Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ»

Նոյեմբեր 22,2008 00:00

\"\"Նոյեմբերի 18-ին Լոնդոնում իրավապաշտպան «Amnesty international» կազմակերպությունը հանրությանը ներկայացրեց վրաց-ռուսական հակամարտությանը

վերաբերող իր զեկույցը՝ «Քաղաքացիները՝ կրակի գծի վրա»: Նախորդ շաբաթ զեկույցի հեղինակներից ոմանք Հայաստանում էին, եւ Լոուրենս Բրոերսը՝ «Amnesty international»-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրի Հարավային Կովկասի փորձագետը, բացառիկ հարցազրույց տվեց «Առավոտին»:

Զեկույցը, որն իրենից ներկայացնում է ծավալուն մի աշխատություն, որում բերված են բազմաթիվ վկայություններ, տարբեր կողմերի չինովնիկների պարզաբանումներ, քարտեզների, լուսանկարների եւ տարբեր հարցազրույցների ու փաստարկումների միջոցով հանգում է մի եզրակացության՝ պատերազմում մեղավոր են բոլոր կողմերն էլ: Պրն Բրոերսն ասաց, որ իրենց կազմակերպության փորձագետները տարբեր առաքելություններով եղել են հակամարտության գոտում. «Մենք եղանք Հարավային Օսեթիայում՝ Ցխինվալում, Հյուսիսային Օսեթիայում՝ Վլադիկավկազում, փորձեցինք մտնել այսպես կոչված՝ բուֆերային գոտի, բայց մեզ չթողեցին, Գորիում եղանք վրացի բռնագաղթվածների ճամբարում, Թբիլիսիում նույնպես շատ փախստականների հետ զրուցեցինք»: Նա մտահոգված էր այն բանով, որ ինչպես օգոստոսին անձամբ իրեն ռուսական զինված ուժերը չեն թողել մտնի «բուֆերային» գոտի, այնպես էլ աշնանն իրենց մեկ այլ փորձագետի, որն ուզում էր պատկերացում կազմել այդ տարածքում ներկայումս տիրող իրավիճակի մասին, մերժել են մուտք տալ. «Մեզ շատ է անհանգստացնում այնտեղ մնացած բնակչության ճակատագիրը: Մենք չգիտենք, թե ինչ վիճակում են գտնվում մարդիկ, որոնց չի հաջողվել այս կամ այն պատճառով լքել հակամարտության տարածքը: Մեր զեկույցում անդրադառնում ենք դրան, խնդրում ենք կողմերին, որ ազատ ելումուտի թույլտվություն տան ինչպես հումանիտար կազմակերպություններին, այնպես էլ՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին՝ Եվրամիությունից»: Լ. Բրոերսը նկատեց, որ այս զեկույցում իրենք նախեւառաջ առաջնորդվում էին նրանով, թե կողմերից յուրաքանչյուրն ինչ կերպ է խախտել միջազգային օրենսդրությունը, մարդու իրավունքները, եւ ներկայումս որքանով են կողմերն իրականացնում իրենց պարտավորությունները, որ ստանձնել են միջազգային օրենսդրությամբ եւ տարբեր կոնվենցիաների տակ ստորագրելով: «Դրանցից ամենագլխավորը խաղաղ բնակչության պաշտպանությունն է, քաղաքացիների պաշտպանությունը բռնություններից: Մենք ունենք վկայություններ այն մասին, որ բոլոր կողմերն էլ հարձակվել են խաղաղ բնակչության վրա կամ գոնե բավարար միջոցներ չեն ձեռնարկել նրանց պաշտպանելու համար: Օրինակ, երբ վրացական կողմը հարձակվել է Ցխինվալի վրա, նրանք «Գրադ» են օգտագործել: Մենք այնտեղ տեսանք, որ այն տարածքում, որտեղ խիտ բնակեցված է խաղաղ բնակչությունը, բազմաթիվ ավերված շենքեր կան. դա նշանակում է, որ վրացական զինված ուժերը խտրականություն չեն դրել, չէ՞ որ «Գրադը» հստակ թիրախ չի ընդունում, ընկնում է ուր պատահի, եւ անհնար է խուսափել զոհերից: Ռուսական զորքերը, մեր տպավորությամբ, միայն վրացական ռազմական օբյեկտների վրա էին հարձակվել, սակայն մեր զրույցների ժամանակ շատ վկայություններ եղան, որ նրանք ինքնաթիռներից ռմբահարում էին ոչ միայն այդ օբյեկտները, այլեւ բռնագաղթող բնակչությանը: Երկու կողմն էլ օգտագործել է կասեթային ռումբեր, որոնք շատ վտանգավոր են, քանի որ նրանց մեջ կան բազմաթիվ մանր ռումբիկներ, որոնք հետագայում կարող են պայթել խաղաղ ժամանակ: Ցավոք սրտի, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Վրաստանը չեն միացել կասեթային ռումբերի մորատորիումի հռչակագրին: Մենք ուզում ենք, որ նրանք միանան այդ մորատորիումին: Վրաց իշխանություններն արդեն խոստովանել են, որ օգտագործել են այդ զենքը, թեեւ ասում են, որ միայն ռուսական ռազմաբազաների վրա են գցել եւ ոչ՝ բնակելի գոտում, իսկ ռուսները նույնիսկ չեն խոստովանում, որ օգտագործել են, թեեւ մենք ունենք հաստատ վկայություններ: Մեր հաջորդ լուրջ մտահոգությունը օսեթ աշխարհազորայիններն են. դրանք զինված խմբեր են, որոնք թաքնվում են խաղաղ բնակչության շրջանում, եւ շատ դժվար է նրանց ճանաչել, ու դրանով իսկ դառնում են շատ վտանգավոր: Ակնհայտ է, որ նրանք «լոյալ» էին տրամադրված Հարավային Օսեթիայի «դե ֆակտո» իշխանությունների հանդեպ եւ գործում էին այն տարածքներում, որոնք այդ ժամանակաշրջանում գտնվում էին ռուսական զորքերի վերահսկողության տակ: Դա նշանակում է, որ այդտեղ ռուսական զորքերը օկուպանտի դերում էին, քանի որ վերահսկում էին ՌԴ սահմաններից դուրս գտնվող տարածք: Նշանակում է, իրենց պարտականությունն էր՝ ապահովել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների խաղաղ բնակչության անվտանգությունը եւ կանխարգելել այդ գրոհայինների անօրինական գործողությունները: Սակայն նրանք դա չէին անում, ուղղակի նայում էին, թե ինչպես են այդ գրոհայինները մտնում վրացական այն գյուղերը, որոնք գտնվում էին Դմիտրի Սանակոեւի պրո-վրացական ադմինիստրացիայի ներքո եւ ավերում այնտեղ ամեն ինչ: Այդ իսկ պատճառով մենք հարավ-օսեթական իշխանություններին մեր զեկույցում կոչ ենք անում պատասխանատվություն վերցնել այդ գրոհայինների գործողությունների հետաքննությունն անցկացնելու: Եվ վերջապես մի կարեւոր խնդիր, որն ուզում եմ առանձնացնել. դա բռնի տեղահանվածների հարցն է: Կոնֆլիկտի ժամանակ ավելի քան 192 հազար մարդ՝ երկու կողմերից, հարկադրված էր լքել իրենց բնակավայրերը: Զինված բախման ավարտից հետո նրանց մեծամասնությունը վերադարձավ իր տները, սակայն մեր տվյալներով՝ այսօր Հյուսիսային Օսեթիայում են մնացել մոտ 6000 եւ Վրաստանում՝ մոտ 24000 հարկադիր տեղահանվածներ: Դրանք մարդիկ են, ում տներն ավերված են, այլեւս չկան, եւ այս պարագայում նրանց վերադարձի իրավունքը չի կարող իրականացվել»: Մեր դիտարկմանը, որ զեկույցում երկու կողմերն էլ հավասարազոր մեղավոր են ներկայացվել, ի՞նչ է դա՝ հավասարակշռելու քաղաքականությո՞ւն, թե՞ իսկապես երկու կողմն էլ մեղավոր էր հավասարաչափ, պարոն Բրոերսը պատասխանեց. «Մենք նպատակ չունեինք չափելու կողմերի մեղավորության աստիճանը, մեր նպատակն էր վերհանել յուրաքանչյուր կողմի իրավախախտումները: Երկու կողմն էլ թույլ է տվել օրինախախտումներ, եւ մենք չէինք կարող արդարացնել մեկին, մեղադրել մյուսին, մենք հստակ նշել ենք բոլոր խախտումները»: Իսկ այն հարցին, թե զեկույցում բազմաթիվ երաշխավորություններ (recommendations) եք ներկայացրել կողմերին, դրանցից ո՞րն եք հատկապես կարեւորում պարոն Բրոերսը պատասխանեց. «Մենք առաջին հերթին այդ երաշխավորություններում շեշտը դնում ենք անկախ հետաքննության վրա: Երկու կողմն էլ պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի հետաքննելու պատերազմի ժամանակ կատարված օրինախախտումները եւ պատժի մեղավորներին: Հասկանալով, որ կողմերը չափազանց քաղաքականացված են, մենք առաջարկում ենք, որ միջազգային հանրության ներկայացուցիչները, ասենք՝ Միջազգային մարդասիրական փաստահավաք հանձնաժողովը, նույնպես մասնակցի այդ հետաքննությանը: Պնդում ենք, որ ապահովվի վերադարձի իրավունքը՝ առանց խտրականության, ովքեր ուզում են, պետք է վերադառնան իրենց բնակավայրերը, իսկ նրանք, ովքեր չեն կարող կամ չեն ուզում վերադառնալ, պետք է ապահովվեն վայելուչ կացարաններով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել