Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԸ ԼՈՒՐՋ Է, ԲԱՅՑ ԴԵՌ ՊԱՅՔԱՐԵԼ Է ՊԵՏՔ

Նոյեմբեր 22,2008 00:00

\"\"Գերմանիայի Դրեզդեն քաղաքում ընթացող շախմատի տղամարդկանց եւ կանանց համաշխարհային օլիմպիադաներն աննկատ մոտենում են եզրագծին:

Տղամարդկանց մրցաշարում 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորող գործող օլիմպիական չեմպիոն Հայաստանի ազգային հավաքականը երեկ 8-րդ տուրում հանդիպում էր Ֆրանսիայի հետ: Այս մրցապայքարում չորս խաղատախտակների առջեւ հանդիպում էին Էտյեն Բակրոն եւ Լեւոն Արոնյանը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ Վլադիմիր Հակոբյանը, Լորեն Ֆրեսինեն եւ Գաբրիել Սարգսյանը, Վլադիսլավ Տկաչովը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը:

Մեր ոսկյա քառյակը վերջին երկու տուրերում փայլուն հաղթանակներ տանելով նախ Ադրբեւջանի, ապա նաեւ Ռուսաստանի հավաքականների նկատմամբ՝ թիմային 13,0 միավորով մրցաշարի ընթացքում առաջին անգամ դուրս եկավ մաքուր 1-ին տեղ եւ 2006 թվականին Թուրինում նվաճած օլիմպիական չեմպիոնի տիտղոսը պահպանելու լուրջ հայտ ներկայացրեց: Մենք, իհարկե, գիտենք մեր տղաների ներուժը եւ հավատում ենք նրանց: Սակայն արժե նայել նաեւ վիճակագրական տվյալներին: 149 երկրների մեջ մեր ընտրանին 2607 միջին վարկանիշով 9-րդն է: Սակայն կարողացել է պարտության մատնել այդ ցուցակի առաջին հորիզոնականն զբաղեցնող Ռուսաստանին, 4-րդ տեղը հանգրվանած Ադրբեջանին, ոչ-ոքի խաղալ 2-րդ տեղում ընթացող Ուկրաինայի հետ: Սա այն դեպքն է, երբ թվերն ավելի խոսուն են, քան ցանկացած մեկնաբանություն:

Շախմատի համաշխարհային օլիմպիադան էապես տարբերվում է ցանկացած ամենաբարձր կարգի մրցաշարից: Այստեղ թիմային պայքար է ընթանում, որի յուրաքանչյուր անդամը պարտավոր է ամեն բան անել ընդհանուր շահերի համար: Եվ դա, հավատացեք, անչափ դժվար է: Եթե թիմակիցներիդ խաղը չի ստացվել, պարտավոր ես ինքդ անպայման հաղթել, այն էլ՝ հաստատ քեզանից ոչ պակաս կարողությունների տեր մրցակցիդ: Այլապես, ամեն բան, ամեն մի նախապես կազմված ծրագիր կարող է զրոյի հավասարվել: Եվ ուրախալի է, որ մեր տղաների մոտ արգելքներն ուսուսի տված հաղթահարելը ստացվում է: Ու թեեւ որեւէ մեկին առանձնացնելը, թերեւս, այնքան էլ ճիշտ չէ, բայց լուսահոգի Կարեն Ասրյանին մեր հավաքականում փոխարինելու եկած երիտասարդ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանի ցուցադրած բարձրակարգ եւ հասուն խաղը չշեշտել հնարավոր չէ: Նա մասնակցել է բոլոր յոթ տուրերին եւ թիմին բերել 5,0 միավոր՝ չկրելով ոչ մի պարտություն:

Երեկ մեր աղջիկները սկզբունքային պայքարում հանդիպում էին Ադրբեջանի թիմի հետ: Էլինա Դանիելյանի մրցակիցն 1-ին խաղատախտակի առջեւ Զեյնաբ Մամեդյարովան էր, Լիլիթ Մկրտչյանինը՝ Տուրկան Մամեդյարովան, Նելլի Աղինյանինը՝ Նարգիզ Ումուդովան, իսկ Լիլիթ Գալոյանինը՝ Նարմին Նազիմի կզի Կազիմովան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել