Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է փոխհատուցելու

Նոյեմբեր 26,2008 00:00

Քաղաքացիներ Պետրոս Գասպարյանը, Մարատ Մովսիսյանը եւ Վլադիսլավ Բարսեղյանը մարտի 1-ի դեպքերի հերթական տուժածներից են: Նրանց սեփական ավտոբուսները մարտի 1-ին պայմանագրով վարձակալել էր ոստիկանությունը՝ ոստիկաններ եւ զինվորներ տեղափոխելու նպատակով: Մարտի 1-ի դեպքերի բոլոր կադրերում պարզորոշ երեւում են վառված, ջարդված եւ շուռ տրված ավտոբուսները: Դրանք այս երեք տուժած քաղաքացիների սեփականությունն են՝ վնասված, ոչնչացված, եւ մարդիկ արդեն ինն ամիս, դիմելով հնարավոր բոլոր ատյաններին, չեն կարողանում պարզել՝ ո՞վ է փոխհատուցելու իրենց հասցված նյութական վնասը: Նրանք ավտոբուսները վարձակալության տալով էին վաստակում իրենց ընտանիքների օրվա ապրուստը: Օրերս Պետրոս Գասպարյանը, Մարատ Մովսիսյանը եւ Վլադիսլավ Բարսեղյանը դիմել են նաեւ Մարտի 1-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին: Նամակում ասվում է հետեւյալը. «2008թ. փետրվարի 22-ին պայմանագրային հիմունքներով մենք՝ քաղաքացիներ Պետրոս Գասպարյանը, Մարատ Մովսիսյանը եւ Վլադիսլավ Բարսեղյանը, սեփական «Իկարուս» տիպի ավտոբուսներով աշխատանքի ենք ընդունվել ՀՀ ոստիկանություն: Հետընտրական շրջանում սպասարկել ենք ոստիկանության զորքերի տեղափոխումը քաղաքի տարբեր հատվածներ՝ ստանալով ոստիկանության գարաժի վարիչ Մակարյանի ցուցումները: Փետրվարի 29-ի գիշերը (՞-խմբ.) ոստիկանության ստորաբաժանումներին օպերայի հատվածից տեղափոխել ենք քաղաքապետարանի տարածք, որտեղ եւ ամրացել էին ցուցարարները: Մարտի 1-ին, ցերեկը, տեսնելով, որ մեծանում է լարվածությունը ցուցարարների շարքերում, որոնք արդեն հակված են անկարգությունների՝ ահազանգել ենք ոստիկանության գարաժի պետին եւ ներկայացրել մեր մտահոգությունները: Գարաժի վարիչը մեզ վստահեցրեց, որ եթե մեր ավտոբուսները վնասվեն՝ պետությունը կփոխհատուցի՝ «Պետությունը տեր է, դուք աշխատում եք պետության համար»: Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ մեր «Իկարուսները» կոտրում եւ հրկիզում են: Հաշվարկվել է, որ մեզ հասցված նյութական վնասի ընդհանուր չափը կազմում է 3,5 միլիոն դրամ: Անցել է 9 ամիս, բայց հարցին որեւէ լուծում չի տրվել: 25.09.08-ին մեզ տեղեկացրել են, որ ՀՔԾ վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մենք ճանաչվել ենք որպես տուժող եւ քաղհայցվոր»:

«Առավոտի» հետ զրույցում տուժած Պետրոս Գասպարյանն ասաց, որ իրենց ասել են, թե կա համապատասխան քրեական գործ, եւ գործով մեղավորներին պարզելուց հետո պարզ կլինի նաեւ, թե ովքեր են հատուցելու իրենց կրած նյութական վնասը: Մարդիկ փաստաբան չեն կարող վարձել, քանի որ այդ ծառայության դիմաց չեն կարող վճարել: Սակայն իրավաբաններն ասում են, որ նյութական վնասը պետք է փոխհատուցի ՀՀ ոստիկանությունը, քանի որ մարդիկ պայմանագրային հիմունքներով աշխատանքի մեջ են եղել ոստիկանության համակարգում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել