Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՃՆՇՈ՞ՒՄ Է

Նոյեմբեր 25,2008 00:00

Մարտի 1-ի հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական պաշտպանի հայտարարություններին, ասաց. «Իմ կարծիքով, Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատարը ՀՀ-ում ենթարկվեց փոքր բարոյական ճնշման եւ տեղի տվեց: Ինքը մտքեր է արտահայտում, որը չեմ կարծում, որ ճիշտ է որպես համաեվրոպական օմբուդսմեն, կասկածի է ենթարկում դատարանների վճիռները, նախապես վերաբերմունք է արտահայտում սպասվող դատական պրոցեսների նկատմամբ: Սա ճիշտ եւ կոռեկտ մոտեցում չեմ համարում»: Ըստ Ս. Նիկոյանի՝ այն, որ բանտարկյալները Համմարբերգին կալանավայրերում դիմավորել են ծափողջույններով՝ «քաղաքական ճնշման ձեւ է՝ իրենց ցանկալի արդյունքին հասնելու համար: Սա շատ փորձված մեթոդ է, եւ առաջին անգամը չի: Ընտրություններից հետո եվրոպական դիտորդական կառույցները տվեցին եզրակացություն, տեսաք, թե հետագայում ինչպես այդ եզրակացությունը որոշակի բացասական շեշտադրում ստացավ, երբ ընդդիմությունը ԵԽ-ին, ԵԱՀԿ-ին եւ միջազգային դիտորդներին դաժան քննադատության ենթարկեց»: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը բոլորովին հակառակ կարծիքին էր: Նա, հիշեցնելով, որ Թ. Համմարբերգը հայտնի է որպես «Միջազգային ներումի» ղեկավար եւ որպես վերին աստիճանի նվիրյալ եւ պրոֆեսիոնալ, ասաց. «Ինքը չունի այլ խնդիր, քան այն, ինչ հնչեցնում է: Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են իր գնահատականները համարում խիստ: Դրանք իրողության անկողմնակալ գնահատականներ են: Նա չի ասել իր վերջնագիրը, ասել է՝ դեռ կսպասի որոշ հարցերի վերջնական լուծմանը, այն կոռեկտ պահվածքը, որով նա աշխատում է, էլի խոսում է այն մասին, որ պարոն Համմարբերգի գնահատականները համազոր են առկա իրավիճակին»: Լ. Ալավերդյանը վստահ է, որ ԵԽ-ում Հայաստանի նկատմամբ խիստ պատժամիջոցներ չեն կիրառվի. «Ես գրեթե համոզված եմ, որ գործը չի հասնի սանկցիաների եւ դա՝ զուտ այն պատճառով, որ ԵԽ-ում այնպիսիները կան, ինչպիսին է Ադրբեջանը եւ մի շարք այլ երկրներ, որտեղ մարդու իրավունքների ոտնահարումները զանգվածային են, եւ չեմ տեսել, որ նրանց հանդեպ լինի կոշտ վերաբերմունք»: Նաեւ հույս հայտնեց, որ իշխանությունները նույնպես հետեւություններ կանեն. «Չմոռանանք, որ կա 10 զոհ եւ 219 վիրավոր, մեղավորները պետք է բացահայտվեն ու պատժվեն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել