Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ՝ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ՀԱՄԱՐ

Նոյեմբեր 22,2008 00:00

\"\"Ըստ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի, զարգացման ֆինանսավորում կհատկացվի այն դեպքում, երբ գիտությունը կսկսի լուծել պետության առաջադրած խնդիրները:

2009 թվականի բյուջեով գիտության ոլորտի համար նախատեսված 8.3 մլրդ դրամ ֆինանսավորումը տարաբնույթ մեկնաբանությունների եւ դժգոհությունների տեղիք տվեց: Որպես գիտական շրջանակների ներկայացուցիչ՝ ամենից շատ այս կապակցությամբ մտահոգություն հայտնեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Վերոնշյալ 8.3 մլրդ դրամից ակադեմիային հատկացվել է 4 մլրդ, ինչը Ռ. Մարտիրոսյանը «սարսափելի ցուցանիշ» է համարում նույնիսկ այն դեպքում, երբ նախորդ տարի ԳԱԱ ֆինանսավորումը եղել է ավելի քիչ՝ 3.5 մլրդ դրամ: Անդրադառնալով ընդհանրապես ՀՀ-ում գիտության ֆինանսավորմանը, Ռ. Մարտիրոսյանը նկատել է. «Հայաստանի գիտության ֆինանսավորումը տասնյակ անգամ ցածր է ոչ միայն զարգացած, այլեւ զարգացող պետությունների գիտական ոլորտներին բաժին ընկնող ֆինանսավորման ծավալից»: ՀՀ ազգային անվտանգության համատեքստում գիտությանն ու կրթությանը նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ էլ Ռ. Մարտիրոսյանը նեղսրտել էր. «Հայաստանում բոլորը, առանց բացառության, պնդում են, թե մեր երկրի հիմնական ներուժը ինտելեկտն է, սակայն ամեն ինչ ավարտվում է միայն խոսակցություններով»: «Առավոտը» ԳԱԱ նախագահի մտահոգություններին առնչվող մեկնաբանություններ ստացավ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանից, որն իր պաշտոնավարման օրվանից սկսած դարձել էր ակադեմիկոսների «աչքի փուշը»՝ գիտության ոլորտում «կոշտ» թվացող բարեփոխումներ իրականացնելու պատճառով:

Անդրադառնալով գիտության ֆինանսավորմանը, պարոն Հարությունյանը նկատեց. «Ներկայումս գիտությանը հատկացվում է ոչ թե զարգացման, այլ ընդամենն այն ինչ-որ ձեւով պահպանելու ֆինանսավորում: Որպեսզի ստանանք զարգացման ֆինանսավորում, պիտի հստակ ձեւակերպենք գիտնականների առջեւ դրված խնդիրները, որոնք պիտի բխեն պետության զարգացման ռազմավարությունից, հետեւաբար՝ գիտության առջեւ դրված խնդիրներից: Սակայն առայժմ հստակ ձեւավորված չէ գիտության զարգացման ռազմավարությունը: Պետությունը, արդյունաբերությունը, տնտեսությունը պիտի խնդիրներ դնեն գիտնականների առաջ, ինչի լուծման դեպքում ֆինանսավորման ծավալները զգալիորեն կփոխվեն»: Մեր այն դիտարկմանը՝ եթե պետական այրերը գիտության ֆինանսավորման փոքր ծավալները հիմնականում պատճառաբանում են բյուջետային միջոցների սղությամբ, այդ դեպքում ի՞նչ երաշխիք, որ երբեւէ հրաշքով գիտության համար գումարներ կգոյանան, Ս. Հարությունյանն այսպես պատասխանեց. «Ճիշտ է, շատ մեծ բյուջե չունենք, բայց միջոցներ, այնուամենայնիվ, կան»:

Կոմիտեի նախագահը նաեւ նշեց, որ մյուս տարվա բյուջեով որոշ նոր ծրագրեր են նախատեսված, ինչպիսիք են գիտական կենտրոնների ստեղծումը, արդյունքում՝ գիտական նմանատիպ ծրագրերով զբաղվող ինստիտուտները կաշխատեն համատեղ: Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է որոշվելու, թե որ ինստիտուտներն են միավորվելու: «Մրցութային կարգով,-պատասխանեց պարոն Հարությունյանը եւ մանրամասնեց:- Կոմիտեի դերն էլ այն պիտի լինի, որ այդ գործընթացը առավելագույնս անցնի օբյեկտիվ ու առանց կորուստների: Դրա համար կա անկախ փորձաքննության համակարգ, իսկ փորձագետների շարքում հավանաբար կլինեն նաեւ արտերկրում ապրող հայ գիտնականներ, տնտեսության ոլորտի պրոֆեսիոնալներ, ճյուղային նախարարության ներկայացուցիչներ եւ այլն»: Ս. Հարությունյանը հայաստանյան գիտությունը «փրկելու» համար մի միտք էլ հայտնեց՝ ստեղծել հետազոտական համալսարան, որը կապահովի գիտություն-կրթություն-արդյունաբերություն խզված կապը. «Նույնիսկ պետհամալսարանը դեռ այդպիսին չէ: Հետազոտական համալսարանը պետք է ունենա բազային ինստիտուտներ, որտեղ ուսանողները, կրթությանը զուգահեռ, նաեւ կզբաղվեն գիտությամբ: Չի բացառվում, որ համալսարանի կազմի մեջ մտնող ինստիտուտների տնօրենները լինեն նաեւ համապատասխան ամբիոնների եւ ֆակուլտետների ղեկավարներ, կարծում եմ՝ համալսարանը հիմնականում պետք է իրականացնի մագիստրոսական եւ ասպիրանտական ուսուցում: Հետազոտական համալսարաններն ունենում են փորձնական արտադրություններ եւ այլն»: Ս. Հարությունյանը համոզված է, որ գիտությունը կրթությունից չի կարելի անջատել. «Կրթական բարեփոխումներ կատարելիս պիտի նկատի ունենալ նաեւ գիտության բարեփոխումները: Դրանք պիտի համահունչ եւ զուգահեռ ընթանան, հակառակ դեպքում՝ ո՛չ կրեդիտների փոխադարձ ճանաչում կլինի, ո՛չ պահանջարկ-առաջարկ խնդիրը կլուծվի: Ցավոք, այսօր պատրաստում ենք ուսանողներ, չիմանալով՝ ինչի համար»:

Խոսելով գիտության առեւտրայնացման մասին, հիշեցինք, որ պրն Հարությունյանը մի առիթով «Առավոտին» ասել էր՝ երբ որոշ գիտնականների հետ խոսում է գիտության առեւտրայնացումից, նրանց թվում է, թե խոսքը տարրական առեւտրի կամ բիզնեսի մասին է: Այս կապակցությամբ կոմիտեի նախագահն ասաց. «Ցավոք, արդյունաբերողի եւ գիտնականի միջեւ կա վստահության դեֆիցիտ: Արդյունաբերողը մեր գիտական արդյունքներին չի վստահում, քանի որ հայ գիտնականի վարկանիշը ընկած է, սարքավորումները հին են, գիտության վրա առանձնապես լուրջ ուշադրություն չի դարձվել: Մեր խնդիրն է արդյունաբերողին համոզել, որ Հայաստանում կան լուրջ գիտական արդյունքներ, որոնք կարող են կիրառվել այս կամ այն ոլորտում: Անհրաժեշտ է ստեղծել ռիսկային հիմնադրամներ, այսինքն՝ այն ծրագրերը, որոնք ապագայում հնարավոր է ապրանք դարձվեն, համապատասխան փորձաքննությունից հետո հիմնադրամի գումարներով ֆինանսավորվեն այնքան, մինչեւ դառնան ապրանք, հետո փոխանցվեն այս կամ այն ընկերությանը: Բայց ռիսկի մի մասը պետությունն ինքը պիտի վերցնի իր վրա, որպեսզի ծրագիրը վստահելի դառնա»: Ըստ Ս. Հարությունյանի, այս ամենի իրականացումը սկսելուց առաջ նախ համապատասխան փոփոխություններ կկատարվեն «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել