ԼՂ հարցի շուրջ քննարկումներում իրենց կարծիքը հարցնեն: Այդ կուսակցությունների բազմազանությունը բոլորովին բազմակարծության նշան չէ: Ընդհակառակը՝ շողոքորթողների մի բանակ կար այնտեղ: Մյուս կողմից էլ՝ եթե այդ քննարկումը նախագահն աներ ավելի փոքր մասշտաբով եւ իսկապես բանավեճի ձեւաչափով՝ թե՛ հասարակությունը կշահեր, թե՛ ինքը: Բանավեճ չի եղել: Եղել են 50 հոգի, խոսել են 3 րոպե եւ ավելին, հետո նախագահը պատասխանել է բարձրացրած հարցերին: Բայց այս խնդիրը հրապարակային բանավեճի կարիք ունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել