Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-թուրքական եւ ԼՂՀ թնջուկի մասին

Նոյեմբեր 25,2008 00:00

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի եւ գրող Բակուր Կարապետյանի տեսակետները:

«Թուրքական ապատեղեկատվությունը հայկական լսարանում մասսայականացվեց, ստեղծեց լուրջ խնդիրներ նաեւ մեր թանգարանի աշխատանքներում»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ կապված Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի հետ, որի ընթացքում որոշ լրատվամիջոցներ լուրեր էին տարածել, թե խաղի ժամանակ Ցեղասպանության հուշահամալիրի գիշերային լուսավորությունն անջատված է եղել: Հ. Դեմոյանը կրկին շեշտեց. «Թուրքական ապատեղեկատվությունն ամեն օր շարունակում է իր քայքայիչ գործունեությունը տարածել հայ հասարակության շրջանում… Ցանկացած քննադատություն կընդունեմ, եթե, իհարկե, հիմնավոր է, կոնկրետ այս պարագայում խոսքը վերաբերում է, թուրքական ապատեղեկատվությունն օգտագործելով, ինչ-ինչ քաղաքական հարցեր լուծելուն»: Հ. Դեմոյանն, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, նշեց. «Թուրքիայի նախագահի հայաստանյան այցից հետո երկու երկրների հարաբերություններում էլ վայրէջքի տարրեր են նկատվում, ինչը կախված չէ հայկական կողմից»: Թանգարանի տնօրենը կարծիք հայտնեց, որ ՀՀ եւ Թուրքիայի նախագահների հանդիպմանը պետք է հետեւեին որոշակի գործողություններ, եւ ոչ թե հրապարակ նետվեին նախկին նախապայմանները. «Հայաստանի հետ համագործակցելու իր պատրաստակամությունն ապացուցելու համար Թուրքիան պետք է առավելագույնը մեկ տարում բացի Կարս-Գյումրի երկաթգիծը, որից հետո երկկողմանի բանակցություններ վարվեն՝ ՀՀ-ում ու Թուրքիայում դիվանագիտական ներկայացուցչություններ ունենալու ուղղությամբ: Թուրքական կողմը որեւէ հայտարարություն, գործողություն հայկական կողմի հետ հարաբերությունները բարելավվելու առումով՝ չպետք է կապի Ղարաբաղի հետ: Թուրքիան պետք է նաեւ ձեռնպահ մնա Հայաստանի հանդեպ ինֆորմացիոն քարոզչական օպերացիաներ մշակելուց եւ իրականացնելուց»: Հ. Դեմոյանը, խոսելով Ստամբուլում երկու երկրների ԱԳ նախարարների երեկվա հանդիպման մասին, ասաց, որ լուրջ տեղաշարժ չի ակնկալում: Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին էլ ասաց, որ կողմերը պետք է աշխատեն «մեկը՝ մեկի դիմաց» սկզբունքով. «Եթե տարածքի մասին խոսք է գնում, ապա պետք է այն համարժեքով փոխարինվի, եթե բարձրացվում է Աղդամի կամ Ֆիզուլիի խնդիրը, ապա համարժեքը պիտի ստանանք Շահումյանի տեսքով, իսկ եթե փախստականների հարց կա, ապա Ադրբեջանը կամ պետք է փախստական ընդունի, կամ էլ դրա դիմաց փոխհատուցում տա»:

Երեկ «Հանուն արդարության» շարժման ղեկավար, գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանն էլ հայտարարեց «Ժողովրդի մասնակցությամբ ներքեւից վերեւ ուղղված երկրի կառավարման համակարգի առաջին աստիճանի ստեղծման եւ վերլուծական կենտրոնի հիմնադրման մասին»: Նրա փոխանցմամբ՝ ՀՀ կառավարումն իրականացվում է վերեւից ներքեւ ուղղվածությամբ. «Արդյունքում՝ ծաղկում, բարգավաճում են բյուրոկրատիան, կոռուպցիան, անարդարությունը, անպատասխանատվությունն ու անպատժելիությունը, որոնք հասել են երկրի անվտանգության համար խոշոր չափերի»: Ըստ Բ. Կարապետյանի, արդեն գործելու է www.avetis.am վեբ-կայքը, որտեղ պարբերաբար կհրապարակվեն բնակչության դիմում-բողոքներն ու առաջարկությունները, կենտրոնն էլ, իր վերլուծությունները կայքում հրապարակելուց բացի, դրանք պարբերաբար կներկայացնի ՀՀ ԱԺ եւ կառավարության քննարկումներին: «Հանուն արդարության» շարժումը առանձին էջ կտրամադրի Սփյուռքից եւ ԼՂՀ-ից եկած նամակներին:

Բ. Կարապետյանը ներկայացրեց նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի՝ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Բարաք Օբամային ուղղված բաց նամակը, որտեղ մասնավորապես ասվում է. «ՀՀ քաղաքական վերնախավը Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան պատերազմից հետո հայտնվել է դիվանագիտական ծուղակում, ուստի ե՛ւ Մինսկի խմբի ձեւաչափով, ե՛ւ այլ բանակցություններում հանդես է գալիս որպես Ադրբեջանի հետ հակամարտող կողմ: Իսկ դա միջազգային հանրության կողմից ընկալվում է, որ Ադրբեջանին հարեւան Հայաստանը բռնազավթել է Ադրբեջանի տարածքի մի մասը: Ադրբեջանը հանդես է գալիս որպես պահանջատեր… Ադրբեջանը հաշվարկել էր, որ եթե որպես հակամարտող ու բանակցող կողմ ընդունվի ԼՂՀ-ն, ապա ըստ ՄԱԿ-ի խարտիայի 1-ին հոդվածի 2 կետի՝ «Հավասար իրավունքները եւ ինքնորոշումը ամենահիմնական սկզբունքներն են» դրույթի, ինքը ռազմական պարտությունից բացի՝ դիվանագիտական լուրջ պարտություն է կրելու…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել