Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԻՆԸ» ՄՏԱԾՈՒՄ Է ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ

Նոյեմբեր 25,2008 00:00

\"\"Հայաստանում եւ Թուրքիայում՝ կինոփառատոների միջոցով

Աշխարհում շատ են կինոփառատոները: Հայաստանում որոշել են դրանց մեջ «սեռական տարբերակում» մտցնել, եւ արդեն 5-րդ անգամ, նոյեմբերի 28-դեկտեմբերի 2-ը կանցկացվի «Կին» միջազգային կինոփառատոնը, գուցե պարտադրելով հանդիսատեսին՝ կանանց ստեղծած ֆիլմերը դիտելիս ու գնահատելիս առաջնորդվել քնքշանքով ու կնամեծարությամբ… Նման վերնագրով փառատոն մեկ էլ Թուրքիայում է անցկացվում:

Հիշեցնենք, որ փառատոնը նպատակ ունի վերաիմաստավորելու կնոջ դերն ու տեղը հասարակության մեջ, լուսաբանելու նրա խնդիրները, ձեւավորելու մի նոր հենակետ, որը կնպաստի նոր անունների բացահայտմանը, ինչպես նաեւ տարբեր ազգերի մշակույթների փոխընկալմանն ու փոխըմբռնմանը:

«Առավոտը» հանդիպեց փառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանին: Նա տեղեկացրեց, որ փառատոնում ներկայացված է 50 ֆիլմ՝ 11 երկրից: Ժյուրիի կազմում ընդգրկված հայ արվեստագետներն առաջին անգամ կաշխատեն կանադացի օսկարակիր կինոռեժիսոր Բեւերլի Շաֆերի (նրա «Ես կգտնեմ ճանապարհը» ֆիլմը 1978թ. արժանացել է Օսկարի) եւ Մոսկվայի կինեմատոգրաֆիստների միության քարտուղար Անդրեյ Գերասիմովի հետ: Զրույցի սկզբում Մ. Օհանյանն ասաց, որ այս տարին իրենց համար հոբելյանական է եւ հույս հայտնեց, թե կգա ժամանակ ու կտեսնենք, որ շատ կին ռեժիսորների ստեղծագործական ծնունդը կայացել է հենց «Կին» փառատոնի շնորհիվ: Մեր հետաքրքրությանը, թե նախկին փառատոներից հետո «Կինը» կոնկրետ ո՞ր հայուհու առջեւ ճանապարհ հարթեց դեպի միջազգային ասպարեզ, տիկին Օհանյանը, նշելով, որ այդ առիթով դեռ «գլուխ չենք կարող գովել», ասաց. «Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ առաջին անգամ հանդիսատեսին կներկայանա միանգամից մի քանի հայ կինոռեժիսոր, այդ թվում՝ Վիկտորյա Փոշոտյանը, Արփինե Սիմոնյանը, Սիրանուշ Պապյանը, Մարինե Մարտիրոսյանը: Հյուրերի թվում էլ կներկայացվեն Սեդա Գրիգորյանի, Լիլիթ Մովսիսյանի, Արուսյակ Սիմոնյանի նկարները: Համաձայնեք, որ քանակական առումով սա խոսուն փաստ է»: Իսկ այն փաստին, որ փառատոնն անց է կացվում ներհանրապետական ընդգրկմամբ, կարո՞ղ են արմատավորել արտահայտչական նոր սկզբունքներ, նոր կինոլեզու, մանավանդ որ, մեղմ ասած, ազգային կինեմատոգրաֆն այսօր աչքի չի ընկնում ժամանակակից գեղագիտական մտածողությամբ, Մ. Օհանյանը ուներ հետեւյալ պատասխանը. «Չեմ կարող ասել, որ փորձ է կատարվում կինոփառատոնային ոլորտում հայտնագործություն կատարելու, սակայն կարեւորում ենք այն փաստը, որ ֆիլմերն արտահայտում են զուտ կանանց տեսակետը ու հնարավորություն ընձեռում հետադարձ կապի՝ յուրաքանչյուր ցուցադրությունից հետո ռեժիսորը եւ հանդիսատեսը կարող են շփվել միմյանց հետ, ինչից հայկական կինոն զրկված է: Էկրաններին հատուկենտ ցուցադրվող հայ կինոռեժիսորների ֆիլմերի ավարտին գոնե ես չեմ հիշում նման նախադեպ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել