Լրահոս
Օրվա լրահոսը

Հեքիաթ պատմող չե՞նք ունենա

Նոյեմբեր 22,2008 00:00

Նոյեմբերի 20-22-ը Երեւանում անցկացվում է «Գիտելիք եւ խորհրդանիշ, հավատալիք եւ սովորույթ» խորագրով 4-րդ գիտագործնական գիտաժողովը:

«Առավոտը» զրուցեց ՀՀ մշակույթի նախարարության ոչ նյութական մշակութային ժառանգության փորձագետ, երաժշտագետ Լիլիթ Սիմոնյանի հետ, որի զեկուցման թեման էր «Գլոբալիզացիայի կործանարար ազդեցությունը ոչ նյութական մշակութային ժառանգության վրա»: «Գլոբալիզացիան իր հարվածն ուղղում է հենց ազգային մշակույթների դեմ: Դա արվում է ծրագրված եւ գիտակցական ձեւով: Գլոբալիզացիայի քաղաքականության հիմքում ընկած է համահարթեցման գաղափարը, որի շնորհիվ մարդիկ ավելի կառավարելի են դառնում, մշակութային բազմազանությունն էլ վերանում է: Իսկ ավանդութային տարբերությունները խանգարում են համահարթեցմանը,- նկատեց Լ. Սիմոնյանը եւ անդրադարձավ գլոբալիզացիոն քաղաքականության իրականացման մեխանիզմներին:- Օգտագործվում է նորարարության մեխանիզմը, այսինքն, ինչը նոր է՝ ապրիորի լավն է համարվում: Դրա թիրախը երիտասարդությունն է, որը ուզում է տարբերվել նախորդ սերնդից: Գլոբալիզացիոն քաղաքականության արդյունքում հնարավոր է տարիներ հետո ունենանք տատիկների այնպիսի սերունդ, որ օրորոցային երգել, հեքիաթ պատմել չի իմանա, իսկ դրանից կտուժի նաեւ հետագա սերունդը»:

«Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս դիմակայել այդ վտագին, Լ. Սիմոնյանը պատասխանեց. «Դիալեկտիկայի մեջ է աշխարհը գեղեցիկ: Մշակույթները կարծես ինքնապաշտպանվում են»: ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Արմենուհի Ստեփանյանն էլ ներկայացրեց տոների եւ հավատալիքների հետ կապված չափորոշիչներ՝ առանձնացնելով մի քանի մակարդակներ, օրինակ՝ ավանդութային եւ նորօրյա, օրացուցային, պահոց, սրբոց տոներ, հիշատակի օրեր եւ այլն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել