Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամոթալի» թեմաներ՝ երեխաների համար

Նոյեմբեր 22,2008 00:00

Սեռական դաստիարակության վերաբերյալ ծնողների, մանկավարժների ու մասնագետների կարծիքները տարբերվում են:

Երեխաները դուրս են գալիս կաղամբի միջից, նրանց գետը կամ արագիլն է բերում. եթե որեւէ ծնող այժմ փորձի իր անչափահաս զավակին այսպիսի բացատրություն տալ, երեխան նրա վրա կծիծաղի: Այժմ երեխաները լատինաամերիկյան սերիալներից, ինտերնետից եւ այլ աղբյուրներից սեռական հարաբերություններին վերաբերող այնպիսի մանրամասներ են «բացահայտում», որ ժամանակին գործող հեքիաթներն արդեն անկարող են բավարարել երեխայի հետաքրքրասիրությունը: Եթե արտասահմանում երեխաները սեռական դաստիարակություն ստանում են դպրոցում կամ ծնողների հետ անկաշկանդ զրույցների ժամանակ, ապա մեր հասարակությունում այդ խնդիրը դեռ լուծված չէ: Ծնողները, լինելով հայկական պահպանողական մենտալիտետի կրողները, կաշկանդվում են երեխաներին իրազեկել անգամ ամենատարրական, բայց կարեւոր զարգացումների մասին, որոնք սպասվում են երեխային՝ ֆիզիկական բնականոն աճի ընթացքում: Դպրոցներում էլ ուսուցիչներն են անհարմար զգում երեխաների հետ «ամոթալի» թեմաներով զրուցել: «Առավոտը» այս խնդրի վերաբերյալ զրուցեց Մանկավարժական համալսարանի կենսաբանության եւ քիմիայի ֆակուլտետի դոցենտ Գրիգոր Ամալյանի հետ: «Աղջիկների եւ տղաների սեռական հարցերին նվիրված խոսակցությունները պիտի սկսել դեռ 7-8 տարեկանից, որը համարվում է երեխայի արբունքի շրջան: Չպետք է սպասել, որ երեխան ինքը գա ծնողի մոտ՝ իրեն հետաքրքրող կամ իր հետ կապված փոփոխությունների վերաբերյալ հարցերով: Թե՛ տանը, թե՛ դպրոցներում պիտի մեծ ուշադրություն դարձվի սեռական դաստիարակությանը, քանի որ դրանով է պայմանավորված երեխայի ողջ կյանքի ընթացքը,- նշեց Գ. Ամալյանը եւ նեղսրտեց,- մեր ազգային մենտալիտետը սեռական թեմաներին վերաբերող հարցերից խոսելը ամոթալի է համարում: Այնինչ աղջիկները, որոնց մոտ հասունացումը ավելի վաղ է տեղի ունենում, հաճախ հոգեբանական լուրջ տրավմաներ են ստանում այն պատճառով, որ մայրերը չիմացության կամ ամոթխածության պատճառով իրենց հետ չեն «կիսվում»:

«Առավոտը» հետաքրքրվեց՝ դպրոցում ինչպե՞ս ճիշտ կլինի կազմակերպել սեռական դաստիարակությունը: «Ութերորդ դասարանի դասագրքի վերջում անդրադառնում են սեռական օրգանների կառուցվածքին, դրանց գործունեությանը եւ սեռական հարցերի քննարկմանը: Այդ առիթը պիտի օգտագործի ուսուցիչը: Ընդհանրապես, բոլոր ուսուցիչները պիտի դասի գոնե 10 րոպեն հատկացնեն երեխաների հետ այդպիսի զրույցներ տանելու համար: Արբունքի շրջանում գտնվող երեխաները դառնում են անկառավարելի, հաճախ առաջնորդվում են միայն բնազդներով: Օրինակ՝ վերջերս դասի ժամանակ աշակերտուհիներից մեկը միանգամից վեր է կացել եւ նստել կողքի տղայի գիրկը, ուսուցիչը չի իմացել ինչպես կառավարի նրանց: Դա խոսում է երեխաների բնազդների մասին: Ուստի, ավելի լավ է նրանց ամեն ինչ բացատրել, որ չիմացության պատճառով չառաջնորդվեն բնազդներով»,- պատասխանեց պարոն Ամալյանը:

Նրա փոխանցմամբ, ԿԳՆ-ն արդեն ձեռնամուխ է եղել սեռական դաստիարակության վերաբերյալ դասագրքի հրատարակմանը: Խնդրահարույց այս հարցի վերաբերյալ «Առավոտը» զրուցեց նաեւ ծնողների եւ ուսուցիչների հետ: Ծնող Շուշան Հովհաննիսյանը նշեց. «Իհարկե, առաջին հերթին ծնողը պիտի զրուցի երեխայի հետ, նրան նախապատրաստի, բայց մյուս կողմից մինչեւ վերջ երեխայիդ առաջ չես կարող «բացվել», դա պիտի արվի դպրոցում: Նման դասերի ընթացքում էլ պիտի առանձնացնել տղաներին եւ աղջիկներին»: Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցի տնօրեն Մարիամ Հովհաննիսյանն էլ նկատեց. «Ամեն ուսուցիչ իրավունք չունի երեխայի հետ այդ թեմաներով զրուցել, քանի որ նրանցից շատերն իրենք ունեն սեռական դաստիարակության կարիք: Մեր դպրոցում դեռ 1998-ից ամերիկյան ծրագրով 9-րդ դասարանում ուսումնասիրում են առողջապահություն, որը ներառում է նաեւ սեռական դաստիարակության հարցեր: Անձամբ ես դեմ եմ, որ երեխաների հետ շատ բաց բաներից խոսեն, քանի որ դա ավելորդ հետաքրքրասիրություն կառաջացնի, եւ գուցե երեխային շատ դժվար կլինի համոզել՝ դրանք չփորձել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել