Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթը որոշ «տիրույթներից» դուրս է

Նոյեմբեր 25,2008 00:00

Մարզպետարանների ինտերնետային կայքերի մշակույթի բաժինները անօգտագործելի են՝ իրենց դատարկության պատճառով:

Մարզերում մշակութային կյանքին վերաբերող տեղեկություններին ծանոթանալու, ինչպես նաեւ մշակույթի նկատմամբ մարզպետարանների վերաբերմունքը պարզելու համար՝ փորձեցինք մեզ հետաքրքրող տեղեկատվությունը փնտրել նրանց պաշտոնական կայքէջերում: Ինչպես մշակույթի նախարարության կայքէջը (http//www.mincult.am), այնպես էլ մարզպետարանների մշակութային էջերը «անատամ» են եւ բովանդակազուրկ: Օրինակ, Արագածոտնի մարզպետարանի կայքէջի մշակութային բաժինը (https://aragatsotn.region.am/egov/dispatcher) հանրապետության մարզպետարանների կայքէջերի համեմատությամբ ամենատխուրն է, քանի որ, բացի եկեղեցիների, մշակութային օջախների, թանգարանների հասցեներն ու հեռախոսահամարները նշելուց, այլ տեղեկատվություն չի պարունակում: Այնպիսի տպավորություն է, որ կա՛մ Արագածոտնում ընդհանրապես մշակույթի մասին մոռացել են, կա՛մ էլ թքած ունեն այդ ոլորտի վրա:

Արմավիրի մարզպետարանի կայքում՝ (https://armavir.region.am/egov/dispatcher), բացի հասցեներ նշելուց՝ մի քիչ էլ բառախաղով են էջը լցրել: Ասենք, թատրոնի մասին որպես «տեղեկատվություն» նշել են ընդամենը մի քանի ոչինչ չասող նախադասություն. «Հավաքված հարուստ պատմական արժեքները տվել է գրողների, մտավորականների, գիտնականների, մանկավարժների ականավոր դեմքեր, հանդիսացել է նրանց կայացման անկյունաքարը»:

Կոտայքում (https://kotayk.region.am/egov/ dispatcher) էլ են «չոր» անդրադարձել մշակույթին: Կայքից օգտվողներին նպատակահարմար են գտել ծանոթացնել միայն հասցեներին ու թվաբանական տվյալներին, ասենք՝ մարզում գործում է 59 գրադարան կամ մեկ թատրոն եւ այլն:

«Խուճուճ» արտահայտություններով եւ ճոռոմ բառերով կայքը «համեմելու» հարցում չի զլացել միայն Լոռու մարզպետարանը՝ https://lori.region.am: Այստեղ նույնիսկ սեփական մեկնաբանություններն են արել, օրինակ՝ այն մասին, թե սրբություն են գիրքն ու գրադարանը, իսկ լոռեցիները ամենաեկեղեցապաշտն են: Մի խոսքով, ինտերնետային էջում կա ամեն ինչ, բացի տեղական մշակութային անցուդարձից: Կայքում թանգարանը բնութագրել են հետեւյալ կերպ. «Թանգարանը բացառիկ մի աշխարհ է, որին սիրահարվելը այնքան հեշտ է, դավաճանելը՝ գրեթե անհնար, որովհետեւ թանգարան ոտք դնող յուրաքանչյուր մարդու համար շոշափելի է դառնում իրականի եւ հեքիաթայինի սահմանը: Հայ ժողովուրդը յուրահատուկ վերաբերմունք ունի իր պատմական արժեքների նկատմամբ: Անկախ երկրի վիճակից, հայը պահպանել եւ պահպանում է իր՝ դարերի խորքից եկող եւ դրանց մասին պատմող ցուցանմուշները: Լոռու մարզում գործում է 9 թանգարան, որոնցից 2-ը գյուղերում են՝ Կուրթան, Դսեղ, 6-ը՝ քաղաքներում՝ Վանաձոր, Ալավերդի, Թումանյան, Ստեփանավան»: Լոռու մարզպետարանում այնքան են ընկել բառերի ետեւից, որ մոռացել են նույնիսկ նախադասությունները կետադրել: Ոչ պակաս վարպետությամբ են ներկայացրել նաեւ գրադարանի բաժինը՝ «Գիրքը սրբություն է, գրադարանը՝ յուրատեսակ սրբավայր: Գրադարանի կարեւորագույն գործառույթներից է գրավոր մտքի պահպանումը, համալրումն ու փոխանցումը սերունդներին…»:

Աղքատիկներից է նաեւ Սյունիքի մարզպետարանի կայքէջը (https://syunik.region.am/ egov/dispatcher): Ընդամենը գրել են մշակութային օջախների հեռախոսահամարներն ու հասցեները եւ չեն զլացել նշել, որ, օրինակ, մարզում գործում են մի շարք եկեղեցիներ կամ թանգարաններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել