Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՄ

Նոյեմբեր 22,2008 00:00

\"\"Հոգեբանի ու հոգեւորականի տեսակետները

Ինքնասպանությունը համարվում է գիտակցված գործողություն. հետազոտությունները փաստում են, որ անգամ հոգեկան հիվանդները ինքնասպան են լինում ոչ թե իրենց հիվանդության պատճառով, այլ սոցիալական փոխհարաբերություններն ու կարգավիճակը կորցնելու հետեւանքով, ինչպես նաեւ հասարակության մեջ իրենց միայնակ ու ոչ պիտանի զգալու պատճառով:

Երբ Արմենը 14 տարեկան էր, բակի տղաները ծաղրում էին նրան, ասում էին՝ աղջկա է նման, աղջկական խաղեր է խաղում: «Ես այն ժամանակ չէի հարմարվում շրջապատին: Մի անգամ բարձրացա մեր շենքի կտուրը ու ցանկացա վերջ տալ կյանքիս, որովհետեւ ապրելն անիմաստ էր, չունեի ընկերներ: Մտադրությանս մասին իմանալով՝ մեր բակի տղաները վազեցին ծնողներիս հայտնելու «որոշմանս» մասին… Դրանից հետո նրանք մի տեսակ փոխվեցին իմ հանդեպ»,- պատմում է Արմենը: Վաղ պատանեկության տարիները նրան հիշեցնում են հոգեբույժների մռայլ սենյակները: «Ծնողներիս ասել էին՝ տղադ անբուժելի է, զգույշ եղեք: Իսկ հիմա ես արդեն լավ աշխատանք ունեմ ու շուտով կամուսնանամ: Ժամանակին ինձ ծաղրող տղաները այսօր դարձել են իմ լավ ընկերները»,- ավելացրեց Արմենը (անունը փոխված է):

Դիաննան պատմում է, որ իր ընկերուհին հաճախ էր իրենց տուն գալիս ու ինքնասպանության մասին խոսում. «Նա գալիս էր մեր տուն ու ասում, որ, ասենք, իր համար Աստված չկա, ինքը պատրաստ է կանգնել ցանկացած բարձրության վրա ու նետվել ներքեւ, ասում էր՝ ուզում եմ մեռնել, կյանքը անհետաքրքիր է: Սկսեցի խուսափել նրանից, որովհետեւ իր խոսքերը, շարժուձեւը ինձ վախեցնում էին: Մի օր էլ խնջույքի ժամանակ նրա ծնողները զանգեցին ու հետաքրքրվեցին՝ ինձ հե՞տ է արդյոք իրենց դուստրը: Փաստորեն, նա խաբել էր, հետո դին գտան՝ կամրջից նետվել էր»:

Ինքնասպանության մասին զրուցեցինք հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ, վերջինս նշեց. «Այդ քայլին դիմում են մասնավորապես 15-25 տարեկանները: Սա այն տարիքն է, երբ մարդը ցանկանում է գտնել իր «ես»-ը: Երիտասարդներն իրենց առջեւ դնում են խնդիրներ, ու երբ զգում են, որ դրանց լուծման ճանապարհները փակ են՝ ցանկանում են վերջակետ դնել կյանքին… Ինքնասպանություն գործող մարդիկ սիրո, քնքշանքի, մտերմության կարիք ունեն… հաճախ ծնողները, հարազատ-բարեկամները, առանց մտածելու ու հասկանալու, սկսում են խրատներ ու խորհուրդներ տալ, կարծես ցույց տալով, որ իրենք ավելի խելոք են: Եվ այսպես՝ երիտասարդները մեկուսանում են, ներանձնանում, նրանց բառապաշարում սկսում են մեծ տեղ զբաղեցնել այնպիսի արտահայտություններ, ինչպես՝ մահը ավելի լավ է, քան կյանքը, մեռնեմ՝ պրծնեմ, մահը կլուծի բոլոր հարցերը, ես անպետք եմ: Մեծ մասամբ, մարդիկ սրան լուրջ չեն մոտենում, մտածելով՝ հուսահատված է, կանցնի-կգնա, բայց տարիների փորձը ցույց է տալիս, որ հենց այդ երիտասարդներն են հիմնականում ինքնասպան լինում»:

Որոշ տեսաբաններ կարծում են՝ որքան բարձր է մարդու ինտելեկտը, այնքան նվազ է կյանքի դժվարություններից հուսահատվելու եւ ինքնասպանության դիմելու հավանականությունը: Նրանք նաեւ փաստում են, որ ինքնասպանության դիմող տղամարդկանց, հատկապես երիտասարդների թիվը գերազանցում է կանանց: Պատմությանը հայտնի են դեպքեր, երբ ինքնասպանություն կամ այդպիսի փորձ են արել հայտնի մարդիկ, օրինակ՝ Մերիլին Մոնրոն, Մարինա Ցվետաեւան, Սերգեյ Եսենինը…

Հոգեբան Կ. Նալչաջյանը այս մասին նշեց. «Սովորական մահկանացուներին երբեմն թվում է, թե հանճարեղ մարդիկ սովորական կենցաղային կյանքով չեն ապրում: Իրականում նրանք ավելի զգայուն են, խոցելի»:

Ինքնասպանության վերաբերյալ արտահայտվեց նաեւ Սբ. Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Հակոբ քահանա Խաչատրյանը. «Ինքնասպանության պատճառները տարբեր են: Հիմնականում նման քայլի են գնում մարդիկ, որոնց հոգում բացակայում է հավատքը: Ինքնասպանություն գործող անձինք երկնքի արքայության չպիտի արժանանան, որովհետեւ ինքնասպանություն գործելը մեծագույն մեղքերից մեկն է: Չէ՞ որ մեր կամքով չէ, որ մենք ծնվել ենք, Աստված է արարել… »:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել