Լրահոս
Օրվա լրահոսը

Իգական սեռի անչափահաս դատապարտյալներ չունենք

Նոյեմբեր 22,2008 00:00

Ըստ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ

Արսեն Բաբայանի, պատճառը նաեւ մենտալիտետն է:

ՌԴ քրեակատարողական հիմնարկներում այսօր շուրջ 14000 անչափահաս կա, նրանց թվում՝ բազմաթիվ աղջիկներ: Ըստ ուսումնասիրությունների, ՌԴ իգական սեռի անչափահաս դատապարտյալների 48,1%-ն անհաջող ընտանիքներից է, 5,6%-ը երկկողմանի ծնողազուրկ է, 4,9%-ի ծնողները զրկված են ծնողական իրավունքներից կամ ազատազրկված են: Անչափահաս հանցագործուհիների 81,7%-ը անապահով ընտանիքներից է: 12-14 տարեկանից շատերն ապրել են սեռական կյանքով, օգտագործել ալկոհոլ եւ թմրանյութեր, հայտնվել քրեականացված խմբավորումներում: Ըստ վիճակագրության, ռուսաստանցի աղջիկների 66,37%-ը ծանր հանցագործությունների համար է դատապարտվում, բացառիկ ցինիզմով բռնություն գործածները 21,46 % են կազմում: Բարեբախտաբար, Հայաստանում պատկերն այլ է:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանից «Առավոտը» հետաքրքրվեց, եթե մեր երկրում չկան իգական սեռի անչափահաս դատապարտյալներ, պատճառը մենտալիտե՞տն է, համապատասխան օրենքի բացակայությո՞ւնը, թե՞ մի ուրիշ բան: «Պատճառները մի քանիսն են, սակայն ո՛չ օրենքի բացակայությունը, քանի որ Քրեական օրենսգիրքը որեւէ ձեւով չի տարբերակում հանցանք կատարած անչափահասի սեռը: Կան առանձնահատկություններ՝ կապված հղի կամ նորածին երեխա ունեցող մայրերի հետ: Քննչական եւ դատական մարմինները նպատակ ունեն ոչ թե պատժել անչափահասներին, այլ դաստիարակել նրանց: Անչափահասների նկատմամբ ազատազրկման ձեւով պատիժ է նշանակվում այն դեպքերում, երբ անհնար է նրանց ուղղել այլ կերպ: Այդ դեպքերից է, օրինակ, երկու եւ ավելի անգամ հանցանք կատարելը (ռեցիդիվ): Պատահական չէ, որ Քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածով սահմանվում է, որ անչափահասի նկատմամբ ազատազրկում կարող է նշանակվել միայն միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար: Այսինքն՝ օրենսդիրը ստեղծել է անչափահասներին դաստիարակելու արդյունավետ միջոցների կիրառման իրական հնարավորություն: Այն իրողությունը, որ Հայաստանում չկան իգական սեռի անչափահաս դատապարտյալներ՝ պայմանավորված է նաեւ ազգային մենտալիտետով: Պրակտիկան ցույց է տալիս, որ հայ անչափահաս աղջիկները կատարում են հանցավոր արարք՝ խիստ ծայրահեղությունից եւ անհրաժեշտ պաշտպանությունից դրդված, իսկ նմանատիպ դեպքերում հիմնականում նրանց նկատմամբ կիրառվում են ազատազրկման հետ չկապված պատժատեսակներ կամ դատապարտվում են ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվում:

Վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» ՔԿՀ-ում պատիժ է կրել իգական սեռի մեկ անչափահաս անձ, որը 14 տարին չլրացած տուժողի նկատմամբ, մի խումբ անձանց հետ, կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ: Դատարանը նրա նկատմամբ նշանակել էր օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, ինչը սահմանված է Քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածով: Նշածս անձը չի ունեցել ընտանիք, չի հաճախել դպրոց, այսինքն՝ չի ստացել որեւէ դաստիարակություն, ինչն էլ իր բացասական ազդեցությունն է թողել վերջինիս բարոյական ընկալումների եւ վարքագծի վրա: Կարելի է փաստել, որ պատիժ կրելու ընթացքում նրա նկատմամբ իրականացված դաստիարակչական, հոգեբանական, ինչպես նաեւ այլ արժեքների ձեւավորմանն ու ամրապնդմանն ուղղված աշխատանքների արդյունքում մեզ հաջողվել է նրան դարձնել հասարակությանը պիտանի անձ, որի արդյունքում նա վաղաժամկետ ազատվել է պատիժը կրելուց: Այստեղից կարելի է եզրակացնել, որ նմանատիպ երեխաների համար երկու տարի անազատության մեջ գտնվելն ավելի դրական է ազդում նրանց դաստիարակմանը, քան նրանց վարած կյանքը ազատության պայմաններում»,- պատասխանեց Ա. Բաբայանը:

Մեր հաջորդ հարցին՝ օրինակ, եթե 13-14 տարեկան աղջիկը քրեորեն պատժելի արարք գործի, ի՞նչ կպատահի նրա հետ, չէ՞ որ նույն տարիքում սայթաքած տղան այս պարագայում հիմնականում ազատազրկվում է, Ա. Բաբայանը պատասխանեց. «ՀՀ քրեական օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, որի 16 տարին լրացել է նախքան հանցանք կատարելը, իսկ նույն հոդվածի 2-րդ կետով թվարկված են այն հանցանքները, որոնց կատարման համար քրեական պատասխանատվության են ենթակա 14 տարին լրացած անձինք: Այսինքն՝ 13 տարեկանում հանցանք կատարած անձը որեւէ դեպքում ենթակա չէ քրեական պատասխանատվության: Իսկ 14 տարին լրացածը, անկախ սեռից, ենթակա է պատասխանատվության՝ միայն որոշ հանցանքներ կատարելու համար, օրինակ՝ սպանություն: Եթե 14 տարին լրացած անձը կատարել է հանցանք, որի համար ենթակա է քրեական պատասխանատվության, ապա նրա նկատմամբ կարող է կիրառվել Քրեական օրենսգրքով սահմանված, տվյալ տարիքում հանցանք կատարած անձի համար նախատեսված պատժատեսակ, որը չի կարող ավելի լինել, քան ազատազրկումը 7 տարի ժամկետով:

Այս դեպքում արարքը անվանել սայթաքում՝ տեղին չէ, քանի որ վերոհիշյալ հոդվածում նախատեսված են այնպիսի արարքներ, որոնք հանրության համար առավել վտանգավոր բնույթ են կրում: Իսկ ինչ վերաբերում է անչափահաս աղջկա կամ տղայի հանցավոր արարքին՝ իր հետեւանքներով, ապա Քրեական օրենսգրքի 6-րդ հոդվածով ամրագրված է, որ հանցանք կատարած անձինք հավասար են օրենքի առջեւ եւ ենթակա քրեական պատասխանատվության՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, ծննդից, գույքային կամ այլ դրությունից»:

Կա՞ որոշակի վիճակագրություն, թե հայ աղջիկները, երբ շեղվում են, հիմնականում ի՞նչ տիպի սայթաքումներ են լինում: Ըստ մեր զրուցակցի, դատապարտված կանանց շրջանում գերակշռում է խարդախության հանցակազմը, իսկ երկրոդ տեղում սպանությունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել