Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռուստասերիալի բարի ոստիկանը

Նոյեմբեր 22,2008 00:00

\"\"Ըստ ճանաչված դերասան Ազատ Գասպարյանի՝ «սպիտակ ագռավ» իրականում կա

Դերասան Ազատ Գասպարյանը այլեւս բարի ոստիկանի է մարմնավորում «Որոգայթ» հեռուստասերիալում: Նրա հերոսը ամենաշատ քննադատվածներից է, քան սերիալների՝ ժարգոնով խոսող կրիմինալները: Դերասանն ինքն էլ գոհ չէ հեռուստասերիալներից. «Բոլորը կրկնում են մեկը մյուսին՝ նույն գողերն ու մաֆիոզներն են, նույն ահավոր կենցաղը: Հայկական սովորություն է, երբ մեկը մի բան է ձեռնարկում, հարեւաններն էլ են նույնը անում, խանութ են բացում, «ցեխ դնում», հեռուստաընկերություններն էլ սերիալներ են նկարում»:

Մեր զրուցակիցը գտնում է, որ հայաստանցիները ուշ են սկսել դժգոհել անորակ սերիալներից. «Ինչո՞ւ ենք սպասում մի բանը ավերիչ լինի՝ նոր անհանգստանանք: Երբ ժամանակին այդ վարակը բրազիլական եւ մեքսիկական պրիմիտիվ սերիալների տեսքով ներխուժեց մեր հեռուստաընկերություններ, ոչ մեկս չարձագանքեցինք: Հիմա շնորհակալ ենք ԱԺ պատգամավորներին, մասնավորապես, Արմեն Աշոտյանին, որ մտահոգվել է, դարձրել օրվա թեմա: Բայց մյուս կողմից էլ այդ սերիալների հետ կապ ունեցող գործիչներիս են բոլորը մեղադրում, մի տեսակ մեզ վրա են այդ ամենի «շառը» գցում: Օտար սերիալների բնական շարունակությունը հայկական հեռուստասերիալներն են, եւ այսօր կրկին հիմար վիճակի մեջ ենք հայտնվել: Ոմանք ասում են՝ ժողովուրդն է պահանջում, բայց խեղճ ժողովուրդը սուսուփուս նստած է տանը, եւ ինչ տաս՝ «ուտում» է: Ինչ վերաբերում է ստեղծագործողներիս, մենք սերիալի դերասան չենք, աշուղի նման ենք. այսօր այստեղ, վաղը այնտեղ»:

Ա. Գասպարյանին ասացինք, որ բոլորովին համոզիչ չէ իր կերպարը, որովհետեւ մեր հասարակությունում չկան «լուսապսակով» ոստիկաններ, այն էլ՝ բարձրաստիճան: Մեր զրուցակիցը չհամաձայնեց «Առավոտի» դիտարկմանը. «Ինձ գայթակղեց գնդապետի դերը, որն ասելիք ունի… Հավատքը խախտված ժողովուրդը, բնականաբար, չի հավատա, որ կան ազնիվ ոստիկաններ, ռեկտորներ, բժիշկներ: Բայց ախր կա այդ «սպիտակ ագռավը» …Հենց նման մարդիկ են իրենց ուսերին պահում մոլորակը … Իմ հերոսը ազնիվ աշխատավարձով ապրող մարդ է, 60 տարեկան է, պիտի գեներալ լիներ, բայց ընդամենը գնդապետ է… Իտալական «Ծովահրեշը» ֆիլմում էլ կոմիսար Կատանին միայնակ դուրս էր եկել ամբողջ մաֆիայի դեմ, իսկ մենք ինչո՞ւ դուրս չգանք տեղական մաֆիայի դեմ…»:

Անդրադարձ եղավ նաեւ հեռուստասերիալների խայտառակ լեզվին: «Եթե սերիալները նման որակով ու լեզվով շարունակվեն՝ ահավոր կլինի: Արվեստի նպատակը հոգեմաքրումն է՝ կատարսիսը, հեռուստասերիալն էլ արվեստի ճյուղ է, որը պետք է նման առաքելությամբ հանդես գա, սակայն իրականում վիճակը այլ է: Մեզանում «զոռը» տալիս են ժարգոնին եւ դրությունների սրմանը, որպեսզի դիտարժան լինի, մինչդեռ պարտավոր ենք հրամցնել բարին, ճաշակովը, լավը… Սերիալում ոչ թե բոլորը, այլ մեկ-երկու գործող անձ, եթե հանցագործ աշխարհն են ներկայացնում, կարող են ժարգոնով խոսել: Ախր քաղաքաբնակն ինչո՞ւ պիտի բարբառով կամ ժարգոնով խոսի, ժարգոնը չպետք է դարձնել դրոշակ, բովանդակություն ու ձեւ»,- նշեց դերասանը:

Նա հույս ունի, որ, իր խոսքով՝ այս տոնայնությունը կանցնի եւ հայ հեռուստադիտողին որակյալ սերիալներ «կհրամցվեն». «Կամաց-կամաց հեռուստաընկերությունները կհասկանան, որ սա մանր բիզնես է ու կսկսեն զբաղվել մեծ բիզնեսով, այնպիսի ֆիլմեր կնկարեն, որոնցով կհավակնեն կարեւոր տեղ ունենալ միջազգային կինոշուկայում»:

Ա. Գասպարյանը կարծիք հայտնեց, որ թատրոնից հեռացել է պրոֆեսիոնալ հանդիսատեսը, որ գիտեր հավուր պատշաճի գնահատել արվեստագետին. «Հիմա տգետները շատացել են, դերասաններին սերիալի հերոսների անունով են կանչում, էդ նույնն է, որ մենք հանդիսատեսին ասենք՝ տղա, աշակերտ, ուսանող, բռի, վայրենի, սարեցի… Երբ մարդկանց կենսամակարդակը բարձրանա՝ սա կշտկվի: Թե չէ, հիմա մի մեծ երեխա ենք դարձել, ազգովի խժռում ենք ամեն ինչ»: Մեր դիտարկման առնչությամբ՝ եթե կենսամակարդակով պայմանավորված լիներ ամեն ինչ, օլիգարխների զավակները պետք է թատրոններից ու համերգասրահներից դուրս չգային, պարոն Գասպարյանը փոքրիկ ճշտում արեց. «Ես օլիգարխներին նկատի չունեմ: Նրանք խժռողներ են: Հասարակության մասին է խոսքը»: Հարցրինք՝ պաշտոնյաներից ու քաղաքական գործիչներից ո՞ւմ է հանդիպել հանդիսատեսի դերում: «Սովորաբար մեր ներկայացումներին հրավիրում ենք գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որը թատերասեր է, նկարչությունից ու պոեզիայից էլ է հասկանում: Ապշել էինք՝ «Ոճիր եւ պատիժից», «Պատվի համարից» հետո բավական ուսուցողական զրույց ունեցանք նրա հետ, ապշել էինք… ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին ենք հաճախ տեսնում, Ռազմիկ Մարտիրոսյանն էր սոցապ նախարար եղած ժամանակ գալիս մեր (Սունդուկյանի անվան- Գ. Հ.) թատրոն»,-ասաց դերասանը: Նաեւ, պատասխանելով «Առավոտի» հարցին, հավելեց, որ վատ է վերաբերվում այն արվեստագետներին, «որոնք դառնում են պալատական, ինչպես Վարդան Պետրոսյանն է ասում՝ իշխանավորների սեղանի սոխակ… Երեւի մտածում են՝ եթե իրենց հրավիրել են թագավորի պալատ, ուրեմն ե՛ւ հրավիրողն է իրենից բան ներկայացնում, ե՛ւ իրենք…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել