Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացիների կեղծ բարեկամությունը

Նոյեմբեր 22,2008 00:00

Փաստում են վրացագետն ու հոգեւորականը

«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին ԵՊՀ հայագիտական կենտրոնի ավագ գիտաշխատող, վրացագետ Հայկազուն Ալվրցյանը եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվության համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Նրանք խոսեցին Վրաստանում հայկական հոգեւոր արժեքների պղծման եւ «սեփականաշնորհման» հարցերի մասին: Մինչ թեմային անդրադառնալը, լրագրողները տեր Վահրամից պարզաբանում խնդրեցին Շիրակի թեմի առաջնորդի դեմ ստորագրահավաք կազմակերպելու վերաբերյալ: «Թեմի առաջնորդը չի կարող հանվել կամ պաշտոնաթող լինել ստորագրահավաքի արդյունքում: Առաջնորդները բացառապես նշանակվում են Ամենայն հայոց հայրապետի, Գերագույն հոգեւոր խորհրդի հավանությամբ: Ցավում եմ, բայց այդ խնդիրը կարծես անձնական հարթություն է տեղափոխվել: Ստորագրահավաքի պատճառն այն է, որ թեմի համար հարմար չեն գտնում այդպիսի առաջնորդ, ինչը պայմանավորված է քաղաքապետի հասցեին նախընտրական շրջանում առաջնորդի կողմից կատարված քննադատությամբ»,- հայտնեց տեր Վահրամը:

Հ. Ալվրցյանն էլ վրացական քաղաքականության «մասով» «Առավոտին» ասաց. «Վրաստանն ունի ինքնահաստատման խնդիր, այդ պատճառով էլ թշնամություն է տածում այլ ազգերի նկատմամբ: Մյուս կողմից էլ վրացիները հայերի հետ ինչ-որ անբացատրելի մրցակցության մեջ են եւ կարծում եմ, թե կշահեն հայկական ազգային արժեքները սեփականաշնորհելու դեպքում»: Վրացիների կողմից հայկական գերեզմանների եւ հուշարձանների պղծման կապակցությամբ «Առավոտի» այն դիտարկմանը, թե պատճառը գուցե հայկական կողմի ոչ համապատասխան վերաբերմո՞ւնքն է, Հ. Ալվրցյանը պատասխանեց. «Սա պետական քաղաքականության բացակայությամբ է պայմանավորված եւ եկեղեցու կրավորական կեցվածքի հետեւանք է: Մեր առաջնորդարանը պաշտոնապես գրանցված էլ չէ Վրաստանում: Մենք միշտ դեպքերի արձագանքողի դերում ենք: Հայ-վրացական չակերտավոր բարեկամության հետեւանքով էլ վնասվում է մեր ազգային շահը»: Տեր Վահրամն ի պատասխան նշեց. «Վրաստանում իրավական կարգավիճակն է այդպիսին: Այնտեղ օրենսդրական դաշտն այնպիսին է, որ միայն վրացական ուղղափառ եկեղեցին սահմանադրական համաձայնագիր ունի պետության հետ, եւ երկրում բացակայում է խղճի, դավանանքի ազատության մասին օրենքը: Առաջարկ եղավ հոգեւոր այդ կազմակերպություններին՝ գրանցել որպես հ/կ-ներ, ինչը պատշաճ չհամարվեց եկեղեցիների կողմից: Ուստի մինչեւ հիմա վիրահայոց թեմը իրավական գրանցում չունի, հետեւաբար իրեն չեն պատկանում այն եկեղեցիները, որոնք «դե ֆակտո» մենք օգտագործում ենք համայնքի հոգեւոր կարիքները հոգալու համար»: Հ. Ալվրցյանը մեղադրանքներ հնչեցրեց հայաստանյայց եկեղեցու ղեկավարության հասցեին, թե պատշաճ արձագանք չի տրվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել