Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒԶՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԶԵԿՈՒՅՑԸ ԼԻՆԻ ԱՐԴԱՐԱՑԻ»

Նոյեմբեր 25,2008 00:00

\"\"Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի սպասվելիք զեկույցի մասին ասաց «Մարտի 1»-ի գործով բանտարկված Սուրեն Սիրունյանը:

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Մարտի 1»-ի գործով կալանավորված Սուրեն Սիրունյանը երեկ զանգահարեց մեզ եւ տեղեկացրեց, որ ուրբաթ, նոյեմբերի 21-ին, իրենք՝ քաղբանտարկյալները, իրոք, Մարդու իրավունքների եվրոպական պաշտպան Թոմաս Համմարբերգին ընդունել են ծափողջույններով, բայց ոչ՝ հեգնանքով. «Քաղաքական պատանդները պարոն Համմարբերգին դիմավորել են մեծ ոգեւորությամբ, ծափահարություններով, դա իր մեջ չէր պարունակում ոչ մի կաթիլ հեգնանք, ընդհակառակը՝ դա հարգանք էր Թոմաս Համմարբերգի անձի նկատմամբ, քանի որ վերջին շրջանում, նաեւ իր նախկինում հնչեցրած զեկույցներում զգացվում է, որ պարոն Համմարբերգը լրջորեն մտահոգված է մարտի 1-ից հետո Հայաստանում տիրող իրավիճակով, քաղբանտարկյալների առկայությամբ եւ այլնով: Ես վստահ եմ, որ պարոն Համմարբերգը շատ ավելի լավ հասկացավ մեր քայլը եւ ժպիտով ու ձեռքի շարժումով ողջունեց մեզ: Իսկ ինչ վերաբերում է եվրոպական կառույցների հանդեպ մեր վերաբերմունքին, ապա, եթե Համմարբերգի փոխարեն «Վարդաշեն» այցելեին պրեսկոտները եւ կոլոմբիեները, կփորձեինք մեր պատուհաններից գումարներ նետել ներքեւ, որովհետեւ համատարած խոսակցությունները գնալով ավելի են շատանում, որ այդ մարդիկ ավելի շատ հետաքրքրված էին Հայաստանում փող աշխատելով, քան մեր իրական խնդիրներով»:

«Առավոտը» հետաքրքրվեց՝ Սուրեն Սիրունյանն արդեն հասցրե՞լ է ծանոթանալ մամուլի ասուլիսում Թոմաս Համմարբերգի մի շարք հայտարարություններին, եւ ի՞նչ ակնկալիք ունեն ազատազրկվածները համաեվրոպական Մարդու իրավունքների պաշտպանի այս հայտարարություններից: Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ ինքը պարոն Համմարբերգին ներկայացրել է իր բոլոր ընկերների հետ կատարվող դատական իրավիճակը. «Անձամբ մեր յոթի մասով քրեական գործի մասին ես հենց առաջին օրվանից ասել եմ, որ դա 12 հազար էջանոց մակուլատուրա է ընդամենը, այնտեղ չկա իրական քրեական գործ, քանի որ չկա ոչ մի քրեական հանցանք, որեւէ բանով ապացուցված չէ, որ մենք ուզել ենք զենքի ուժով իշխանություն զավթել: Վերջերս էլ քննչականը հայտարարել էր, թե մենք, իբր, փորձել ենք գրավել կառավարական շենքեր եւ այլն, բայց «Մարտի 1»-ի հանձնաժողովի նիստում գեներալ Հունանյանը հայտարարեց, որ իրենք ցուցարարներին զոռով հեռացրել են մինչեւ «Դվին» հյուրանոցի կողմ: Եթե Հունանյանն այդպիսի բան է հայտարարում, գուցե ի՞նքն է փորձել ցուցարարներին հրել դեպի կառավարական ամառանոցներ»:

Սուրեն Սիրունյանի պատմելով՝ Թոմաս Համմարբերգը շատ ուշադիր եւ լուռ լսել է իրենց. «Նույն մարդն էր, նույն չխոսկան մարդն էր, եւ եթե իմ ասածներից ինչ-որ բան իր համար պարզ չէր լինում, հարցեր տալով հստակեցնում էր: Ամենակարեւոր բանը, որից պարոն Համմարբերգը շատ զարմացավ, այն էր, որ 10 զոհերի մասով մեզ են մեղադրանք առաջադրել: Ես իրեն ասացի՝ գիտի՞, որ Հայաստանում զոհվել է 13 մարդ: Ինքը շատ զարմացած նայեց ինձ: Բացատրեցի: Քննչական խումբը հայտարարել է, որ 3 մարդ զոհվել է հատուկ միջոցների կիրառումից, եւ իրենց համար պարզ է, որ այդ հատուկ միջոցները օգտագործվել են 4 ոստիկանների կողմից: Ուրեմն, եթե 13 մարդ չի զոհվել, ինչպե՞ս է պատահել, որ չնայած տեղյակ են, թե այդ երեք մարդն ինչ պայմաններում է զոհվել, ապա ինչո՞ւ են դա կպցրել մեր 7-ի գործին: Իրեն ներկայացրի նաեւ իմ գործով ընդամենը երեք անձանց որոշ ցուցմունքներ, եւ դա նա լսեց բարի ժպիտով, եւ պարզ էր, որ դա շատ ծիծաղելի էր իր համար: Օրինակ, իմ գործով վկաներից մեկը 200 մետրից նկատել է, որ իմ հոնքերը շատ հաստ են, իսկ վկաներից երկուսը լսել են, որ ես փող եմ բաժանում, բայց իրենց փող չեմ տվել: Սրանք են իմ դեմ գործով վկաների ասածները»: Ս. Սիրունյանը հուսով է, որ Համմարբերգի վերջին զեկույցը լինելու է շատ խիստ. «Ես մեր բանտարկյալ ընկերների անունից պարոն Համմարբերգին խնդրեցի մի բան՝ այնպես անի, որ մեր երրորդ հանդիպման ժամանակ կարողանանք իրար աչքերի մեջ նայել: Ինձ համար պարտադիր չէ, որ իր զեկույցը Հայաստանի նկատմամբ լինի պատժողական: Ես կուզենայի, որ իշխանությունները կատարեն Եվրախորհրդի բոլոր պահանջները, եւ ես իրեն ասացի, որ հույս ունեմ, թե իր զեկույցը կլինի արդարացի, քանի որ մեր ընկերների, մեր ժողովրդի մեջ կա անվստահություն եվրակառույցների նկատմամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել