Լրահոս
Օրվա լրահոսը

Պեդրո Էուստաշեն իրեն հայ է զգում

Նոյեմբեր 22,2008 00:00

\"\"«Ես հայերին շատ եմ սիրում…»,- ասում է Ջիվան Գասպարյանի հրավերով Հայաստան ժամանած փողային նվագարանների վարպետ, աշխարհահռչակ երաժիշտ Պեդրո Էուստաշեն։ «Նման փոքրիկ պետությունը այսքան մեծ սրտով մարդկանց է պահում իր ծոցում եւ բոլորն էլ արվեստասեր են»,- զարմանում է մեր զրուցակիցը։ Դուդուկահարը Հայաստանում մեծ մասսայականություն եւ ճանաչում ձեռք բերեց հատկապես աշխարհահռչակ կոմպոզիտոր Յանիի վերջին մենահամերգից հետո, որտեղ Պեդրոն նվագակցում է դուդուկով։ «Ես Հայաստանն առանց դուդուկի, դուդուկն էլ՝ առանց Հայաստանի չեմ պատկերացնում,- անկեղծանում է երաժիշտն ու շարունակում։- Դուդուկն իմ կյանքում շատ մեծ դեր ունի։ Այդ գործիքի շնորհիվ ես, ասես, Աստծո օրհնությունն եմ ստացել»։ Պեդրո Էուստաշեն պատմեց, որ նվագում է մանկուց. «4 տարեկանից ծնողներս իմ մեջ նկատել են երաժշտության հանդեպ հակումներ, 9 տարեկանից սկսել եմ նվագել փողային գործիքներով։ Կարիերայիս կերտման ճանապարհը երկար ու դժվար է եղել։ Ինչ վերաբերում է դուդուկ նվագելուն, այն սովորել եմ Ջիվան Գասպարյանից. նա է դուդուկի իմ ուսուցիչը»։

Հայաստան այցելության ժամանակ Պեդրոն որոշեց հայ հանդիսատեսին իր դուդուկի վարպետությամբ չհմայել. «Մյուս անգամ կնվագեմ։ Քիչ ժամանակով եմ այստեղ։ Կցանկանայի Հայաստանին ավելի մոտիկից ծանոթանալ»։ Հայաստանի մասին էլ ասաց. «Մի ընկեր ունեմ, հայ է՝ Արման անունով։ Երբ նրա հետ ծանոթացա, ինձ պատմեց Հայաստանի, հայերի մասին, թե ինչ դժվարությունների միջով են անցել, պատմեց նաեւ դուդուկի նշանակության մասին։ Դրանից հետո մի տեսակ կապվեցի այս հողին։ Հայերի ու իմ մեջ գտա նմանություններ, դա թույլ տվեց ինձ կիսով չափ հայ զգալ»։

Ինչպես Պեդրոն է նշում՝ «Մի այցելությամբ չեմ սահմանափակվի։ Շատ եմ սիրում տարբեր երկրների մշակույթներով հետաքրքրվել, համեմատություններ անցկացնել, եթե հարազատ են սրտիս՝ յուրացնել»։

Ըստ Պեդրոյի, հայկական մշակույթին ծանոթանալը հավասարազոր է մի ամբողջ ժողովրդի հետ ծանոթանալուն։ «Հայաստանում առաջին անգամ եմ լինում,- թարգմանչի օգնությամբ ասում է Պեդրոն եւ հայերեն ավելացնում՝-բայց ոչ վերջին»։ Ինչպես նա է նշում, հայոց լեզուն հոգեհարազատ է. «Խոսքիս մեջ հաճախ եմ օգտագործոմ հայերեն բառեր, անգամ նրա՛նց հետ խոսելիս, ովքեր հայերեն չգիտեն, հայ չեն, Հայաստանի հետ էլ կապ չունեն»։ Հայերեն բառեր նա սովորել է հայ ընկերոջից՝ Արմանից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել