Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՆԵՐՍԻՑ ԵՄ ԶԳՈՒՄ»

Նոյեմբեր 22,2008 00:00

\"\"Ասում է դերասանուհի եւ արձակագիր Անահիտ Թոփչյանը

Վերջերս կայացավ Անահիտ Թոփչյանի «Հայելի» գրքի շնորհանդեսը, որը պատմվածքների ու մոնոդրամների ժողովածու է: Նոր գրքում հեղինակը շարունակում է ներկայացնել իր հերոսների դրամատիկ ճակատագիրը, որոնք ընթերցողին ծանոթ են նրա «Lady S.D.F.» ժողովածուից: Այստեղ եւս «անհասցե տիկնոջ» դրաման շարունակվում է: «Հայելիի» առիթով հեղինակը սիրով հարցազրույց տվեց «Առավոտին»: Հետաքրքրվեցինք՝ գրե՞լն է օգնում խաղալուն, թե՞ հակառակը:

«Երբ խաղում էի, ժամանակ չունեի գրականությամբ զբաղվելու, բայց ինչ-ինչ գրառումներ էի անում՝ կապված հակասական, հոգեբանական բարդ դերերիս հետ: Հետագայում դրանք օգտագործվեցին գրքերումս»,- պատասխանեց Ա. Թոփչյանը: Մեր հարցին՝ նրա հերոսները տղամարդիկ են, որոնք իրենց մասին են պատմում Ա. Թոփչյանի «բերանով», հե՞շտ է մտնել տղամարդու «կաշվի» մեջ, արձակագիրը պատասխանեց. «Ինձ համար հեշտ է… կա անդրոգենիզմի տեսություն, ըստ որի՝ ամեն մեկիս մեջ կա ե՛ւ տղամարդ, ե՛ւ կին: Ես ներսից եմ զգում տղամարդկանց, որոնք հետո դառնում են իմ պերսոնաժները: Ես բնությանը շատ մոտ եմ, անգամ կատվի ու շան վիճակը կզգամ, եւ ունեմ տրամադրություն, օրինակ՝ շան մոնոլոգ գրելու»: Ա. Թոփչյանի գրքում անափ ցավ կա բարության, գեղեցկության, կանացիության կորստի, տրորման եւ, ընդհանրապես, կնոջ պարտադրված «ձեւախեղման» համար: Հեղինակն այս մասին ասում է. «Կինը ճնշված է, ինքնություն չէ: Կինն իր ափսեում չէ, աջից, ձախից ծանրությունը նրա վրա է ընկնում, նա այս ճանապարհին կոպտանում է»: Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ «Գնանք Թուրքիա՝ փրկվե՜նք» մոնոդրամին: Արձակագիր-դերասանուհին ասաց, որ երբ այն տպագրվել էր «Գրական թերթում», շատերը զարմացել են իր համարձակության վրա: Մոնոդրամի հերոսուհու նախատիպը մի հարբեցող, դժբախտ ու գլուխգովան լրագրողուհի է, բայց նաեւ հեղինակն ասում է, որ մի քանի մարդկանց պատմություններ է միացրել: Երբ ծնվել է երկրորդ գիրքը, որտեղ այս մոնոդրամն էլ է զետեղված, գրչակիցները խորհուրդ են տվել վերնագրել «Գնանք Թուրքիա՝ փրկվե՜նք», սակայն վերջին պահին որոշվել է այն «Հայելի» անվանել:

Անահիտ Թոփչյանը գրում է համամարդկային խնդիրների մասին, նրա հերոսները հայեր են, ֆրանսիացիներ, ռուսներ… ու նրանց հետ էլ մեծ ափսոսանք՝ չարդարացված հույսերի, սիրուն խաբկանքների, ինքնակամ «պլաստիկ վիրահատությունների» ու մարդկային խոզակերպարանափոխման համար:

Գրքի շապիկին Անահիտ Թոփչյանն է հայելու միջից՝ շատ գեղեցիկ գլխարկով: Խնդրեցինք այդ նկարի նախապատմությունն անել: «30 սլայդ ունեմ Փարաջանովի ստեղծած գլխարկներով, որոնք նա պատրաստել էր բանտում եւ բանտից հետո: Երեւանյան մի ցուցահանդեսի ժամանակ Փարաջանովը խնդրեց, որ դեֆիլե անեմ՝ իր գլխարկներով, հետո 88-ի երկրաշարժը եղավ: Ես ահավոր տխուր էի ու ընկճված, չէի ցանկանում: Դեկտեմբերի 10-ին Զավեն Սարգսյանը զանգեց եւ ասաց, որ ժամանակ չկա, ցուցահանդեսը հավաքվում է, ու ինքը չի կարող սպասել: Ամուսինս ասաց՝ անհարմար է, եթե Փարաջանովին խոստացել ես՝ գնա: Հանպատրաստից վերցրի մի քանի զգեստ, ձեռնոցներ ու այլ բաղադրիչներ՝ գնացի լուսանկարվելու: Մութ էր, անգամ հայելի չկար, բայց կարողացա ներքուստ կերպարանափոխվել, զգում էի, թե ինչ պլաստիկա պիտի ունենա այս կամ այն գլխարկը կրող կինը: Ուզում էի, որ գրքիս շապիկին հեռացող կին լինի՝ կոտրված պլաստիկայով, կապույտի մեջ կորչող, վերնագիրն էլ «Մի կյանք՝ մոռանալու համար»: Վերջին օրը հասկացա, որ չի կարելի այդպիսի դաժան վերնագրով գիրք տպագրել, ավելի ինքնավստահ մի շապիկ ու վերնագիր պիտի ունենա այն, դրա համար էլ վերնագիրը դրեցի «Հայելի»:

Մեր հաջորդ հարցին՝ իր կարծիքով հայկական կինոյում ինչո՞ւ է ավելի շատ «շեշտը դրվում» գեղջկական արտաքինով կին հերոսուհիների, քան գեղեցիկների վրա, տիկին Անահիտը պատասխանեց. «Ողջ կյանքում տառապել եմ, որ ինձ համապատասխան դերեր չեն ստեղծվել: Ախր, գեղջուկ միշտ էլ կարելի է ձեւանալ, բայց արիստոկրատ կին՝ շատ դժվար է… Ես, իհարկե, կարող էի գեղջուկ խաղալ, բայց ինձնից ավելի լավ խաղացողներ գտնվեցին, որովհետե գեղջուկ էին էությամբ: Եվ հետո հայ գրողների ու ռեժիսորների գեներն էլ, մեղմ ասած, բարձր չէին, նրանք կնոջը ընկալում էին որպես տղամարդու կողքին եղած մի էակ, որը միայն պիտի երեխաներ ունենա, կենցաղով զբաղվի, ճաշ եփի… Քանի որ հայ ռեժիսորների կնոջ իդեալը դա էր, նրանք չկարողացան բարձրանալ, համաշխարհային ֆիլմեր ստեղծել, մնացին զուտ հայկական միջավայրի մեջ: Նույնը վերաբերում է հայկական դրամատուրգիային: Այնտեղ չկա այն կինը, որ կուզենայի խաղալ: Հետագայում ծնվեց Փառանձեմի կերպարը՝ ստիպված ամուսնուս համոզեցի, որ գրի»: Անահիտ Թոփչյանին հարցրինք՝ ինչո՞ւ չի վերադառնում թատրոն: «Վերադառնամ, որ ինձ նորից կտցե՞ն, նախանձե՞ն, դեր չտա՞ն… Իմ ամեն մի հաջողությունից հետո ես գալիս էի տուն ու լաց էի լինում, որովհետեւ ինտրիգներ էին սարքում, չէին սիրում ինքնուրույն մտածող մարդկանց: Երկու տարի առաջ իմ փորձը՝ վերադառնալ հայկական բեմ եւ կոլեկտիվ, դաժան բացահայտումների հանգեցրեց… մտածում էի, որ պիտի կոլեկտիվով հավաքվենք, մեծ գործ ստեղծենք, ոչ թե շարժվենք՝ սրան մի քիչ դեր, նրան մի քիչ փող սկզբունքով… Քիչ էր մնում ամեն ինչ տապալվեր, որովհետեւ աշխատում էի դժոխային պայմաններում, երբ բեմադրիչը թողնում- հեռանում է պրեմիերայից առաջ… Բայց ես վատ բան չէի արել, նվիրված էի, ե՛ւ փողն էի բերել, ե՛ւ նյութը, մնում էր ամեն ինչ կյանքի կոչել: Խոսքը Էրիկ Էմանուել Շմիդտի «Ամուսնական փոքրիկ ոճիրներ» գործի մասին է, որ բեմադրվեց «Ֆրանսիայի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում… չնայած ես հաղթեցի, բայց դրանից հետո երկար ժամանակ գիշերներն արթնանում ու մտածում էի՝ տեր Աստված, ինչո՞ւ ինձ հետ այդպես վարվեցին…»,- ասաց Անահիտ Թոփչյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել