Լրահոս
Օրվա լրահոսը

Պատվերով՝ հայտնագործություններ, դիպլոմայիններ ու ռեֆերատներ

Նոյեմբեր 22,2008 00:00

Որոշ կազմակերպություններ զբաղված են նման բիզնեսով

Ուսումնական կիսամյակը ավարտին մոտենալուն պես՝ անգամ այն ուսանողի մեջ, որը երբեւէ չի էլ մտածել իրեն հանձնարարված ռեֆերատը կամ կուրսային աշխատանքը համապատասխան գումարով գրել տալու մասին, ակամայից այդպիսի ցանկություն է առաջանում, քանի որ բուհում ամեն քայլափոխի ինչ-որ մարդիկ թռուցիկներ են «հրամցնում»՝ զարտուղի ճանապարհով գիտական աշխատանքներ ձեռք բերելու գնացուցակով, իրենց հասցեներով ու հեռախոսահամարներով: Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ), Երեւանի տնտեսագիտական համալսարանի (ԵՏՀ), Ճարտարագիտական համալսարանի շրջակայքում գտնվելու ժամանակահատվածում «Առավոտին» եւս փորձեցին «գայթակղել» այդպիսի թերթիկներով: Դրանցից մեկը «Life» ընկերությունն էր, որը, ի տարբերություն մյուս կազմակերպությունների, «պատվերով» գիտական հայտնագործություններ էլ է անում: Երբ ընկերությունից հետաքրքրվեցինք, թե որքա՞ն «կարժենա», օրինակ՝ քիմիայի ոլորտում մեկ գիտական «հայտնագործությունը», պատասխանեցին. «Գինը պայմանագրային է, նայած ինչ հայտնագործություն եք ուզում»: Եթե գիտական հայտնագործությունների եւ «այլ» ծառայությունների «գները» պայմանագրային են, ապա ռեֆերատների, դիպլոմայինների եւ կուրսայինների «գներն» ամրագրված են: Ռեֆերատի մեկ էջը «արժե» 500 դրամ, կուրսայինների «գները» տատանվում են 11-15.000 դրամի շրջանակներում: Դիպլոմայինի մեկ էջը «գրվում» է 900-1400 դրամով, մագիստրոսական թեզերը՝ էջը 1100-1400 դրամով, դիսերտացիաները՝ էջը 2000 դրամով:

Ուսանողների շրջանում «Առավոտի» կատարած հարցախույզը ցույց տվեց, որ այս ծառայություններն ունեն մեծ պահանջարկ: Օրինակ՝ Ագրարային համալսարանի ուսանող Արմեն Հովսեփյանը նկատեց. «Այդ ծառայությունները բավականին օգտակար են հատկապես աշխատող ուսանողների համար: Ոչինչ, որ մի կուրսային էլ ինքս չգրեմ, ավելի լավ է գումար վաստակեմ եւ դրա մի մասով կուրսայինս կամ ռեֆերատս պատվիրեմ»: ԵՊՀ ուսանողուհի Արմինե Հարությունյանն էլ նշեց. «Դեմ եմ այսպիսի կենտրոնների գոյությանը: Ախր կիսամյակի վերջում թացն ու չորը խառնվում են իրար: Երբեմն ե՛ւ ռեֆերատը գնած ուսանողն է «գերազանց» ստանում, ե՛ւ իր քրտինքով այդ աշխատանքը կատարած անձը»: ԵՏՀ ուսանողուհի Լիլիթ Ավագյանը վրդովված՝ այլ խնդիր բարձրացրեց. «Այն, որ ուսանողները ինտերնետից կամ նշված կենտրոններից են գիտական աշխատանքներ ձեռք բերում՝ համեմատաբար տանելի է, բայց երբ որոշ դասախոսներ իրենք են ներքին կարգով վճարովի հիմունքներով ռեֆերատներ բաժանում՝ դա ահավոր է»:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Լիանա Սայադյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է «մատնում», որ ուսանողն ինքը չի կատարել աշխատանքը: «Եթե դասախոսը լավ ճանաչում է իր ուսանողների կարողությունները, հեշտությամբ կարող է գլխի ընկել՝ դա ուսանողի մտքի արգասի՞քն է, թե՞ ոչ: Համեմատաբար երիտասարդ դասախոսների համար դա բացահայտելն ավելի հեշտ է, քանի որ նրանք էլ են օգտագործում ինտերնետային ռեսուրսները, մյուս կողմից էլ աշխատանքի բնույթից կարելի է գլխի ընկել՝ դա ուսանողի՞, թե՞ պրոֆեսիոնալի կատարած գործ է»,- պատասխանեց Լ. Սայադյանը: Նա նաեւ հավելեց. «Եթե անգամ այս երեւույթի դեմ կիրառվեն վարչական մեթոդներ, արդյունավետ չեն լինի: Դասախոսները պիտի աչալուրջ լինեն, որ կարողանան վերահսկել: Պիտի գտնել ուսանողի հետ աշխատելու յուրահատուկ մեթոդներ, որոնց դեպքում առավելագույնս կարելի է ապահովել ուսանողի ինքնուրույնությունը»: Որոշ դասախոսների՝ ուսանողների հետ գործարքների մեջ մտնելու երեւույթի մասին էլ ԵՊՀ դասախոսն ասաց. «Դա խորը սոցիալական հիմքեր ունի: Քանի որ մեր երկրում մտավորականները բավարար չափով չեն վարձատրվում, իրենց գիտական կարողությունները չեն կարողանում ռեալիզացնել եւ համարժեք կերպով վարձատրվել, դիմում են այդպիսի մեթոդների: Համենայնդեպս, չեմ կարծում, որ որեւէ դասախոսի հաճելի կլինի ուսանողի կողմից վճարվել եւ նման աշխատանք կատարել»: ԿԳՆ բարձրագույն մասնագիտական կրթության քաղաքականության մշակման եւ կազմակերպման բաժնի պետ Մհեր Մելիք-Բախշյանը խնդրի կապակցությամբ հայտնեց. «Սովորող ուսանողը, այսպես թե այնպես՝ կսովորի, չսովորողը անընդհատ կդիմի զարտուղի ճանապարհների: Ենթադրենք, տվյալ անձնավորությունը խաբեությամբ ավարտեց բուհը, միեւնույն է, վաղ թե ուշ աշխատանքի մեջ կերեւա նրա իրական դեմքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել