Լրահոս
Օրվա լրահոսը

Միավորվել են հանուն գաղափարի

Նոյեմբեր 22,2008 00:00

Երեկ մայրաքաղաքի Ջոն Կիրակոսյանի անվան N20 դպրոցի մարզադահլիճում մեկնարկեց «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» ֆուտզալի երկրորդ մրցաշարը, որին մասնակցում են զանգվածային լրատվամիջոցների թիմերը:

Մրցաշարը նախաձեռնել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը՝ «Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսագրի հետ համատեղ: Ինչպես անցած տարի, այս անգամ էլ միջոցառումն անցկացվում է հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակի շրջանակներում եւ նպատակ ունի քարոզել մեր հասարակության մեջ հաշմանդամ մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարը:

Այդ քարոզին իր մասնակցությունով միացել է ութ թիմ՝ «Մեծ Ֆուտբոլ», «Մեդիամաքս», «Հանրային հեռուստաընկերություն», «Երկիր Մեդիա», «Չորրորդ իշխանություն», «Արեւածաղիկ», «Թերթ.am» եւ «Հայկական շոուբիզնես»: Ընդ որում, նշված թիմերից մի քանիսը նաեւ այլ լրատվամիջոցների աշխատակիցներով համալրված յուրատեսակ հավաքականներ են:

Արդեն երկրորդ անգամ մրցաշարի կազմակերպմանն աջակցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը բոլոր հանդիպումներն անշահախնդրորեն սպասարկելու է գործուղել բարձրակարգ մրցավարների: Իսկ մասնակիցների բժշկական ապահովումը ստանձնել են Երեւանի պետական բժշկական համալսարանի մասնագետները:

Միջոցառմանը միացել է նաեւ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիան» ընկերությունը, որը մրցանակներ եւ, ինչպես իրենք են խոստանում, անակնկալներ է պատրաստել հաղթող թիմի եւ մրցանակակիրների համար: Իսկ մինչ այդ, ընկերությունը ֆուտբոլային դարպասներ է նվիրել մրցաշարը նույնպես անշահախնդիր հյուրընկալող դպրոցին:

Նախատեսված է միջոցառումը եզրափակել «Ֆուտբոլը՝ հանուն հավասար հնարավորությունների» մրցաշարի գավաթակրի եւ «Made in Armenia-2008» ֆուտբոլի սիրողական մրցաշարի հաղթող «Կոկա-Կոլա» թիմերի միջեւ:

Եվ վերջում տեղեկացնենք, որ մրցաշարն իրականացվում է «Առաքելություն արեւելք» դանիական կազմակերպության աջակցությամբ, իսկ ֆինանսական աջակիցը Դանիայի միջազգային զարգացման գործակալությունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել