Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխհատուցել են մաս-մաս

Նոյեմբեր 25,2008 00:00

Ինչի պատճառով իրացման գոտու բնակիչը 6 տարի դրսում է

«Արդեն քանի ամիս է՝ չեմ կարողանում տանս վարձը տալ: Միայնակ մայր եմ, չեմ աշխատում, տղաս էլ չի աշխատում, ինչպե՞ս վճարենք: Նախորդ անգամ վարձի փոխարեն տանտերը սառնարանը վերցրեց, հետո էլ լվացքի մեքենան, հիմա ոչինչ չունեմ, որ գոնե վարձի փոխարեն էլի մի բան տամ, բնակարանի տերն էլ ասում է՝ դուրս արի, բայց դուրս գամ՝ ո՞ւր գնամ, տունս քանդել են: Առաջ 4 պատ ունեի, տունս փոքր էր, բայց իմն էր, հիմա ոչինչ էլ չունեմ»,- պատմեց օրերս մեր խմբագրություն այցելած, նախկինում Աբովյան փողոցի 1/2 հասցեի բնակիչ Գոհար Պետրոսյանը: Նրա տունն արդեն 6 տարի իրացվել է: Չնայած Գ. Պետրոսյանի բնակարանը գտնվել է Երեւանի կենտրոնում եւ զբաղեցրել է մոտ 60 քմ, այդքան տարածքի համար նրան առաջարկել են ընդամենը $2050, իսկ տարածքի սեփականատեր «Անիկոմ» ՍՊԸ-ն, իբրեւ բարի կամքի դրսեւորում, նրան վճարել է $14 000: Գումարը տիկին Գոհարը ստացել է մաս-մաս: Նրա պատմելով, հենց այդ պատճառով էլ չի կարողացել անգամ 1 սենյականոց բնակարան գնել Երեւանի ծայրամասերում. «Որ գումարը տալիս էին, տանում էի «բեհը» թողնում, որ հետո մնացածն էլ տամ, բայց իմ գումարներն ուշացնում էին ու ես էլի չէի կարողանում պայմանավորված ժամկետում գումարը տալ»: Տիկին Գոհարի խոսքերով՝ իր տան գումարը ճիշտ չեն հաշվարկել. «Ես տանս դիմաց հողամաս ունեի, փոքրիկ խոհանոց, վերջապես՝ բաղնիք-զուգարան ունեի, որոնք չեն ներառել հատակագծի մեջ, դրա համար էլ իմ գումարն այդքան քիչ է ստացվել: Նրանք փաստացի հաշվել են 60 քմ, այնինչ ես ունեցել եմ 100 քմ: Ճիշտ է, տանս դիմացի հատվածը սեփականաշնորհված չի եղել, բայց ես փաստաթղթեր ունեմ, որ բազմաթիվ անգամ եմ դիմել տարածքը սեփականաշնորհելու: Ամեն անգամ ինձ մերժել են»: Նրա ներկայացմամբ՝ այդ ժամանակահատվածում որդին բանակում է եղել, ուստի տարածքի նոր սեփականատերերը տղային հասանելիք $3500 տան գումարը չեն հաշվարկել: «Եթե չափագրումները ճիշտ լինեին, այդ գումարն էլ տային, ես հիմա «բոմժ» չէի լինի: Պետությունն ինձ հարկադիր կերպով «բոմժ» դարձրեց»,- ասաց Գ. Պետրոսյանը: Որդու հանգամանքն անտեսելու համար Գ. Պետրոսյանը դիմել է Սերժ Սարգսյանին, որն այն ժամանակ դեռեւս պաշտպանության նախարար էր: ՊՆ-ից Երեւանի քաղաքապետարանին հրահանգել են օժանդակել, սակայն այդ օժանդակությունն այդպես էլ տեղ չի հասել: Մեր հարցին՝ եթե համաձայն չի եղել գումարի չափի հետ, ինչո՞ւ է ստորագրել տան հանձնման պայմանագիրը, տիկին Գոհարն ասաց. «Չէի համաձայնում իմ տնից դուրս գալ, ինձ մի օր կանչեցին էդ մարդիկ ու ասացին, որ եթե չստորագրեմ, տղաս բանակից հետ չի գա, ես էլ առանց նայելու ինչ է՝ ստորագրել եմ: Հիմա տղաս եկել է, փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է, բուհ ընդունվեց, աշխատում էր, բայց փակվեց նրանց «ցեխը», չկարողացավ այլ տեղ աշխատանք գտնել, դուրս մնաց ինստիտուտից»: Նա պատմեց նաեւ, որ պայմանագիրը ստորագրելուց հետո սեփականատերերը պարտավորվել են եւս $4950 տալ տիկին Գոհարին՝ որպես խրախուսանք, եթե նա 10 օրվա ընթացքում դուրս գա իր տնից. «3 օր հետո ինձ իմ տնից ուղղակի դուրս շպրտեցին եւ մի քոռ կոպեկ էլ չտվեցին»:

Այս անօրինականությունների դեմ պայքարելու համար Գ. Պետրոսյանը դիմել է դատարան: Նրա խոսքերով՝ անցել է դատական բոլոր ատյաններով. «Վերջին անգամ ինձ կրկին մերժեցին՝ հիմնավորելով, որ չեմ ներկայացրել պահանջվող բոլոր փաստաթղթերը: Իսկ թե ինչը հատկապես չեմ ներկայացրել՝ չեն ասում: Ես պետք է գնամ դիմեմ բոլոր երկրների դեսպանատներ ու ապաստան խնդրեմ: Որ երկիրը ինձ տեղ կտա՝ այնտեղ էլ կգնամ կապրեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել