Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանց մեծ մասին մանրադիտակով էլ չես գտնի քաղաքական դաշտում

Նոյեմբեր 26,2008 00:00

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած քննարկման մասնակիցների մասին ասում է ՀԱԱԿ նախկին նախագահ Էդվարդ Անտինյանը:

ՀՀ նախագահ Սարգսյանի եւ կուսակցությունների ղեկավարների նոյեմբերի 20-ի քննարկմանը մասնակցում էր նաեւ ՀՌԱԿ ատենապետը, իսկ միացումից հետո այդ կուսակցությունը հանդիսանում է նաեւ ՀԱԱԿ-ի իրավահաջորդը: Հարցին, թե ի՞նչ տվեց այդ հավաքն իրենց՝ ՀԱԱԿ-ի նախկին նախագահ, «Դեմպրոս» հ/կ-ի նախագահ Էդվարդ Անտինյանը պատասխանեց. «Ղարաբաղի հարցով լայն հասարակական քննարկումներին ես միանշանակ դրական եմ վերաբերում, սակայն կարծում եմ՝ այդ հավաքի ձեւաչափը նախագահի կողմից սխալ էր ընտրված, երբ հրավիրվել էին գրանցված բոլոր կուսակցությունների ղեկավարները: Չէ՞ որ նրանց ճնշող մեծամասնությունը ոչ միայն ակտիվ ու հրապարակային գործունեությամբ չի զբաղվում, այլեւ նրանց ո՛չ մանրադիտակով, ո՛չ խոշորացույցով, ո՛չ էլ անգամ կողմնացույցով չես գտնի քաղաքական դաշտում: Ստացվում է, որ ոչ միայն դրանք, այլեւ այսօր ցանկացած նոր գրանցվող կուսակցություն ավտոմատ կերպով տեղ է զբաղեցնելու այդ «կլոր սեղանի» շուրջ՝ քաղաքական դաշտում իր տեղը չունենալու պարագայում: Նման մոտեցումը ոչ թե կարեւորում է կուսակցությունների դերը մեր հանրային կյանքում, այլ ընդհակառակը՝ արժեզրկում, քանի որ այդ դերը նրանց վերապահվեց ոչ թե հասարակության մեջ ունեցած ազդեցությամբ, այլ գրանցման վկայականի առկայությամբ»:

Քննարկմանը հաջորդած այն գնահատականների առիթով, թե այդ հավաքն աննախադեպ էր՝ նախկին նախագահների կողմից նման բան չէր կազմակերպվել, պրն Անտինյանն ասաց. «Եթե հավաքի հիմնական նշանակությունն ընդամենը դա էր, ապա այդ թաքնված մրցակցությունը ոչ թե Տեր-Պետրոսյանի հետ է, քանի որ Սերժ Սարգսյանը նրան այլեւս մրցակից չի համարում, այլ իր վարած բարդույթավորված քաղաքականությամբ՝ նա ցանկանում է տարբերվել Քոչարյանից:

Ասվեց, որ այդ հավաքները լինելու են պարբերական, սակայն այդ պարբերականությունն ու քննարկվող հարցերի թեմաներն ընտրելու է ՀՀ նախագահը: Բացի այդ՝ ինքն է որոշելու՝ հավաքը դռնփա՞կ է, թե՞ ոչ, բոլո՞րն են ելույթ ունենալու, թե՞ ոչ, կամ որեւէ որոշում ընդունվելո՞ւ է, թե՞ ոչ: Այսինքն՝ սա ընդամենը հանդիպում էր նախագահի հետ՝ նրա որոշած տեղում, ժամին, օրակարգով ու ձեւաչափով:

Ու պետք չէ մոռանալ, որ նախկին իշխանության օրոք Ղարաբաղի հարցը ՀՀ-ում օրենսդիր իշխանություն իրականացնող մարմնում՝ Ազգային ժողովում է քննարկվել, խումբ-խմբակցությունների ղեկավարները համատեղ փաստաթուղթ են ստորագրել, հետագայում այդ հարցով խորհրդարանական լսումներ են անցկացվել, որին նաեւ կուսակցությունների ղեկավարներն են հրավիրվել: Մինչդեռ նախագահ Սարգսյանը սիրում է աշխատել ձեւական կառույցների միջոցով, նրանց տալով կամայական բովանդակություն. միայն թե դրանք այդպես էլ մնում են ձեւական ու անարդյունավետ: Դա վերաբերում է նաեւ Հանրային խորհրդին ու ՀՀ նախագահին առընթեր Անվտանգության խորհրդին: Խորհրդակցական մարմնի անունը որքան էլ հնչեղ լինի՝ միեւնույն է, մեր երկրում այն չի ստանում իրական բովանդակություն: Առաջին նախագահի օրոք Անվտանգության խորհրդում քննարկումներ տեղի ունենում էին լոկ ձեւի համար, երկրորդ նախագահը, ձեւականությունների հետեւից չընկնելով, նիստեր էլ չէր անցկացնում, իսկ գործող նախագահը թեպետ այդ մարմնի անհրաժեշտությունը բացարձակապես չի զգում, բայց նրա քարտուղարին տվել է մեծ լիազորություններ: Այդպես իրեն ավելի ապահով է զգում՝ կարող է տալ այնքան լիազորություն, որքան ցանկանա, հետո էլ կարող է վերցնել դրանք, երբ ցանկանա: Իսկ պատճառն այն է, որ իշխանական վերնախավում տիրող փոխադարձ անվստահությունը համընդհանուր կասկածամտության մթնոլորտ է ձեւավորել, որի պարագայում Սերժ Սարգսյանը վախենալով, որ չի կարողանա իրական լիազորություններ ունեցող մարմինները մշտապես իր հսկողության տակ պահել՝ նրանց դերը փոքրացնում է ձեւական կառույցների հաշվին, արդյունքում թե՛ առաջինները եւ թե՛ երկրորդները դառնում են ոչ կենսունակ: Նախագահը կոալիցիա ձեւավորեց, թեպետ խորհրդարանում մեծամասնություն ուներ ու կարող էր դա չանել, բայց չհամարձակվեց այդ ուժերին դուրս թողնել գործադիր իշխանությունից: Մինչդեռ ակնհայտորեն կոալիցիան իրենը չի համարում եւ բազմաշերտ հակակշիռներ է ստեղծել նրան զսպելու համար: Այդ հակակշիռների համար էլ ուրիշ հակակշիռներ է ստեղծել, որպեսզի նրանց էլ դուրս չթողնի վերահսկողությունից:

Ի դեպ, Տեր-Պետրոսյանը, որպես գրագետ շախմատ խաղացող՝ ժամանակին թիմակիցների գլխին բազմաքայլ կոմբինացիաների տեսքով այնքա՜ն խճճված խաղեր խաղաց, որ համբերությունից հանեց նրանց՝ ու «շախմատի տախտակը գլխին կոտրեցին»: Աչքիս՝ շախմատի մեկ այլ սիրահար էլ է հետեւողական քայլերով մոտենում առաջին նախագահի ճակատագրին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել