Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԵՄ ՆԱԽԱՆՁՈՒՄ ԶՈՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ»

Նոյեմբեր 25,2008 00:00

\"\"Ասում է ԿԸՀ անդամի պաշտոնից հրաժարական տված «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, որին փոխարինելու է Զոյա Թադեւոսյանը:

Օգոստոսի 1-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված Հովսեփ Խուրշուդյանը հոկտեմբերի 26-ին ներկայացրել է հրաժարական: «Առավոտին» պատմեց, որ իր հրաժարականի դիմումի մեջ չի ներկայացրել որեւէ հիմնավորում. «Ուղղակի գրել եմ, որ խնդրում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից»:

Մեր առաջին ենթադրությունն էր, թե հրաժարականի պատճառը ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի հետ իր չստացված հարաբերություններն էին: Վերջինս «Արմինֆո» գործակալությանը տված հարցազրույցում քննադատել էր Հովսեփ Խուրշուդյանին անգործության համար, թե հրաժարվում է գնալ մարզեր՝ գործուղումների եւ այլն: «Նա իմ գործունեությունից դժգոհել է իմ հրաժարականի հաջորդ օրը,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը:- Բայց Գարեգին Ազարյանը նախ դժգոհել էր, թե ես չեմ մասնակցում ԿԸՀ նիստերին, հետո էլ դժգոհել, թե ես գալիս ու մասնակցում եմ նիստերին, բայց միայն ձեռք եմ բարձրացնում: Այսինքն, ակնհայտ հակասություն կար՝ ինքն իրեն սուտ էր հանում, քանի որ ես իրականում մասնակցել եմ նիստերին: Ընդամենը մեկ անգամ եմ բացակայել: Բացի այդ՝ ինքը միայն մեկ անգամ է ինձ տեղյակ պահել, որ ինչ-որ տեղ գործուղման է ուղարկում՝ ընդ որում, այն բանից հետո, երբ ես նրան դիմել եմ՝ խնդրելով ինձ ներկայացուցիչ նշանակել Վանաձորում, որպեսզի վերահսկեմ ընտրությունները: «Ժառանգությունն» այնտեղ ուներ թեկնածու: Բայց Գարեգին Ազարյանը հաջորդ օրն իսկ ուզում էր ինձ միտումնավոր ուղարկել Շամշադին: Ես, բնականաբար, չգնացի Շամշադին եւ գնացի Վանաձոր: Բայց ամեն դեպքում՝ այդ ամբողջ ընթացքում ես որտեղ մասնակցել եմ ընտրությունների՝ մամուլն անդրադարձել է իմ գործունեությանը: Այդպես էր, ասենք, Կենտրոն եւ Արաբկիր համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Իմ գործունեության մասին հասարակությունը կարող է դատել մամուլի հրապարակումներից, այլ ոչ թե Գարեգին Ազարյանի մերկապարանոց հայտարարություններից: Եվ պետք է ասեմ, որ այդ 3 ամսվա ընթացքում, ինչ ԿԸՀ անդամ էի՝ ավելի քան հստակորեն տեսա, որ Գարեգին Ազարյանն ուղղակի՛ պատասխանատվություն է կրում այն խախտումների համար, որոնք տեղի են ունենում, քանի որ շատ դեպքերում հենց ինքն էլ հովանավորում է կեղծարարներին: Եվ հատկապես Կենտրոն համայնքի ընտրությունների ժամանակ ես այդ մասին մանրամասն պատմել եմ մամուլում, երբ որ նա ինձ ուղղակի արգելում էր խոչընդոտել կեղծարարներին՝ կեղծելու գործողություններին»: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Հովսեփ Խուրշուդյանը թիվ 10/52 ընտրատեղամասում արձանագրել էր թաղապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանի օգտին քվեարկված 100 քվեաթերթիկի լցոնում: Դրանք ավելի վաղ այդ ՏԸՀ-ի նախագահ Միրիջանյանն էր հանձնաժողովի անդամների աչքի առաջ հանել չհրկիզվող պահարանից: Հետո էլ հանձնաժողովի նախագահը զանգել էր ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանին եւ տեղեկացրել, որ ԿԸՀ անդամ Հովսեփ Խուրշուդյանը խոչընդոտում է իրենց աշխատանքին: Իսկ Ազարյանը զանգահարել էր ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցչին եւ բավականին բարձր տոնով կշտամբել, թե «չփորձես լիազորություններդ գերազանցել. եթե խանգարես հանձնաժողովի աշխատանքին՝ միլիցիա կուղարկեմ հետեւիցդ»: Այդ խոսակցությունը հրապարակային էր դարձել, քանի որ պատահաբար միացել էր Հովսեփ Խուրշուդյանի բջջային հեռախոսի բարձրախոսը, եւ նրա շուրջը խմբված լրագրողներն ուղղակի ականջալուր էին եղել այդ խոսակցությանը:

Այս ամենը նկատի ունենալով էր, որ պրն Խուրշուդյանն ասաց. «Չեմ նախանձում տիկին Զոյային, որ շարունակելու է պաշտոնավարել Գարեգին Ազարյանի հետ նույն կառույցում»:

Թեեւ ԿԸՀ պաշտոնական էջում որպես այդ մարմնում «Ժառանգության» ներկայացուցիչ երեկ էլ դեռ նշված էր Հովսեփ Խուրշուդյանը՝ նոյեմբերի 12-ին հաստատվել է, որ ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչը դարձյալ Զոյա Թադեւոսյանն է: Նա ավելի վաղ հրաժարական էր ներկայացրել՝ Արաբկիրի համայնքապետի ընտրություններին մասնակցելու համար: Եվ նրան իր տեղը վերադարձնելն է եղել Հովսեփ Խուրշուդյանի հրաժարականի դրդապատճառը. «Զոյա Թադեւոսյանը դրանից միայն 3 ամիս հետո իրավունք ուներ վերականգնվել իր պաշտոնում: Քանի որ ինքը չանցավ Արաբկիրում՝ ես խնդրել եմ, որ վերադառնա իր տեղը, եւ այդ պատճառով տվեցի հրաժարական: Ի դեպ, դեռ այն ժամանակ, երբ համաձայնեցի դառնալ ԿԸՀ անդամ՝ պայման էի դրել, որ եթե տիկին Զոյան հանկարծ չընտրվի Արաբկիրի թաղապետ՝ պիտի վերադառնա իր նախկին տեղը: Եվ այդ պայմանով մտա ԿԸՀ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել