Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է»

Նոյեմբեր 26,2008 00:00

\"\"Համոզված է թուրք փորձագետը

«Թուրքիայում արդեն հասկացել են, որ սահմանները փակ պահելով Լեռնային Ղարաբաղի հարցում ոչնչի չհասան, եւ հիմա շատերն են այնտեղ խոսում, որ անհրաժեշտ է բացել սահմանները: Նույնիսկ նրանք, ովքեր դեռ 90-ականներին լրատվամիջոցներում հանդես էին գալիս սահմանի փակմանը կողմ դիրքերից, հիմա արդեն ստիպված են խոստովանել, որ մինչեւ սահմանը չբացվի, որեւէ առաջընթաց դժվար թե լինի»,- երեկ «Առավոտի» խմբագրությունում կազմակերպված «կլոր սեղանի» ժամանակ հայտարարեց European Stability Initiative կազմակերպության առաջատար փորձագետ Նիգյար Գյոկսելը, որը Երեւանում է գտնվում «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» (տնօրեն՝ Ստեփան Գրիգորյան) եւ Հայաստանում ու Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատան համատեղ կազմակերպած «Հայ-թուրքական հարաբերություններում վստահության կառուցում՝ համագործակցության միջոցով» ծրագրի շրջանակներում:

«Առավոտ»-յան «կլոր սեղանը», որը նույնպես այդ ծրագրի շրջանակներում էր, ավելի շատ հիշեցնում էր մամուլի ասուլիս, քանի որ «Առավոտի» լրագրողներն ուղղակի հարցախեղդ արեցին Նիգյարին. ամեն օր չի հնարավորություն ընձեռվում հայ-թուրքական հարաբերությունների մասին լսել թուրք հասարակության տեսակետը, այն էլ բավականին կոմպետենտ մարդու կողմից:

Ըստ Նիգյարի՝ Աբդուլլա Գյուլի սեպտեմբերյան այցը Երեւան Թուրքիայում ընդունվեց մեծ ոգեւորությամբ, թեեւ այցի նշանակությունը երկուստեք՝ թե Հայաստանում եւ թե Թուրքիայում ուռճացված էր. «Դա պարզապես բարի կամքի դրսեւորում էր, եւ պարտադիր չէր, որ ինչ-որ բան նշանակի: Սակայն չի կարելի չնկատել, որ երկու երկրների հարաբերություններում նկատվում է որոշակի առաջընթաց: Համենայնդեպս, կան նման առաջընթացի սպասելու հիմքեր: Այս ամենը, ի վերջո, կհանգեցնի սահմանների բացմանն ու հարաբերությունների հաստատմանը: Դա անխուսափելի է: Չգիտեմ, թե երբ, բայց անպայման կլինի»: Բնական էր հետաքրքրությունը՝ իսկ Լեռնային Ղարաբաղի հա՞րցը, չէ՞ որ Թուրքիան սահմանի բացումն ուղղակիորեն կապում է ԼՂ հարցի հետ: «Ես չեմ պատկերացնում, թե ինչպես է դա կապվելու Ղարաբաղի հարցի հետ, բայց կարծում եմ, որ Թուրքիայի համար շատ ավելի հեշտ կլիներ անցնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սահմանների բացմանը, եթե հայկական կողմից ինչ-որ մի քայլ արվեր այդ առումով, ասենք՝ ինչ-որ մի տարածք ազատվեր կամ գոնե լիներ նման մի խոստում: Շատ զվարճալի է, երբ խոսում ես հայ-թուրքական հարաբերությունների մասին, Թուրքիան ասում է՝ պատմությունը մի կողմ դնենք, նոր, իսկ հայերն ասում են՝ Ղարաբաղի հարցը մի կողմ դնենք ու սկսենք: Այսինքն, երկու կողմն էլ ունի մի կողմ դնելու հարց, որը բարդացնում է վիճակը: Բայց այսօր ավելի ու ավելի շատ են թուրքերը, որոնք հասկանում են, որ պետք չէ ամեն ինչ կապել պատմության հետ»:

Հետաքրքիր մի վիճակագրություն էլ ներկայացրեց, համաձայն որի, Գյուլի այցը Հայաստան ադրբեջանցիների 90-95%-ը բացասական է ընդունել, իսկ Թուրքիայի բնակչության 65-68%-ը դրական արձագանքել: Նիգյար Գյոկսելը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը հիմնականում դեմ է Թուրքիայի ազգայնական ընդդիմությունը, ինչպես նաեւ հասարակության ազգայնական տրամադրված հատվածը: Եթե այստեղ թվում է, թե Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները հալած յուղի պես են ընթանում, Թուրքիան անվերապահորեն «պապա»-ություն է անում իր փոքր եղբորը, ապա Նիգյարն ասում է, որ թուրք-ադրբեջանական հարաբերություններում, հատկապես վերջերս, կան որոշակի նրբություններ, որոշակի անհամաձայնություններ եւ լարվածություններ, որոնցից այստեղ տեղյակ չեն: Ճիշտ է, նա նախընտրեց չմանրամասնել այդ նուրբ անհամաձայնությունները, սակայն նկատեց, որ Ադրբեջանի շահերով թուրք-հայկական հարցը պայմանավորում են հատկապես նույն ազգայնական տրամադրված քաղաքական ուժերն ու հասարակությունը:

Նիգյար Գյոկսելն ընդունում է, որ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների հետ կապված լուրջ խնդիրներ կան, եւ դրանում տեսնում է կառավարության մեղքը: Սակայն կապված հայկական գաղթօջախի խնդիրների հետ, շեշտում է, որ Հայաստանում կա նաեւ ապատեղեկատվություն: Նա ընդունում է, որ Թուրքիայի շատ հայկական եկեղեցիներ ներկայումս որպես սպորտդահլիճ կամ այլ բան են ծառայում, սակայն նաեւ նշում է, որ, օրինակ, հայաստանյան մամուլում երբեմն-երբեմն հայտնվող լուրերն այն մասին, թե, ասենք, թուրքերը հայկական եկեղեցիներն օգտագործում են իրենց զորավարժությունների ժամանակ որպես գնդակոծման թիրախ, ակնհայտ ապատեղեկատվություն է, եւ այլն: Նա շեշտեց, որ Թուրքիայի նորանշանակ մշակույթի նախարարը շատ առաջադեմ անձնավորություն է եւ շատ քայլեր է ձեռնարկում ազգային փոքրամասնությունների մշակութային խնդիրներին լուծում տալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել