Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքի ու մահվան կռիվ

Նոյեմբեր 25,2008 00:00

Դրեզդենում ընթացող շախմատի տղամարդկանց 38-րդ եւ կանանց 23-րդ համաշխարհային օլիմպիադաների ավարտին մնում է ընդամենը մեկ տուր, որը կայանալու է այսօր:

Ամբողջ մրցաշարի ընթացքում գերազանց հանդես եկած Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը շաբաթ օրը կայացած 9-րդ տուրում 1,5:2,5 հաշվով տանուլ է տվել Իսրայելի թիմին եւ որոշակիորեն դժվարացրել երկրորդ անգամ անընդմեջ չեմպիոնի կոչումը նվաճելու հնարավորությունը: Առաջին խաղատախտակի առջեւ Լեւոն Արոնյանը պարտվել է Բորիս Գելֆանդին, Վլադիմիր Հակոբյանը միավորը բաժանել է Մայքլ Ռոյզի հետ, Տիգրան Պետրոսյանն իրեն պարտված է ճանաչել Մաքսիմ Ռոդշտեյնի հետ պայքարում: Միակ հաղթանակը տարել է Գաբրիել Սարգսյանը՝ հարկադրելով անձնատուր լինել Բորիս Ավրուխին: Այս մրցաշարում Իսրայելի հավաքականը, որը բավականին բարձր (անգամ մեր ընտրանուց) վարկանիշ ունի, բայց օլիմպիադայի մեկնարկից առաջ հաղթողի գլխավոր թեկնածուներից չէր համարվում, հանդես է գալիս մեծ վերելքով ու մի քանի ուժեղ երկրների ճանապարհ է փակել, այդ թվում՝ նաեւ Հայաստանի: Սակայն օլիմպիադան մեկնաբանող լրատվամիջոցները մի հետաքրքիր միջադեպ են նկարագրում, որը, հնարավոր է, ճակատագրական եղավ այդ օրը մեր թիմի գրանցած ընդհանուր հաշվի հարցում: Բանն այն է, որ Գելֆանդի հետ պարտիայում սպիտակներով խաղացող Արոնյանի առաջին քայլը (c2-c4) կատարել է ոչ թե մեր գրոսմայստերը, այլ ինչ-որ մի շեյխ, որը դա նախապես չի համաձայնեցրել շախմատիստի հետ: Եվ այդ քայլը Լեւոնը թողել է ուժի մեջ, թեեւ իրավունք ուներ այն չեղյալ համարել: Դժվար է ասել, թե Արոնյանի ասպետությունն արդյոք տեղի՞ն էր թիմի համար այդ կարեւոր պահին: Աստված մի արասցե, եթե այնքան մոտ գտնվող ոսկե մեդալից զրկվենք՝ այդ մեկ միավորի կորուստը շատ է հիշվելու: Այդուհանդերձ, 10-րդ տուրում մեր տղաների քառյակը 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Սերբիայի նկատմամբ եւ 17,0 միավորով (նույնքան միավոր ունի նաեւ Ուկրաինան) լրացուցիչ գործակիցների հաշվին շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: 10-րդ տուրից հետո համաշխարհային օլիմպիադայի հաղթողի կոչմանը հավակնում է չորս հավաքական՝ 17-ական միավոր վաստակած Հայաստանը եւ Ուկրաինան, ինչպես նաեւ նրանցից ընդամենը 1,0 միավոր պակաս ունեցող Իսրայելը եւ Չինաստանը: Մեկօրյա հանգստից հետո այսօր վճռորոշ՝ 11-րդ տուրում Հայաստանը հանդիպում է Չինաստանի, Ուկրաինան՝ ԱՄՆ-ի, Իսրայելը՝ Հոլանդիայի (15 միավոր) հետ: Ստեղծված բարդագույն իրավիճակում մեր հավաքականին օդի պես հաղթանակ է հարկավոր: Ոչ-ոքին մեզ ձեռք կտա, եթե Ուկրաինան եւ Իսրայելը նույնպես լավագույն դեպքում ոչ-ոքի խաղան:

Կանանց պայքարում մեր աղջիկները վերագտել են իրենց խաղը: 9-րդ տուրում նրանք առավելության են հասել Արգենտինայի նկատմամբ՝ 3,5:0,5, 10-րդում նվազագույն՝ 1,5:2,5 հաշվով զիջել միանձնյա առաջատար Լեհաստանին եւ այսօր Հնդկաստանի հետ կայանալիք եզրափակիչ տուրից առաջ 14 միավորով ընթանում են 8-րդ հորիզոնականում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել