Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՂԵԼ Է ՈՉ ԹԵ ԴԻՊՈՒԿԱՀԱՐ, ԱՅԼ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐ

Նոյեմբեր 26,2008 00:00

\"\"Սրանում վստահ է ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը

Անցյալ շաբաթ ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի արած բացահայտումը՝ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ դիպուկահարի առկայությունը «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի կողմից հաստատումը, արդեն մոտ մեկ շաբաթ է՝ լուրջ իրարանցում է առաջացրել ՀՀ գլխավոր դատախազությունում եւ «Մարտի 1»-ի գործը քննող հատուկ քննչական ծառայությունում: Բայց ՀՀ գլխավոր դատախազության ու ՀՔԾ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի՝ այդ բացահայտման առնչությամբ արած պաշտոնական արդարացում-հայտարարությունները ոչ այնքան փարատում են իրավապահների կողմից հիշյալ դեպքերի վերաբերյալ ճշմարտությունը կոծկելու կասկածները, որքան ավելի են խորացնում դրանք: Հայտարարությունների տեսքով արվող ՀԱԿ-դատախազություն, ՀԱԿ-ՀՔԾ հեռակա «փոխհրաձգություններն» ու հակադարձումները շարունակվեցին նաեւ այս շաբաթ:

Երեկ «Հայացք» ակումբում ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը վերստին անդրադարձավ խնդրո առարկայի առնչությամբ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի արած հայտարարություններին: Դրանք, ի դեպ, Դ. Շահնազարյանը որակեց որպես «լրացուցիչ ապացույց, որ իշխանություններն ամեն ինչ անում են մարտի 1-ին իշխանությունների գործած հանցագործությունները կոծկելու համար»: Միաժամանակ ՀԱԿ ներկայացուցիչը մեծ կասկածներ ունի, թե մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ իրականում գործել է ընդամենը մեկ դիպուկահար, եւ նա արձակել է ընդամենը մեկ կրակոց, ինչպես պնդում է դատախազությունը:

Մասնավորապես, քննչական խմբի ղեկավարը հայտարարել էր, թե՝ ոստիկանության զորքերի որեւէ զինված ստորաբաժանում, որը անհրաժեշտության դեպքում ծառայություն է իրականացնում մարտական հրազենով, նրա հետ մարտական հերթափոխի է դուրս գալիս նաեւ դիպուկահար, ինչը նախատեսված է հաստիքացուցակով: Դ. Շահնազարյանը արձանագրեց, որ մարտի 1-ի գործողություններին մասնակցել են ոստիկանության զորքերի թիվ 1032, 1033 եւ 1035 ստորաբաժանումները, որոնց բոլորի կազմում էլ, ըստ հաստիքացուցակի, պետք է լինեին դիպուկահարներ: «Այդ դեպքում ինչո՞ւ են խոսում ընդամենը մեկ դիպուկահարի մասին»,- հռետորական հարցադրում արեց ՀԱԿ ներկայացուցիչը: Երկրորդ. նրա պնդմամբ, որպես կանոն, դիպուկահարները մենակ չեն լինում: Նրանք միշտ ունենում են օգնական, կամ ինչպես ասում են՝ «համար երկու», որը օգնում է դիպուկահարին կողմնորոշվել թիրախը ճիշտ ընտրելիս: «Որտե՞ղ են այդ օգնականի կամ «համար երկուսի» ցուցմունքները կամ դրա առկայության մասին տեղեկությունները: Կամ՝ թող հայտարարեն, որ իրենց դիպուկահարները միայնակ են գործել: Միայնակ գործում են միայն քիլլերները, այն էլ՝ ոչ միշտ»,- արձանագրեց Դ. Շահնազարյանը: Նրա դիտարկումներից ստացվեց, որ մարտի 1-ին եղել են առնվազն երեք դիպուկահարներ եւ եւս երեք «համար երկուսներ»:

Երրորդ. քննչական խմբի ղեկավարի ասելով, դիպուկահարը ընդամենը վիրավորել է իր թիրախին, մինչդեռ, ըստ Նիկոյանի, դիպուկահարի կրակոցի արդյունքում մարդ է զոհվել, որովհետեւ ռումինացի լրագրողին տված հարցազրույցում նա այսպիսի հայտարարություն էր արել՝ «ես ոստիկանությանը երբ փորձում եմ մեղադրել, որ դուք կարող էիք խփել ոտքին, որ նա չմահանար…»: «Կարծում եմ, որ փաստահավաք խումբը պետք է հրավիրի ե՛ւ Նիկոյանին, ե՛ւ Վ. Հարությունյանին՝ պարզելու նրանց հայտարարություններում առկա հակասությունները»,- նկատեց Շահնազարյանը:

Ըստ իշխանությունների, դիպուկահարը տեղակայված է եղել Լեոյի փողոցում: Ըստ Դ. Շահնազարյանի՝ Լեո-Պարոնյան փողոցներում եղել են մի քանի զոհեր, նաեւ՝ գլխին հրազենային վնասվածք ստացած մի վիրավոր՝ Ռուբեն Թորոսյանը: Նրանք բոլորը, համաձայն ՀՔԾ-ի կողմից նշված դիպուկահարի տեղակայման վայրի, գտնվել են դիպուկահարի տեսադաշտում: «Վստա՞հ եք, որ դիպուկահարը ընդամենը մեկ կրակոց է արձակել, եւ ընդհանրապես, վստա՞հ եք, որ մեկ դիպուկահար է եղել»,- քննչական խմբին մի վերջին ճշգրտող հարց ուղղեց Դ. Շահնազարյանը, իշխանություններին խորհուրդ տալով իր երկու հարցերին տալ սպառիչ պատասխաններ, որ հետագայում ստիպված չլինեն նոր փաստերի առկայության ճնշման տակ իրենց հայտարարությունները նորից սրբագրել: Ավելին, Դ. Շահնազարյանը հստակ հասկացնել տվեց, որ կան բազմաթիվ, այդ թվում՝ բջջային հեռախոսներով արված տեսագրություններ, ընդ որում, ոչ միայն Լեո-Պարոնյան փողոցում տեղի ունեցածի վերաբերյալ, որտեղ շատ հստակ լսվում են ոչ միայն ինքնաձիգների, այլեւ այլ զենքի կրակոցի ձայներ: Նա վստահ էր, որ այդ տեսագրությունների ուսումնասիրությունից կարող է ակնհայտ դառնալ, որ իրականում եղել են ոչ թե մեկ, այլ մի քանի դիպուկահարների կողմից արձակված կրակոցներ, եւ ոչ միայն նշված փողոցներում:

ՀԱԿ ներկայացուցիչը տարակուսանք հայտնեց նաեւ, որ «Մարտի 1»-ին վերաբերող, մասնավորապես, «Յոթի» քրգործում չկան այն ոստիկանների, զինծառայողների, այդ թվում՝ նաեւ գոնե այդ մեկ դիպուկահարի զեկուցագրերը, որոնք մարտի 1-ին զենք կամ հատուկ միջոցներ են կիրառել, որի արդյունքում մարդիկ են զոհվել եւ վիրավորվել, բայց փոխարենը նրանց արձակած կրակոցներից 10 սպանվածների ու մյուս տուժողների գործերը կցված են «Յոթի» գործին: Դ. Շահնազարյանը հիշեցրեց, որ գործող օրենքով, եթե ոստիկանության, ոստիկանության զորքերի ծառայողների կողմից արձակված կրակոցից մարդ է սպանվում կամ վիրավորվում, նրանք պարտավոր են 24 ժամվա ընթացքում զեկուցել իրենց ղեկավարությանը, այնուհետեւ՝ դատախազությանը: «Բայց պարզվում է՝ դատախազությունը մեծ աշխատանք է կատարել այդ մեկ դիպուկահարին հայտնաբերելու»,- հեգնեց Դ. Շահնազարյանը՝ ակնարկելով նոր բացահայտումների հնարավորության մասին, եւ վստահեցրեց, որ ընդդիմությունը մարտի 1-ի վերաբերյալ դեռ շատ փաստեր ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել