Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունների մոտեցումը պարտվողական է

Նոյեմբեր 25,2008 00:00

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը նախատում է իշխանավորներին՝ հայրենիքի մի մասը՝ ազատագրված տարածքները, «թալանի վայր» դիտելու համար:

«Մեր հայրենիքի մասն է: Ով գիտի՝ թե ինչ ասել է հայրենիք, ով գիտի մարդու, հողի՝ երկրագնդի մի կտորի հոգեւոր կապը, երբեք չի մտածի, չի պատկերացնի այդ հողն այս կամ այն կերպ փչացնելու մասին»,- «Առավոտին» ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Ալեքսան Հակոբյանը ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր էր: Ապա նա երկար տարիներ ղեկավարում էր Քաշաթաղի (Լաչինի) վարչակազմը: Մեր տեղեկություններով, Ալեքսան Հակոբյանը վերջին շրջանում, երբ ազատագրված տարածքները վերադարձնելու մասին խոսակցությունները կրկին օրակարգում են, եւ հանուն այդ տարածքների պահպանման պայքարողները փողոց են դուրս գալիս, կրկին սկսել է ակտիվ գործունեություն ծավալել՝ ակտիվ շփումների մեջ է «Միացում» ազգային նախաձեռնության համակարգողների հետ, առաջիկայում կմասնակցի նախաձեռնության կազմակերպած ակցիաներին:

Պարոն Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այժմ ինքը մեր հայրենիքի մի մասը կորցնելու իրական վտանգ տեսնո՞ւմ է: Նրա կարծիքը միանշանակ հնչեց՝ «այո»: Իսկ ինչո՞ւմ է այդ վտանգը, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանը իր բազմաթիվ հարցազրույցների ժամանակ հնչեցնում է, որ չի պատրաստվում զիջել մեր հողերը: Նույնիսկ կուսակցությունների ղեկավարները նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողներին վստահեցնում էին, որ Սերժ Սարգսյանը հողերը չի վերադարձնելու: «Այն «թիզի» մասին, որ խոսում են՝ ես լավ գիտեմ»,- փակագծերը բացել չցանկանալով՝ ասաց մեր զրուցակիցը: «Հայրենիքը պիտի լինի շեն ու սիրված՝ մարդկանց կողմից: Ոչ թե կազմակերպված պետք է սիրեն հայրենիքը, այլ յուրաքանչյուրն այն իրենը համարելով պիտի սիրի: Եթե մարդիկ չկան հայրենիքի այդ կտորի վրա, եւ այդ կտորը սիրում են միայն որպես օգտագործման, թալանի վայր, դա նույնպես կորուստ է, որը բերում է մյուս՝ ֆիզիկական կորստին: Իսկ մեր սերունդները հետո դա հետ չեն բերելու: Այս է վտանգը»,- ասում է Ալեքսան Հակոբյանը:

Ի հավաստումն ազատագրված տարածքների վերադարձի իշխանությունների պատրաստությունների՝ հայաստանյան մամուլում հրապարակումներ եղան, որ նշյալ վայրերում աշնանացան չի ցանվել: Նկատենք, որ այդ հողերի մշակությամբ զբաղվում են հայտնի գեներալներ, որոնք այս կամ այն կերպ վայելում են իշխանությունների բարեհաճությունը: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ հավաստի՞ են աշնանացանի տապալման մասին խոսակցությունները: Նա պարզաբանեց, որ աշնանացան արվել է, բայց ոչ այն ծավալով, ինչ սովորաբար եղել է, նաեւ այլ բացահայտումներ էլ արեց. «Շինարարության իրականացման համար նախատեսված գումարները սկսել են տրվել միայն ամառվանից եւ շատ փոքր չափերով, մինչդեռ դա նախապես պիտի տրվեր եւ բավարար չափերով, որպեսզի ամռանը աշխատանքները մարդիկ կարողանային ավարտել: Դա գալիս է ոչ միայն նրանից, որ ինչ-որ մեկն արդեն մտքին մի բան է դրել, այլ՝ ընդհանուր մոտեցումը, մթնոլորտն է այդպիսին: Իսկ մթնոլորտը միայն մեկի որոշելով չի. հազարավոր մարդկանց, բնակիչների մեջ չկա վստահություն, իսկ երբ դա չկա՝ չկա նաեւ ձգտում, ուստի ե՛ւ աշնանացան չի լինում, ե՛ւ շինարարություն, ե՛ւ երեխային դպրոց ուղարկելու ցանկություն, եւ մարդիկ սկսում են մտածել տեղափոխվելու մասին»:

«Առավոտի» դիտարկմանը՝ ժողովրդի տրամադրություններն է՞լ են պարտվողական, պարոն Հակոբյանը հակադարձեց. «Ժողովրդի համար այդ բառը չէի օգտագործի: Իսկ իշխանությունների մոտեցումն, անկասկած, պարտվողական է»: Սակայն անկախ ամեն տեսակի հոռետեսական տրամադրություններից, մեր զրուցակիցը կասկած չունի, որ ժողովուրդը ոտքի կկանգնի՝ հանուն հող հայրենիի պաշտպանության եւ չի թույլատրի որեւէ «դավադիր» պայմանավորվածության իրագործում: Հանուն ազատագրված տարածքների պահպանության՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամը պատրաստվում է ակտիվ պայքար մղել, բայց քաղաքականություն վերադառնալ չի պատրաստվում: Գերադասում է իր հիմնական ժամանակը նվիրել գիտությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել