Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՛Չ ՓՈՂ ՈՒՆԵՄ, Ո՛Չ ԷԼ ՔԵՌԻ»

Նոյեմբեր 22,2008 00:00

\"\"Սիրված դերասան Արտաշես Ալեքսանյանը մերժում է ծրագրերն իրականացնելու հայաստանյան «մեթոդները»

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արտաշես Ալեքսանյանին շատերը հիմա ճանաչում են որպես «Ճակատագրի գերիները» հեռուստասերիալի Սոսովիչ: Արտիստը դրանից չի նեղվում. «Ոչինչ, սկզբում տեսնելիս կասեն՝ վա՜յ, Սոսովիչը, հետո անուն-ազգանունս կսովորեն, մի օր էլ կգա, որ կուզենան խաղացող արտիստին բեմի վրա տեսնել»: Ինչ վերաբերում է շնորհալի դերասանների՝ ավելի շատ հեռուստասերիալներում, քան թատրոնում ներկայացված լինելուն, Ա. Ալեքսանյանն այս մասին ասում է. «Նորմալ երեւույթ է, մարդիկ ուրիշ գործ եւ ֆինանսի աղբյուր չունեն, սերիալում են նկարահանվում, դա էլ գործ է: Սերիալը ֆուտբոլի նման է՝ նախ գնում ես պարապմունքի, հետո նոր ֆուտբոլ խաղում: Նկարահանվելն էլ պարապմունք է, համ էլ դերասանն այդպես «ֆորմի» մեջ է մնում: Եվ հետո, ինչքան շատ լինեն սերիալները, այնքան ամեն ինչ կմաղվի, վերջում կերեւա՝ ով ով է»:

Ա. Ալեքսանյանը միշտ իր արժեքն իմացող, ինքնավստահ, առնական տղամարդկանց է խաղում կինոյում եւ հեռուստասերիալներում: Հետաքրքրվեցինք՝ ի՞նքն է ընտրում, թե ինչ խաղա, թե՞ համաձայնում է առաջարկվող ցանկացած դերի: «Արտիստի եւ բժշկի մասնագիտություններն ընդհանրություններ ունեն: Երբ բժշկի մոտ հիվանդ են բերում, ինքը չի ասում՝ սրան կբուժեմ, նրան՝ ոչ: Նախ ախտորոշում է, հետո որոշում վիրահատել կամ բուժում նշանակել: Ես էլ եմ իմ դերերին էդ տեսակ վերաբերվում՝ իմ բոլոր «հիվանդներին» ընդունում եմ… Իրավունք չունեմ փախչելու: Սիրում եմ իմ բոլոր հերոսներին, կենակցում եմ հետները, ուղիղ իմաստով նկատի չունեմ, ուզում եմ ասել, որ իրենց առօրյայով ապրում եմ, գիտեմ յուրաքանչյուրի հիվանդությունը, թույլ տեղը, գաղտնիքները… Երբեմն ոմանց խղճում եմ, անկախ նրանց ուժեղ ու թույլ լինելուց»,- պատասխանեց մեր զրուցակիցը: Հաջորդ հարցին՝ հնարավո՞ր է ընդմիշտ մնա կինոյում, Ա. Ալեքսանյանն ասում է. «Ժամանակը գիտի: Ես եւ թատրոնն եմ սիորում, եւ կինոն, այնպես որ՝ չեմ կարող իմ սերերից հրաժարվել»: Դերասանը, որ ռեժիսուրա եւ դերասանի վարպետություն է դասավանդում է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, հիացած է այսօրվա իր ուսանողներով. «Փայլուն երիտասարդություն ունենք, անչափ հետաքրքիր սերունդ: Այն ամենը, ինչ կորցրել էինք ժամանակին՝ նամուս, թասիբ, մեծի հանդեպ հարգանք, հիմա տեսնում եմ ջահելների մեջ: Շնորհալի երեխեք են, օրինակ, նրանցից Դավիթ Մարգարյանին որոշել եմ տիրություն անել, աջակցել ամեն ինչում, որ առաջ գնա»: Նա այն կարծիքին է, որ ստեղծագործող մարդը պիտի ճամփորդի, աշխատի օտար երկրներում, հաղորդակից լինի այլոց մշակույթին. «Դա արյան փոխներարկման պրոցեսի նման է, նոր ինֆորմացիա, աշխարհայացք: Ես, օրինակ, երկար տարիներ աշխատել եմ Սանկտ Պետերբուրգում եւ Պրահայում: Մոտ 10 բեմադրություն եմ արել Պրահայի պետական թատրոններում՝ սկսած Շեքսպիրից, վերջացրած Գոգոլով եւ Իբսենով: Սանկտ Պետերբուրգում ոչ միայն բեմադրություններ եմ արել, այլեւ շուրջ 20 ֆիլմում նկարահանվել («Բանդիտական Պետերբուրգ», «Կոտրված լապտերների փողոցը», «Ռուսական տապան», «Սպեցնազ» եւ այլն): Կուզենայի ֆիլմի ռեժիսորի դերում հանդես գալ, ֆիլմեր նկարահանել Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանի», Լեւոն Շանթի ստեղծագործությունների հիման վրա, անդրադառնալ Ավարայրի ճակատամարտին, Սասնա ծռերին, ինչու չէ՝ նաեւ ժամանակակիցներին: Նույնը կարող եմ եւ թատրոնում անել, բայց, դժբախտաբար, ոչ փող ունեմ, ոչ էլ քեռի»: Ա. Ալեքսանյանը մանրամասնելով «քեռու» եւ հովանավորչության թեման, առանց «փակագծերը» բացելու հիշեց. «90 թվին, երբ խաղացի «Ինկած բերդի իշխանուհին», «դախլի» տակից պրիզ շահեցի… ինչո՞ւ «դախլի» տակից, որովհետեւ երեկոյան պրիզը ինձ տվեցին, իսկ հեռուստահարցազրույցը ուրիշի հետ եղավ… Կամ երբ 2002-ին արտերկրից վերադարձա Հայաստան ու դիմեցի տարբեր թատրոններ՝ բեմադրություն անելու համար, բոլորը խոսքները մեկ արած՝ «քնեցրին» ու ընթացք չտվեցին, մինչդեռ «դրսում» ինչ նախաձեռնել եմ՝ լավ է ընդունվել: Ի դեպ, 2003-ին Հայ սփյուռքի հանրագիտարանում իմ անունն էլ գրեցին՝ որպես Սփյուռքում մշակութային գործունեություն ծավալած մարդ, բայց ի՞նչ օգուտ…»:

Արտաշես Ալեքսանյանը մեր թերթի միջոցով հարց ուղղեց ՀՀ մշակույթի նախարարին. «Ի՞նչ շնորհներով ու չափանիշներով եք մարդկանց գնահատում՝ կոչումներ տալիս: Իմ 20 ֆիլմն ու 10 բեմադրությունը բավական չե՞ն… Քավ լիցի, թող տպավորություն չստեղծվի, թե կոչում եմ երազում, ժողովրդի սերը լրիվ հերիք է»: Խոսելով «Թատրոնի մասին» օրենքից, դերասանն ասաց. «Ամեն ոլորտ էլ պիտի կարգավորվի օրենքով, որ ուղեծրից դուրս չգաս: Ընդհանրապես, պետությանը եւ թատրոնին բռունցք է պետք, որովհետեւ, ինչպես ժողովուրդն է ասում՝ շունը բնին կապած է լավ հաչում: Լավ օրենքները պետք են, որ չգերակայեն ծանոթ-բարեկամը, փողն ու քեռին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել