Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Նոյեմբեր 22,2008 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք յոթերորդ

Գլուխ տասնմեկերորդ

ԱՊՐԻՐ ԵՎ ՀԻՇԻՐ

Ժամանակ առ ժամանակ հոգուս խորքերը սուզվելով ու տեւականորեն էնտեղ մնալով՝ կարող եմ փոքրիշատե ենթադրել, թե՝ ուրիշների հոգիների խորքերում ինչեր կան, եւ երեւի դա է պատճառը, որ նույնիսկ շատ մեծ ու շատ նշանավոր գրողներն ավելի հաճախ ուրիշների՛ հոգիներում են դեգերում, քան՝ իրենց, եւ էս հարցում պոետները բացառություն են, եւ դա ոչ թե պոետների համարձակությունից է, այլ՝ անկեղծության պակասից, եւ դա ավելի շուտ ժանրի՛ առանձնահատկությունն է, որովհետեւ սեփական փորձովս արդեն գիտեմ, որ պոեզիայով խաբելն անհամեմատ հեշտ է, քան՝ արձակով խաբելը, եւ սա, կրկնում եմ, բացարձակապես իմ օրինակով եմ ասում, եւ բացարձակապես իմ օրինակի վրա ծանրանալով ու կենտրոնանալով՝ կարող եմ վկայել, որ պոետներն էնքան ուրիշներին չեն խաբում, ինչքան՝ իրենք իրենց, եւ իրենք իրենց ներսերը պեղելով եւ իրենց ներսերից ինչ-ինչ պսպղան բաներ հայտնաբերելով՝ ի ցույց են դնում, ավելի ճիշտ՝ ի ցույց են հանում, իսկ ավելի ստույգ՝ փորձում են խաբել ուրիշներին եւ առաջին հերթին իրենք իրենց, թե՝ Քրիստոսին խաչողը բնավ էլ մենք չենք եղել, մինչդեռ արձակագիրներն ու զանազան այլ մարդաբաններն ուրիշների հոգիները պեղելով՝ շարունակաբար վկայում են, որ Քրիստոսին խաչողներն ուրիշներս ենք եղել, այլ ոչ թե՝ իրենք, եւ էս դեպքում ինձ ուրիշների շարքում եմ տեսնում, որովհետեւ, չնայած արդեն վեց տարուց ավելի է՝ բանաստեղծություն գրած չկամ, եւ չնայած արդեն բոլոր արձակագիրներից շատ եմ արձակ գրել, միեւնույն է, արձակագիրներն ինձ բանաստեղծ են համարում, եւ բանաստեղծները՝ նույնպես, եւ որեւէ բան չգրող ուրիշները՝ նմանապես, եւ հիմա որ էսպես ու էսքան մտածում եմ, հասկանում եմ, որ շատ էլ ճիշտ են անում, որովհետեւ իմ էս արձակով ոչ միայն ուրիշներին եմ խաբում, այլեւ ու առաջին հերթին՝ ինքս ինձ, եւ չնայած էսքան նշում ու շեշտում եմ, որ էսինչն ու էնինչն ինձ շեղում են իմ բուն նյութից, իրականում ինքս եմ ինձ ու ձեզ շարունակաբար եւ տեւականորեն շեղում իմ բուն նյութից ու ամեն ինչից, որովհետեւ ես միաժամանակ ե՛ւ բանաստեղծ եմ, ե՛ւ արձակագիր, եւ ինչքան էլ արձակագիրներն ու շատերն ինձ բանաստեղծ համարեն, ինքս ինձ արձակագիր եմ համարում, եւ դրա իրավունքն անկասկած ունեմ, որովհետեւ էս պահին հիմնական զբաղմունքս արձակն է, եւ ինքս ինձ արձակագիր համարելու իրավունք իրավացիորեն ու արդարացիորեն ունեմ, որովհետեւ արդեն մյուս արձակագիրներից ավելի շատ եմ արձակ գրել, բայց, մյուս կողմից էլ, ես ինձ չեմ կարող բանաստեղծ չհամարել՝ քանի դեռ արձակագիրներն ու կողմնակիներն ինձ էդպիսին են համարում, եւ քանի որ խաղաղասեր մարդ եմ ու հատկապես էս հարցում առճակատման չեմ ձգտում, ինձ կարող եմ համարել բանաստեղծ արձակագիր, եւ եթե պետք լինի՝ ինձ լրագրող էլ կհամարեմ՝ քանի դեռ Սառաջովի Սամիկն ու ուրիշներն ինձ տեսնելիս ասում են, որ «Առավոտում» հոդվածներս կարդում են, ու էսքանով էս հարցը կփակվեր, եթե մարդկանց միանգամայն ա՛յլ խումբ գոյություն չունենար, մինչդեռ էդ միանգամայն այլ խումբն անկախ իմ կամքից գոյություն ունի, եւ էդ միանգամայն այլ խմբի մարդիկ ինձ ոչ բանաստեղծ են համարում, ոչ արձակագիր եւ ոչ էլ մանավանդ լրագրող, այլ միայն՝ մտավորական, ընդ որում՝ իրենց հեչ չի հետաքրքրում՝ ինքս ինձ մտավորական համարո՞ւմ եմ, թե՝ չէ, եւ չնայած հասկանում եմ, որ մտավորականը մտավոր աշխատանքով զբաղվող մարդն է, այդուհանդերձ, դեռեւս ինձ մտավորական չեմ կարող համարել, որովհետեւ դեռեւս ինքս ինձ համար չեմ պարզել՝ ուրիշներին ու հատկապես ինքդ քեզ խաբելը մտավո՞ր աշխատանք է, թե՝ ոչ, մինչդեռ մարդկանց էս այլ խումբն էն գլխից քո փոխարեն ու քո անունից որոշել է, որ միանգամայն ու վերջնական մտավորական ես, բայց սովորական մարդկանցիցս մտավորական կերտող էս այլ խմբի մարդիկ քեզ հետ համամիտ են ամենակարեւոր հարցում, այն է՝ պոեզիան, արձակն ու նման բաներն ամենեւին էլ մտավոր աշխատանք չեն, եւ էդ համոզմունքն է պատճառը, որ էդ այլ խմբի մարդիկ չափազանց սրտնեղում ու բարկանում են՝ երբ բանաստեղծները բանաստեղծություն են գրում, եւ արձակագիրները՝ արձակ, եւ մանավանդ ի՛մ գոյությունից են նեղվում ու սրտնեղում, որովհետեւ իրենց պես պոեզիան ու արձակը մտավոր աշխատանք չհամարելով՝ երբեւէ չեմ ձգտում մտավոր աշխատանքով զբաղվել ու մտավորական համարվել, եւ հատկապես հիմա ու էս պահին չեմ ձգտում՝ երբ մտավորականի պահանջարկը վերստին առաջացել ու կարեւորվել է, եւ կարեւորվել է հատկապես է՛ս օրերին՝ երբ հազիվ հաջողացրել էի վերադառնալ իմ յոթանասունվեց թվական եւ հնարավորինս կենտրոնանալ Ախալքալաքցի Աշոտի ու «Ապագա բժիշկ» բազմատիրաժ թերթի հետ կապված հանգամանքների շուրջ, բայց հիմա պիտի նաեւ խոստովանեմ, որ էդ օրն ու էդ օրվա հանգամանքները մանրամասն հիշելով ու նշելով՝ հիմնականում ինձ ու իմ հոգեվիճակն էի հիշում, եւ չնայած հիմնականում Աշոտի ու Վարոսի խոսակցությունն էի հիշելով արտագրում, այդուհանդերձ, հիշելուս առիթը աշխատանքի ընդունվելս ու աշխատանքի ընդունվելուս հետ կապված հանգամանքներն էին, եւ չնայած Վարոսի ու Աշոտի ասածները տարիների էս հեռավորությունից փորձեցի հնարավորինս ճշգրիտ արտագրել ու ներկայացնել, այդուհանդերձ, համոզված եմ, Աշոտն էլի կարդալու եւ էստեղ ու էնտեղ դժգոհելու է, թե՝ շարունակ ինձանից անկապ բաներ եմ բստրում ու հնարում, եւ Աշոտի էս տպավորությունն էլ է միանգամայն բնական ու հասկանալի, որովհետեւ հազար ինը հարյուր յոթանասունվեց թվականի օգոստոսի տասնյոթը ի՛մ օրն էր, ոչ թե՝ Աշոտի, եւ բնական է, որ Աշոտն էսաստիճան մանրամասնորեն չպիտի հիշեր էդ օրը, չնայած, եթե Աշոտը մի քիչ քրիստոնեաբար վերաբերվեր կյանքին ու հատկապես ի՛ր ապրած կյանքին, պիտի որ ինձանից ավելի լավ հիշեր հազար ինը հարյուր յոթանասունվեց թվականի օգոստոսի տասնյոթը, որովհետեւ Ախալքալաքցի Աշոտն էդ օրը ճակատագրական լավություն էր արել մահկանացուներից մեկին, եւ էդ մեկը ես էի, բայց Ախալքալաքցի Աշոտն էս ասածներս անկարող է ըմբռնել ու հասկանալ, որովհետեւ Աշոտը ոչ թե ասածիս պես քրիստոնեաբար է վերաբերվում կյանքին ու իր ապրած կյանքին, այլ ինքն ուղնուծուծով է քրիստոնյա ու չէր էլ կարող մեկ առ մեկ հիշել մարդկանց արած իր մեծուփոքր լավությունները, այլապես ինքն ինձանից ավելի լավ կհիշեր իր արած էդ մի լավությունն ու առիթով կամ անառիթ հազար անգամ երեսովս տված կլիներ եւ աջուձախ էլ չէր ասի ու տարածի, թե՝ իր մասին սուտ ու անկապ բաներ եմ բստրում ու հնարում, եւ եթե պահակ ու փոխպարետ Վարոսն էս գրածներս կարդա, միգուցե ինքն էլ աջուձախ տարածի, թե՝ սուտ ու անկապ բաներ եմ բստրում, բայց Վարոսի կարդալը քիչ հնարավոր եմ համարում ոչ թե էն պատճառով, որ ինքը գիր ու գրականությունից հեռու մարդ էր, այլ հիմնականում էն պատճառով, որ ինքն էն թվերին արդեն հիսունն ահագին անց էր. այսինքն, եթե ինքն օրինազանցներիս դիմացել ու հասել է մեր էս օրերին, հիմա պիտի որ իննսունին մոտեցած լինի, եւ տա Աստված՝ դիմացած ու մոտեցած լինի, եւ Դարբինյանն էլ ութսունն անց կլիներ՝ եթե ութսունականներին Ավստրալիա մշտական բնակության մեկնած չլիներ կամ՝ եթե իր էդ մշտական նոր բնակավայրին դիմացած լիներ, եւ եթե դիմացած լիներ, Աշոտի պես ինքն է՛լ էր ասելու, թե՝ սուտ ու անկապ բաներ եմ բստրում, եւ չնայած Անոն իր սիրելի ամուսնու կորստին ու ամեն ինչին դիմացավ, ինքն էլ եթե կարդա՝ Աշոտի պես նույնն է ասելու, եւ Սեյրանն էլ Լոսում է նույնն ասելու, ավելացնելով, որ իրեն ծեծողն իր մորից դեռեւս չի ծնվել, եւ եթե տոհմիկ գյումրեցի Բասենցյան Ռաիսան էս ամենին դիմանար, հիմա մեջներիս ամենատարեցն էր լինելու եւ էս գրածներս աչքի անցկացնելով՝ ամենատարեցի իրավունքով էլի ասելու էր՝ «մեկ է՝ Վանիկ չեք դառնա», եւ իր էդ ասածի մեջ մանավանդ հիմա անարդարություն չեմ տեսնում, եւ ամենամեծ անարդարությունն էն է, որ տոհմիկ գյումրեցի Բասենցյան Ռաիսան չդիմանալով՝ ութսունչորսին հեռացավ մեզանից ու էս ամենից՝ էդպես էլ Վանիկի Վանո ու լիդեր դառնալը չտեսնելով ու չիմանալով, եւ նույնիսկ Վանիկի գրող դառնալը չտեսավ ու չիմացավ, որովհետեւ իր կյանքի վերջին տարիները ծանր ու անկողնային էին, ու էս ամենի մեջ միակ մխիթարականն էն է, որ տոհմիկ գյումրեցի Բասենցյան Ռաիսան առանց Վանիկի գրող ու լիդեր դառնալը տեսնելու՝ էն գլխից տեսել ու ճանաչում էր գրող ու լիդեր Վանոյին, ու էս ամենի մեջ մխիթարականը նաեւ էն է, որ դիմացողներս պնդաճակատորեն շարունակում ենք դիմանալ եւ, որ ավելի մխիթարական ու ավելի կարեւոր է, շարունակում ենք հիշել, եւ չնայած մեկիս հիշածները մյուսիս հիշածներին հեչ չեն բռնում, այդուհանդերձ, մենք էս կյանքում ավելի կարեւոր անելիք դեռեւս չենք գտել, եւ չնայած մեր շարքերում լիքը մարդիկ կան՝ ովքեր կարծում են, թե էս կյանքում ավելի կարեւոր գործով են զբաղված, էդպես կարծողներն էլ են իրականում ընդամենը հիշելով զբաղված, եւ իմ ու իրենց տարբերությունն ընդամենն էն է, որ ես ավելի վաղեմի բաներ եմ հիշում, քան՝ իրենք, եւ իմ ու իրենց տարբերությունն ընդամենն էնքան է՝ ինչքան իմ ու իմ միջեւ գոյություն ունեցող տարբերությունը, եւ եթե Ախալքալաքցի Աշոտին ու երեսնամյա վաղեմության այլ երեւույթներին եմ անդրադառնում, դա չի նշանակում, թե՝ անցյալով եմ տարված ու անցյալով եմ ապրում, եւ եթե ընդամենը երեք ամիս առաջ տեղի ունեցած իրադարձություններին ու երեւույթներին եմ անդրադառնում, դա ամենեւին չի նշանակում, թե՝ ներկայով եմ ապրում, որովհետեւ երեսուն տարին ու երեք ամիսը հավերժության համեմատ նույնն են, եւ եթե մի քիչ ավելի խորանանք, ապրողներիս համար է՛լ են նույնը, ավելին՝ շատ դեպքերում երեսուն տարվանն ավելի խորն ես զգում ու ապրում, քան՝ երեք ամսվանը, եւ էականն էն է՝ ինչն ես կարեւորում ու ինչն ես հիշում, եւ հենց սրանով ենք մենք իրարից տարբեր եւ իրար նման, եւ եթե Ախալքալաքցի Աշոտն ու մյուսներն իմ ու իրենց կյանքից էս պատմածներս ու գրածներս չեն հիշում, դրա պատճառը ոչ թե էն է, որ հին ու մոռացված բաներ եմ պատմում ու գրում, այլ էն, որ էդ անցած ժամանակներից հիշում ու առանձնացնում եմ էն՝ ինչը հատկապես ի՛նձ համար է հիշարժան ու առանձնահատուկ, եւ էն ամենը՝ որ հիշարժան է ու առանձնահատուկ, հենց ներկան է, անկախ նրանից՝ երեսուն տարվա՞, թե՞ ընդամենը երեսուն օրվա վաղեմություն ունի, եւ երբ գրածդ երբեմն նաեւ ուրիշների՛ ապրածին ու զգացածին է անդրադառնում ու վերաբերում, էդ ուրիշներն էլ են երեսուն ու ավելի տարի առաջ կատարվածն ու տեղի ունեցածն իբրեւ ներկա ընկալում, եւ իմ համակուրսեցի ընկեր Սերգեյը հենց էդպես էլ ընկալում է, եւ դա է պատճառը, որ Սերգեյը հետին թվով սղագրված իմ ու իր երկխոսություններին ամենեւին էլ կասկածանքով չի վերաբերվում. ավելին, Սերգեյն ամեն ինձ տեսնելիս ասում է՝ «արա, կարող ա՞ վախտին բլոկնոտ ես պահել ու մեր էդ սաղ խոսակցությունները գրել ես», եւ Սերգեյի էս ասածն ամենեւին չի նշանակում, որ ես իմ ու իր էդ խոսակցություններն առավել ճշգրիտ եմ հիշել ու գրի առել, քան՝ իմ ու Ախալքալաքցի Ավետիսյան Աշոտի խոսակցությունները, այլ ընդամենը նշանակում է, որ էս գրածներս Սերգեյն ավելի է հավանում, քան՝ Ախալքալաքցի Աշոտը, եւ սա էլ է բնական, որովհետեւ իմ ու Սերգեյի երկխոսություններն ավելի՛ գրականություն են, քան՝ իմ ու Ախալքալաքցի Աշոտինը, եւ դրա պատճառն էն է, որ ես շարունակաբար ուզում եմ Աշոտին էսպես հետին թվով երախտագիտությունս հայտնել՝ շարունաբար հիշելով ու հիշեցնելով, որ ինքն է՛ն մարդն է՝ ում շնորհիվ աշխատանքի ընդունվեցի «Ապագա բժիշկ» բազմատիրաժ թերթում, մինչդեռ Սերգեյի մասին գրելիս շարունակաբար մոռանում եմ, որ ես հենց Սերգեյի՛ միջոցով Ախալքալաքցի Աշոտի հետ նախ ծանոթացա ու հետո աշխատանքի ընդունվեցի, եւ, բացի այդ, շատ հնարավոր է, Ախալքալաքցի Աշոտին դուր չի գալիս, որ իր մասին էսպես հիշում ու գրում եմ, եւ, ընդհակառակը, Սերգեյին շատ է դուր գալիս իմ էս հիշելն ու գրելը, եւ սա էլ է բնական, որովհետեւ ես հատկապես ու առանձնապես հիշում ու գրում եմ էն ամենը՝ ինչը Սերգեյն ինքը պիտի հիշեր ու գրեր, եւ, ընդհակառակը, ես չեմ գրում ու չեմ հիշում հատկապես է՛ն բաները՝ որ Ախալքալաքցի Աշոտը պիտի հիշեր ու գրեր, եւ սա էլ է բնական, որովհետեւ ճակատագրի ու դեպքերի բերումով՝ ես ու Սերգեյն ընկերներ էինք, մինչդեռ Աշոտն ու ես ընդամենն աշխատանքային ընկերներ էինք՝ վերստին ճակատագրի ու դեպքերի բերումով, բայց ճակատագրի ու դեպքերի բերումով Աշոտին շարունակելու եմ անդրադառնալ, քանի որ իրեն էսպես համառորեն ու շարունակաբար վերադառնալով եւ անդրադառնալով՝ ինքս ինձ եմ վերադառնում ու անդրադառնում, որովհետեւ իմ կյանքում ամեն ինչ էդ «Ապագա բժիշկ» բազմատիրաժից սկսվեց ու էս ընթացքն ունեցավ, եւ էս ընթացքից առանձնապես չեմ դժգոհում՝ ո՛չ միայն էն պատճառով, որ այլ ընթացք չեմ պատկերացնում, այլեւ էն պատճառով, որ եթե նույնիսկ պատկերացնեմ էլ՝ դրանից ոչինչ չի փոխվելու, եւ Ախալքալաքցի Աշոտի, Արշակյանի, Տաթեւիկի ու մյուսների արած լավություններն անդառնալիորեն ու վերջնականապես կյանքի են վերածվել, եւ դա անձամբ ի՛մ կյանքն է, որից հրաժարվելու իրավունք միգուցե ունեմ, բայց հնարավորություն՝ բացարձակապես, եւ էդ կյանքից ու էս շարունակվող ընթացքից հրաժարվելու ցանկություն էլ առանձնապես չունեմ, ու էդպիսի ցանկություն չունեմ հատկապես ու առանձնապես հիմա՝ էս պահերին, երբ վերստին Ախալքալաքցի Աշոտին ու էն ժամանակներին եմ վերադառնում ու անդրադառնում, ու էս շարունակական վերադարձներս միանգամայն անկաշկանդ են ստացվում, որովհետեւ դրանք պայմանավորված ու սահմանափակված չեն «Առավոտի» հանդեպ ստանձնած իմ պարտավորություններով ու պարտականություններով, եւ էս վերջին հանգամանքը ոչ թե ընդամենը բարեբախտություն է, այլ՝ իսկական բախտ, որովհետեւ ես իմ կյանքը պատմում եմ՝ ինչքան ուզում եմ ու ինչպես ուզում եմ, եւ չնայած Ախալքալաքցի Աշոտն ու էլի մի քանիսը շարունակում են ասել ու տարածել, թե՝ հերթական փչոցներս եմ բստրում, այդուհանդերձ, էս է՛լ եմ բախտ համարում, որովհետեւ ախալքալաքցի Աշոտն ու էլի մի քանիսն իրավունք ունեն ոչ միայն էդ բաներն ասել ու տարածել, այլեւ իրավունք ունեն նեղանալ ինձանից ու վերջապես արգելել իրենց մասին ու մանավանդ իրենց անունից որեւէ բան գրել. եւ էդ դեպքում իսկապես կհնազանդվեի, որովհետեւ ես գրածներովս մարդկանց նեղացնելու նպատակ ու մանավանդ ցանկություն հեչ չունեմ, եւ եթե Ախալքալաքցի Աշոտն ու էլի մի քանիսն ինձ զանգահարեն ու խնդրեն, որ իրենց մասին ու իրենց անունից էս փչոցներս դադարեցնեմ, ես անմիջապես կկատարեմ իրենց էդ խնդրանքը, եւ հատկապես ախալքալաքցի արձակագիր Ավետիսյան Աշոտի դեպքում կկատարեմ, մանավանդ որ՝ ախալքալաքցի արձակագիր Ավետիսյան Աշոտի մասին ինչ որ ասելու ու գրելու էի՝ հիմնականում արդեն ասել ու գրել եմ, եւ քանի դեռ Աշոտն էս ասածներիցս ու գրածներիցս չի նեղացել, իրեն առնչվող մի քանի բան էլ կասեմ ու կգրեմ եւ՝ վերջ, ու համոզված եմ՝ հետագա գրածներիցս էլ Աշոտն ու որեւէ մեկը չի նեղանա, որովհետեւ ինձանից ու էս գրածիցս նեղվում ու նեղանում են միայն նրանք՝ ում դեռեւս չեմ անդրադարձել եւ ում մասին դեռեւս որեւէ բան չեմ գրել, ինչպես նաեւ նրանք՝ ում արդեն բազմիցս անդրադարձել եմ, բայց միանգամայն հարգելի ու բացատրելի պատճառներով ահագին ժամանակ վազն եմ անցել, եւ Ջավախյանն էլ է դրանց շարքում, բայց Ջավախյանը ոչ թե նեղանում է, այլ ընդամենն ընկերաբար խորհուրդ է տալիս՝ «թե ուզում ես էդ գրածդ կարդան՝ պիտի ամենից շատ իմ մասին գրես», եւ երբ հարցնում եմ՝ «խի՞», պատասխանում ու ասում է՝ «որովհետեւ սաղ քաղաքն ինձ ճանաչում ա», եւ ես, իհարկե, Ջավախյանի առաջարկած էդ տարբերակն էլ եմ շարունակաբար փորձելու, բայց մինչ այդ պիտի վերստին Ախալքալաքցի Աշոտին վերադառնամ, եւ քանի դեռ ախալքալաքցի արձակագիր Ավետիսյան Աշոտն էս գրածներս ու հիշողություններս հանդուրժելով՝ ընդամենն ասում ու տարածում է, թե՝ էդ հիշողություններս տեղով մեկ փչոցներ են, ես պիտի շտապելով ասեմ, որ հազար ինը հարյուր յոթանասունվեց թվականի օգոստոսի տասնյոթի էդ իրիկուն Աշոտն, այնուամենայնիվ, եւս մեկ անգամ խանութ գնաց, որովհետեւ կինը զանգեց ու ասաց, որ տանը հաց չունեն, եւ քանի որ ես ու Աշոտը չէինք շտապում լքել իմ ու Սեյրանի մաղարիչի էդ սեղանը, եւ քանի որ էդ թվերին նույնիսկ հացի խանութներն էին շուտ փակվում, Աշոտը իջավ հաց առնելու, որպեսզի դրանից հետո հանգիստ խղճով շարունակեինք նստել, եւ երբ Աշոտն իջավ հացի, ես էլի էդ խմբագրասենյակում մենմենակ մնացի ու պարապությունից սկսեցի աչքի անցկացնել Աշոտի գրամեքենայի վրայի, ավելի ստույգ՝ գրամեքենայի միջի թուղթը, եւ էդ թղթի վրա մեքենագրվածը կարդալով՝ ընկղմվեցի իր էդ տեքստի մեջ, եւ էդ էջն Աշոտի հավանած էդ կես պատմվածքի ընդամենը մի էջն էր, ընդ որում՝ էդ էջն էդ կիսատ պատմվածքի երրորդ էջն էր, որովհետեւ էդ էջի վերեւի աջ անկյունում գրված էր 3, եւ, ըստ ամենայնի, էդ պատմվածքը գրելով, Աշոտն ընդամենը երրորդ էջն էր ավարտում, բայց երրորդ էջի բովանդակությունից զգացվում էր, որ էդ պատմվածքն առնվազն էդքան էլ պիտի շարունակվի, որովհետեւ Աշոտը գրելով ու մեքենագրելով՝ ընդամենն իրենց ճանապարհի կեսին էր հասել, եւ էդ ճանապարհը ձմռան ահավոր ձյան ու բքի միջով էր անցնում, եւ չնայած գյուղերի անունները գրված չկային, ախալքալաքցի արձակագիր Ավետիսյան Աշոտի գրած ու մեքենագրած էդ երրորդ էջի ընթերցումից միանգամայն հասկանալի էր դառնում, որ չորրորդ դասարանցի Ավետիսյան Աշոտն ու իր ծնողներն իրենց գյուղից դուրս գալով՝ ճանապարհ էին ընկել դեպի իրենց քավորի գյուղ եւ ախալքալաքյան էդ ահավոր ձյան ու բքի միջով ընդամենը ճանապարհի կեսին էին հասել, եւ ճանապարհի կեսին հասնելն Աշոտն ու ծնողներն անմիջապես կռահել էին, որովհետեւ Աշոտենց ու քավորի գյուղերի ճիշտ մեջտեղում մատուռ կար, եւ էդ մատուռին հասնելով՝ չորրորդ դասարանցի Աշոտի մայրը մոմերը հանել ու մատուռում վառել էր, ավելի ճիշտ՝ ոչ թե վառել էր, այլ ամուսնու օգնությամբ ու Աշոտի աջակցությամբ փորձում էր վառել, որովհետեւ ահավոր ձյուն ու ահավոր բուք էր, եւ մոմերը ոչ մի կերպ չէին վառվում, եւ արդեն Աշոտի հոր լուցկու տուփը կես էր ընկել, բայց մոմերը վառվել չհասցնելով՝ անմիջապես հանգչում էին, եւ չնայած չորրորդ դասարանցի Ավետիսյան Աշոտը մեջքով քամու ու բքի դեմը փակել էր, եւ չնայած Աշոտի հայրն իր հսկայական ափերով էդ մոմերի գլխիկները պարուրում էր, այդուհանդերձ, մոմերը վառվել չհասցնելով՝ անմիջապես հանգչում էին, ու էդտեղ ախալքալաքցի արձակագիր Ավետիսյան Աշոտի գրած ու մեքենագրած էդ երրորդ էջն ավարտվում էր, իսկ ավելի ստույգ՝ Աշոտի կիսատ պատմվածքի էդ երրորդ էջի ավարտին՝ արդեն սկսում էր մթնել, եւ արդեն շրջակա գայլերի ոռնոցներն էին լսվում, եւ չնայած մոմերը ոչ մի կերպ չէին վառվում, եւ չնայած ահասարսուռ ոռնոցներն էսուէն կողմերից լսվում էին, իրենք պարտավորված էին մոմերը վառել ու հասնել քավորի գյուղ՝ քավորի ծննդյան օրը շնորհավորելու ու նշելու, ու հենց էս «նշելու» բառով էլ ախալքալաքցի արձակագիր Ավետիսյան Աշոտի գրած ու մեքենագրած էդ կիսատ պատմվածքի երրորդ էջն ավարտվում էր, եւ չնայած հետաքրքրությունս բորբոքված էր, եւ չնայած շարունակությունն ինձ շատ էր հետաքրքրում, հասկանում էի, որ ախալքալաքցի արձակագիր Ավետիսյան Աշոտը էդ ահավոր պատմվածքի շարունակությունը դեռ նոր պիտի գրեր ու մեքենագրեր, եւ չնայած էդ երրորդ էջին նախորդող առաջին ու երկրորդ էջերն էլ էին ինձ շատ հետաքրքրում, ես ինձ իրավունք չէի վերապահում Աշոտի դարակները քչփորել, եւ էդ իրավունքից ու էդ հաճույքից ինձ զրկելով՝ նորից ու նորից Աշոտի գրամեքենայի ռոլիկը պտտելով՝ գրամեքենայի միջի էդ միակ էջն էի վերընթերցում, ու Աշոտի էդ կիսատ էջն էնքան ահասարսուռ ու էնքան իրական էր, որ էդ էջը վերընթերցելով՝ ավելի էի սարսափում, քան, երեւի, չորրորդ դասարանցի Աշոտն ու իր ծնողներն էին իրենց քավորի ծննդյան էդ չարաբաստիկ օրը սարսափել, եւ չնայած հիմա՝ էս պահին Աշոտի գրած ու մեքենագրած էդ երրորդ էջից կոնկրետ որեւէ տող չեմ հիշում, էդ էջից ստացածս տպավորությունն առ էսօր մեջս առկա է, եւ ախալքալաքցի արձակագիր Ավետիսյան Աշոտի գրած ու մեքենագրած էդ երրորդ էջից ինձ փոխանցված սարսափն է՛լ է առ էսօր մեջս առկա, եւ ամենատարօրինակն էն է, որ երբ մի քանի օր առաջ զանգեցի Աշոտին ու իր էդ պատմվածքի մասին որոշ բաներ հարցրի, զարմանալիորեն պարզեցի, որ Աշոտն իր էդ պատմվածքը հեչ չի էլ հիշում, եւ երբ էդ մատուռի ու իրենց քավորի մասին իրեն հիշեցրի, ինքն էդ մատուռն ու քավորի էդ ծննդյան օրը կարծես թե հիշեց, բայց ոչ մի կերպ չհիշեց, որ էդ մատուռի ու իրենց քավորի ծննդյան էդ օրվա մասին ինքը երբեւէ գրել է, եւ երբ պնդեցի, որ գրել է, ինքը զարմացած հարցրեց՝ «դո՞ւ որտեղից գիտես», եւ ես ասացի՝ «կարդացել եմ», եւ Աշոտն ավելի զարմացած հարցրեց՝ «ե՞րբ ես կարդացել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «աշխատանքի ընդունվելուս օրը», եւ Աշոտը հարցրեց՝ «ի՞նչ աշխատանք», եւ ես ասացի՝ «չես հիշո՞ւմ, որ քո շնորհիվ «Ապագա բժիշկ» ընդունվեցի», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «չեմ հիշում, բայց գիտեմ» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «էդ գրածներդ մեկումեջ կարդում եմ», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «կարդալուց հետո էլ չես հիշո՞ւմ», եւ Աշոտը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «Սեյրանին հիշում եմ», եւ ես հարցրի՝ «Վարոսին չես հիշո՞ւմ», եւ Աշոտը պատասխանեց ու ասաց՝ «Վարոսին հիշում եմ, բայց չեմ հիշում, որ իրա մոտ ենք էդ սասիսկիներն էփել», եւ ես հարցրի՝ «շամպայններն էլ չես հիշո՞ւմ», եւ Աշոտը մի քիչ մտածելուց հետո պատասխանեց ու ասաց՝ «շամպայնները չեմ հիշում, բայց հիշում եմ, որ էդ իրիկուն շատ խմեցինք», եւ ես ասացի՝ «լավ ա, որ գոնե էդքանը հիշում ես»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել