Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՐՏՔԱԽԵՂԴ ԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ»

Նոյեմբեր 25,2008 00:00

\"\"Երեկ Գյումրիում մի խումբ տաքսու վարորդներ բողոքի ակցիա էին կազմակերպել

Կառավարության այն որոշումը, համաձայն որի՝ հարկային դաշտ են մտնելու նաեւ տաքսիների անհատ ձեռներեց վարորդները, դժգոհության մեծ ալիք է բարձրացրել հատկապես Գյումրիում: Երեկ վաղ առավոտյան վարորդները շտապել էին Շիրակի մարզպետարան՝ իրենց բնութագրմամբ՝ «անսպասելի ու անխոհեմ» որոշման դեմ իրենց առարկությունները ներկայացնելու: Նրանց ասելով՝ որոշում կայացնելիս հաշվի չեն առնվել աղետի գոտու առանձնահատկությունները, օրինակ՝ այն, որ Շիրակի մարզը մայրաքաղաքի պես եկամտաբեր չէ. «Այստեղ օդանավակայանը, կայարանը մայրաքաղաքի նման չեն գործում, որպեսզի գոնե մարդ տանենք-բերենք, ոչ էլ թամամ փողոց կա, իսկ բնակիչները տաքսուն 500 դրամ տալու փոխարեն՝ գերադասում են ոտքով քայլել: Էստեղ ընդամենը 2 բուդկա կա, բուդկչին էլ ոտքով է տուն գնում, ո՞վ է տաքսի նստողը, ստեղ քաղաք չէ, ծերանոց է, ժամը 4-ից հետո մոմով մարդ պիտի ման գաս, իսկ Երեւան՝ կրուգլի տարին ամառ է, սաղ տրասներն էլ սարքած են: Այս որոշմամբ հատկապես գյումրեցիներիս պարտքախեղդ են անում, էնպիսի գներից են խոսում, որ անկախ քո կամքից՝ զզված թողնես, Հայաստանից գնաս: Դե հաշվեք՝ 90 հազար դրամ հաշվիչ տեղադրելն է, 25 հազար դրամ լիցենզիա հանելու համար պետք է տաս, 7 հազար ամեն ամիս կենսաթոշակայինի ֆոնդին պիտի մուծես, 8 հազար՝ հարկայինին, 50 հազարը գերազանցում է ծախսերը»,- մեզ հետ զրույցում դժգոհեցին անհատ վարորդները՝ հաշվարկելով ու տեսնելով, որ մի բան էլ մեծ պարտքերի տակ պիտի հայտնվեն: Սակայն նրանց ամենից շատ հուզել էր որոշման այն կետը, համաձայն որի՝ մեքենան ամենաշատը 10 տարվա արտադրանք պիտի լինի:

Վարորդների մեկնաբանմամբ, սա Գյումրիի պայմաններում նշանակում է մոռանալ տաքսի քշելու մասին: «Գիտե՞ք ինչն է զարմանալի, 30 տարվա «սամալյոտներով» 300 հոգի նստացնում-թռցնում են, մարդկանց քցելուց հետո էլ տերը չեն, հայտարարում են, որ «լյոտչիկն» է մեղավոր, իսկ մեր կարգին «տեխասմոտր» անցած մեքենան գործածությունից հանել են տալիս: Եթե իմ ավտոն «տեխասմոտր» է անցել ու 100%-անոց է ճանաչվել, էլ ի՞նչ են ուզոււմ, ուրեմն ի վիճակի է, չէ՞, երթեւեկելու, ասում են՝ գնա գողություն արա, նոր ավտո առ, մի բան էլ մատնանշում են, թե որ օլիգարխից առնենք, էսպես են երկիր կառուցո՞ւմ»: Վարորդների ասելով՝ այսպիսի պայմանների դեպքում Շիրակի մարզում գործազրկության նոր ալիք կսկսվի, ու սովի կմատնվի առնվազն 3 հազար ընտանիք:

Տեղեկացնենք, որ մայրաքաղաքից ժամանած ճանապարհային հսկիչներն արդեն իսկ սկսել են իրենց «սեւ գործը». կառավարության որոշումը դեռ կիրառության մեջ չմտած՝ դեղին պետհամարանիշ չունենալու մեղադրանքով հասցրել էին տուգանել 2 վարորդի, նույնիսկ, ըստ վարորդների, տրանսպորտի նախարարության Շիրակի մարզի տեսուչը խփել է վարորդներից մեկին: Իսկ ինչո՞վ կարող է օգնել մարզպետարանը. այս հարցի շուրջ պարզաբանումներ ստացանք սոցիալ-տնտեսական վարչության պետ Մարտին Տոնոյանից: Պաշտոնյան տեղեկացրեց, որ իրենք բացատրական աշխատանք են կատարել, օրինակ, հասկացրել են, որ անկախ ամեն ինչից, օրենքը միանշանակ պիտի կիրառվի, քանի որ տարբեր հանձնաժողովների ուսումնասիրման ու անցկացված մոնիտորինգների արդյունքում է այն ընդունվել: Մինչդեռ, ըստ վարորդների, այս կապակցությամբ իրենց ոչ մի հարցում չեն արել, ընդհակառակը՝ անակնկալի են բերել, ՀՀ տրանսպորտային տեսչության պետ Ա. Հարությունյանը լույսը չբացված՝ հետեւյալ բովանդակությամբ նախազգուշական թերթիկներ է ուղարկել. «ՀՀ տրանսպորտային տեսչությունը զգուշացնում է, որ ձեր կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլով փոխադրումները իրականացվում են «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենսդրության «Ավտոմոբիլային տրանսպորտի» մասին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքների եւ ՀՀ կառավարության 2007 թ. մարտի 22-ի ՀՀ-ում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը հաստատելու մասին թիվ 655 N որոշման պահանջների խախտումներով: Տեղեկացնում եմ, որ նման խախտումների կրկնվելու դեպքում ձեր նկատմամբ կկիրառվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված ներազդման միջոցներ»: Ու թեեւ մարզպետ Լիդա Նանյանը վարորդներին խոստացել է նրանց առաջարկները ներկայացնել Ազգային ժողով ու մինչեւ հունվարի 1-ն ապահովագրել ոստիկանների ճնշումներից, սակայն վարորդները հաջողության հասնելու հարցում այնքան էլ վստահ չեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել